Սելիդովո-Գորնյակում որոշվում է ուկրաինական պատերազմի ապագան (Քարտեզներ)
Վերլուծություն
Ուկրաինական ռազմաճակատներում, ինչ խոսք, այս պահին ամենաթեժ հատվածը Սելիդովո-Գորնյակ գոտին է (Քարտեզում): Ռազմավարական իմաստը հետեւյալն է. գրավելով Սելիդովո-Գորնյակ գոտին, ռուսական ուժերը դուրս են գալիս թույլ պաշտպանված օպերատիվ տիրույթ միանգամից բոլոր ուղղություններով: Դեպի հարավ` Կուրախովոյի, ապա նաեւ ողջ հարավային ճակատի թիկունք: Դեպի հյուսիս-արեւելք` Պոկրովսկի թիկունք եւ ելք Դնեպրոպետրովսկի մարզ, որտեղ եւս ուկրաինական կողմը գրեթե պաշտպանություն չունի: Դեպի հյուսիս` արեւելյան Դոնբասի, ապա նաեւ Խարկովի ճակատների թիկունքային հատված, եւ էլի թույլ պաշտպանված:
Ինչպես Սելիդովոյում, այնպես էլ Գորնյակում ուկրաինական ուժերի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է:
Սելիդովոյում ռուսական ուժերն ամուր փակել են Վիշնյովոյեի ճանապարհը: Վերջին ուղին, որը Սելիդովո մուտք ու ելքի հնարավորություն է տալիս, Պոկրովսկից եկող М-30 հիմնական մայրուղին է, որի ուղղությամբ էլ գրոհում են ռուսական ուժերը, եւ ներկա պահին արդեն մոտ 500-1000 մետրի վրա են: Ճանապարհը ռուսական կրակի գոտում է, եւ ամեն պահ հնարավոր է նաեւ ֆիզիկական գարվումը, որը Սելիդովոյի համար նշանակում է ամբողջական շրջապատում: Գումարած, քաղաքի ցրա ռուսները գրոհում են հյուսիսից, հարավից եւ արեւելքից:
Գորնյակի մոտ 60 տոկոսն արդեն ռուսական վերահսկողության տակ է: Սակայն երկու հանգուցային կետ դեռ ուկրաինական ուժերի ձեռքին է: Քաղաքից արեւմուտք գտնվող թիվ 42 հանքավայրը եւ դրան հարակից հարստացուցիչ ֆաբրիկան, որոնց թափոնների կույտերը տարածքում գերիշխող դիրք ունեն: Այդ կետերը գրավելու դեպքում գործնականում ռուսների ձեռքը կանցնի ոչ միայն Գորնյակը, այլ նաեւ հարակից Կուրախովկան` ընդհուպ մինչեւ Կուրախովոյի ջրամբար:
Այս խնդիրները ռուսական բանակի համար կարճաժամկետ հատվածում միանգամայն լուծելի հարցեր են, որից հետո կունենանք ուկրաինական պատերազմի միանգամայն այլ ֆոն` ոչ ուկրաինական կողմի օգտին:




