Անկարան նայում է ոչ թե Նիկոլի ջերմեռանդությանը, այլ, որ չբախվի Մոսկվայի հետ
Վերլուծություն
Թերեւս, այնքան էլ տեղին չէ կարծիքը, թե Նիկոլն իր վերջին ասուլիսում, բացի իր արդարացմանն ուղղված տարաբնույթ եւ ավելի շատ հակառակ էֆեկտն առաջացրած մտքերից, որեւէ այլ կարեւոր բան չխոսեց: Ընդհակառակը, որոշ պարզ ակնարկներ նրա կողմից եղան, որոնք հերթական անգամ շատ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:
Խոսքը` մասնավորապես Նիկոլի երկարաշունչ ճառի այն հատվածի մասին է, որով նա փորձում է օրակարգից հանել Արեւմտյան Հայաստան տերմինը: Հիշեցնենք, նա նման միտք հնչեցրեց. «Հիմա մենք ինչքան նեղվում ենք, ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք «Արեւմտյան Հայաստան», չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում ա։ Ոնց ասում են «Արեւմտյան Ադրբեջան», մեզ ա գրգռում, նենց էլ ոնց ասում ենք «Արեւմտյան Հայաստան», ուրիշներին ա գրգռում։ Հիմա էլի ասելու են՝ ա՜, հերթական դավաճանությունը, էս ստոր տականքությունը…»:
Մեկ բանում Նիկոլն այստեղ ճիշտ է՝ այո´, ասելու ենք՝ հերթական դավաճանությունը: Բայց այս դեպքում հերթական ասվածը մեզ չի վերաբերում. Նիկոլը մեզ դավաճանել է մեկ անգամ՝ 2018թ.-ից սկսած, եւ այն նույն շղթայով մինչ օրս շարունակվում է: Իսկ այս դեպքում Նիկոլը դավաճանում է բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. եթե չպետք է ասենք «Արեւմտյան Հայաստան», ինչ է, թե դա Անկարային «գրգռում է», նշանակում է՝ «չկա» նաեւ Ցեղասպանությունը:
Բայց հարցին այլ կողմից մոտենանք. տեսնես, ըստ Նիկոլի, իրականում այդ ո՞ւմ է «գրգռում» Արեւմտյան Հայաստան եզրույթը: Եթե նա դա համեմատության մեջ է դնում Բաքվի «Արեւմտյան Ադրբեջան» տերմինի հետ, նշանակում է՝ Բաքվի՞ն: Բայց Բաքուն այդ ի՞նչ գործ ունի, թե հայերն ասո՞ւմ են Արեւմտյան Հայաստան, թե՝ ոչ: Արեւմտյան Հայաստան տերմինը հայերն օգտագործել են դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ, ապա նաեւ մինչեւ Նիկոլի իշխանության գալը, եւ այդ ընթացքում ազերիներն առանձնապես չէին «գրգռվում»: Ու եթե հիմա «գրգռվում» են, ապա իր խոսքի նման ենթատեքստով Նիկոլը հերթական անգամ մեկ բան է խոստովանում՝ իր իշխանության ժամանակահատվածում Հայաստանը սուր հակամարտության մեջ է ոչ թե միայն Ադրբեջանի, այլ` թուրք-ազերիական տանդեմի հետ: Չէ, մինչեւ Նիկոլն էլ էր փաստացի նման վիճակ: Պարզապես այն ժամանակ Հայաստանը հզոր դաշնակից ուներ, եւ թուրք-ազերիական տանդեմը, այսինքն՝ դրա Թուրքիա բաղադրիչը խուսափում էր Հայաստանի հանդեպ Ադրբեջանի հետ համատեղ հակամարտությունում իր դերն առաջին պլան հանել, Բաքուն էլ գերադասում էր առանձնապես «չգրգռվել» մասնավորապես Արեւմտյան Հայաստան եզրույթից: Եկավ Նիկոլը, արհեստածին պատճառաբանություններով մի կողմ մղեց Հայաստանի դաշնակցին, եւ հիմա արդեն Բաքուն նախապայմաններ է դարձնում նաեւ թուրքական թեմատիկան: Նիկոլն էլ կսկսի կամաց-կամաց այն միտքն առաջ տանել, թե հո պատերազմ չե՞նք սկսի մի «հասարակ» Արեւմտյան Հայաստանի կամ Ցեղասպանության համար:
Կարճ ասած, Նիկոլը, այսպես ասենք, հերթական անգամ ի ցույց դրեց, թե ինչպես է կառուցում ոչ թե իր քաղաքականությունը, այլ, առհասարակ, վերաձեւում Հայաստանի անկախության հիմք դարձած կարեւորագույն գաղափարները՝ թուրք-ազերիների «գրգռվել»-«չգրգռվելու» սկզբունքով, այլ ոչ թե մեր պետության իրական շահն ինչ է պահանջում: Թերեւս, դրանով հերթական անգամ ենթատեքստում ցույց տալով, թե ինչու է արդի Հայաստանի հիմք դարձած Անկախության հռչակագիրն ատում այնքան, եթե ոչ ավելի շատ, որքան Ալիեւն ու Էրդողանը:
Բայց ահա, այս իրավիճակում նորից որոշ փաստերի մասին հիշեցրեց Մոսկվան, այս անգամ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նախ, որ գոնե տնտեսական դաշտում հայ-ռուսական հարաբերությունները դեռ պահում են աճի լուրջ դինամիկա. «Եթե խոսենք կոնկրետ թվերի մասին, ապա արդեն 2024թ. առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գերազանցել է 8,3 մլրդ դոլարը՝ անցած տարվա 7,4 մլրդ դոլարի փոխարեն։ Ակնկալում ենք պահպանել տեմպերը եւ դուրս գալ ռեկորդային՝ 14-16 մլրդ դոլարի մակարդակի»: Սա անհամեմատելի է նիկոլյան խունտայի կողմից այդքան սիրված Արեւմուտքի հետ ապրանքաշրջանառության համեմատ, եւ եթե ռուսական այդ գործոնը դուրս գա հայաստանյան տնտեսությունից, երկրի պայթյունը օրերի, եթե ոչ ժամերի հարց կդառնա:
Հաջորդ մեսիջը, որ եկավ ՌԴ դեսպանից, այս է. «Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով»:
Վերջապես, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության շուտափույթ հաստատմամբ. «Ռուսաստանը միշտ պատրաստ է մեր հայ եւ ադրբեջանցի գործընկերներին աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետեւելով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն եւ տառին»:
Այն, որ այս երեք բաղադրիչը գործում է համատեղ, դա, իհարկե, լավ հասկանում է նաեւ Նիկոլը: Ավելի կոնկրետ, սա հերթական ակնարկն է Մոսկվայից՝ կողմնորոշվել այս ուղղությամբ, որի այլընտրանքը ներկա պահին մնացել է թուրք-ազերիական ուղղությունը: Ու դատելով Արեւմտյան Հայաստանի մասին Նիկոլի ճառերից, շարունակում է հիմնական մնալ այն տեսակետը, որ նրա համար «հոգեհարազատը» թուրքական վիլայեթի տարբերակն է:
Չնայած, Հայաստանի վիլայեթացման համար Անկարան նայում է ոչ թե Նիկոլի խոսքերին՝ դրանով «գրգռվելով» կամ «չգրգռվելով», այլ որ այդ հարցում սուր հակասության մեջ է մտնելու Մոսկվայի հետ: