Դուդային ուղարկել են Մակրոնին փոխարինելո՞ւ
Վերլուծություն
Լեհաստանի նախագահ եւ համատեղության կարգով արեւմտյան առանցքային ռուսատյացներից ուլտրալիբերալներից մեկը հանդիսացող Անջեյ Դուդայի պաշտոնական այցը Հայաստան, իհարկե, հարցերի տեղիք տալիս է: Եվ առաջին հերթին, թե ո՞րն էր այս խառը ժամանակներում նման այցի իմաստը: Հաշվի առնելով, որ արդեն մոտ 15 տարի եւ ոչ մի լեհ նախագահ Հայաստան չի այցելել, եւ դա հասկանալի տրամաբանություն ունի՝ կապված երկու երկրների քաղաքական հարաբերությունների ցածր մակարդակի հետ: Դա էլ իր հերթին ունի տրամաբանական հիմք՝ համատեղ շահերի բացակայությունը:
ԻՆՉՈՒ Է ԵԿԵԼ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Իհարկե, կարելի է մտածել, թե Դուդան Հայաստան է եկել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար: Բայց ի՞նչ հիմքի, ի՞նչ շահերի վրա՝ այդ հարցի պատասխանն առնվազն տեսանելի չէ: Ու մյուս կողմից, կարելի է նաեւ ենթադրել, թե Դուդան Հայաստանում է ոչ այնքան, որպես Լեհաստանի նախագահ, այլ այդ դերում, որպես Եվրոպայի ներկայացուցիչ: Այս տարբերակն ավելի խելամիտ տեսք ունի, թեեւ այս դեպքում էլ հարցեր կան. հայաստանյան ուղղությամբ եվրոպական, ավելին՝ արեւմտյան կուրատորի ֆունկցիան Մակրոնն էր իրականացնում: Ինչ որ պահերի էլ Շոլցն էր մեյդանում հայտնվում, բայց դրանում ավելի շատ քաղաքական ինչ-ինչ դիվիդենտների տողատակային իմաստ կար: Ու հիմա, եթե Դուդան է ԵՄ-ի անունից Հայաստանում, պետք է մտածել, թե նա Մակրոնի պատվիրակի դերո՞ւմ է, թե՞ Արեւմուտքում ինչ-որ բան է փոխվել, եւ Դուդան Հայաստան է եկել Մակրոնին շրջանցելով:
Այս վերջին հարցին դեռ կհասնենք: Մինչ այդ, նկատենք՝ այն պաշտոնական պատճառաբանությունը, որը լեհական կողմը դրեց այս այցի հիմքում, իր հերթին է ակնարկում, որ Դուդան Հայաստանում է ոչ այնքան Լեհաստանի նախագահի, որքան Եվրոպայի ներկայացուցչի դերով: Այսպես, Լեհաստանի նախագահի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մեսկո Պավլակը հայտարարեց, որ հայաստանյան բանակցությունների հիմնական թեմաներից մեկը տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացն է: Ավելին, Պավլակը մանրամասնեց, որ երկու շաբաթ առաջ Դուդան Բաքվում էր՝ COP29 համաժողովի հետ կապված, հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ եւ քննարկել նաեւ հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը եւ խաղաղության գործընթացը։ «Այժմ հայկական կողմի հետ խոսելու ժամանակն է»,- ասել է նախարարը:
Սրանից զատ, Պավլակը այցի հետ կապված այլ ակնարկներ եւս հնչեցրեց. «ԵՄ ընդլայնումը Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից է»: Ու քանի որ հունվարից Լեհաստանն է նախագահելու ԵՄ Խորհուրդը, իսկ Հայաստանը վերջին տարիներին շատ ավելի բաց է դարձել Արեւմուտքի եւ ԵՄ-ի հետ համագործակցության համար, ուստի՝ «Լեհաստանի նախագահությունը կամրապնդի այդ միտումը»:
Վերջապես, այսօր Դուդան կայցելի Երասխ՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը, որը եւս ուշագրավ ակնարկ է այս այցի շարժառիթների մասին:
Կարճ ասած, լեհական կողմը մատնանշում է այցի առնվազն երեք հիմնական պատճառ, եւ այդ երեքն էլ Հայաստան-ԵՄ դաշտում են, այլ ոչ թե հայ-լեհական: Սակայն այս երեք դետալներն էլ ոչ թե հարցերի պատասխաններ չեն տալիս, այլ միայն նոր հարցեր են առաջ քաշում: Ու «ամենատարօրինակը». ի՞նչ է ստացվում, Դուդան սկսել է զբաղվել հայ-ադրբեջանական գործընթացո՞վ: Բայց Լեհաստանը, որի նախագահը մոտ 15 տարի այս կողմերում անգամ չի երեւացել, երբեւէ որեւէ կերպ չի ներգրավվել հայ-ադրբեջանական գործընթացների մեջ, հիմա այդ ինչո՞ւ որոշեց միջնորդ դառնալ, այն էլ՝ Մակրոնի փոխարեն: Բայց նաեւ այս նյուանսը հաշվի առնենք. այն, որ Մակրոնի միջնորդական առաքելությունը, որը նա իրականացնում էր անձամբ կամ Շառլ Միշելի միջոցով ձախողվեց, դա հայտնի փաստ է: Մեծ ծրագրի իմաստն էր Ղարաբաղն Ադրբեջանին տալու միջոցով հասնել հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի», որի ենթատեքստներից մեկն էլ ռուսներին տարածաշրջանից հեռացնելն էր: Սակայն «խաղաղության պայմանագիր» արեւմտյան մոդելով այդպես էլ չկնքվեց, ավելին՝ Ալիեւը մերժել է արեւմտյան հարթակում ամեն մի բանակցություն, եւ երբ Մակրոնը փորձեց ինչ-ինչ ճնշումների գնալ, Ալիեւը գնաց նաեւ Ֆրանսիայի հետ հարաբերությունների ծայրահեղ վատթարացման: Կարճ ասած, որպես միջնորդ, Մակրոնը, կրկնենք, ամեն ինչ ձախողեց: Ու հիմա այն տպավորությունն է, որ Դուդային փորձում են նշանակել` որպես Մակրոնին փոխարինող: Եթե ոչ հայաստանյան ուղղությամբ կուրատորության, այլ գոնե հայ-ադրբեջանական թեմատիկայով:
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ
Այն, որ Արեւմուտքը ներկա իրավիճակում պետք է ամեն ինչ ձախողած Մակրոնի փոխարեն ինչ-որ մեկի վրա դներ հայ-ադրբեջանական թեմատիկան, իհարկե, սպասելի էր: Ամեն դեպքում, Բրյուսելի փոխարեն ռուսական տարածքում՝ Կազանում տեղի ունեցավ Նիկոլի ու Ալիեւի հանդիպումը, դրա հիման վրա երկու կողմերն էլ հայտարարեցին «խաղաղության պայմանգրի» հետ կապված վերջին կետերի շուրջ ընդհանրական պայմանավորվածությունների մասին՝ թեման տեղափոխելով դետալային հստակեցման դաշտ: Այսինքն, կարող է գործընթացը հանկարծ ավարտվել հենց նման նոտայով, որը Արեւմուտքին պարզապես դնում է խաղից դուրս վիճակում: Իսկ սա ահազանգ էր, որ պետք է հիմնական խաղավարին՝ Մակրոնին փոխել:
Ճիշտ է, դեռ կան «շպիոն» դիտորդները, սակայն այստեղ էլ Արեւմուտքի համար կարող են անսպասելի զարգացումներ լինել: Գալիք տարեսկզբին լրանում է այդ դիտորդական առաքելություն կոչվածի գործունեության ժամկետը: Այսինքն, պետք է կա´մ ժամկետն առանձին որոշմամբ երկարացնել, կա´մ միջնորդները մեխանիկորեն կհեռանան: Դեռ ամիսներ առաջ կային որոշակի ազդակներ, որ Նիկոլը եվրաշպիոնների ժամկետը երկարացնելու հարցում դեմ գնա: Իսկ նրա վերջին հայտարարությունը պետք է որ Եվրոպայի եղած մտավախությունները բազմապատկի: Հիշեցնենք, որ Նիկոլը նման կարծիք հայտնեց. «Այն սահմանը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես»: Ճիշտ է, Նիկոլը դա հրամցրեց Ալիեւին արած առաջարկի տեսքով, բայց դա «հոնքը շտկելու փոխարեն` աչքը հանեց»: Այսինքն, այդկերպ Նիկոլը ցույց տվեց, որ դիտորդների թեման իր եւ Ալիեւի քննարկման օբյեկտ է, այսինքն, թեմա է մի դաշտում, որի վրա Եվրոպան ազդեցությունը կորցրել է: Նաեւ, մի բանում Նիկոլը ճիշտ է. եթե կա սահմանազատում, ի՞նչ դիտորդ: Կամ այսպես. եթե արվել է սահմանազատում, եւ կա դիտորդի կարիք, այսինքն` մտավախություն, որ սահմանազատված հատվածում անգամ ազերիները կարող են մեծ կամ փոքր սադրանքների գնալ, ուրեմն Նիկոլը ստիպված է լինելու ծանր հարցի պատասխանել. բա այդ ինչո՞ւ է սահմանազատում արել, դրանով Հայաստանն ի՞նչ է ստացել: Հաշվի առնելով Նիկոլի բացատրությունը, թե՝ սահմանազատումով ամրացնում է խաղաղությունը, լիովին օրակարգից դուրս կգա:
Կարճ ասած, Արեւմուտքի համար աստիճանաբար հասունանում է մի իրավիճակ, երբ հարցականի տակ է դրվում նաեւ տարածաշրջանում խաղի մեջ պահող քիչ թե շատ ռեալ վերջին գործիքը՝ «շպիոն» դիտորդների ինստիտուտը, որը, ի դեպ, բացի հայ-ադրբեջանական սահմանից, նաեւ այլ չգովազդվող գործառույթներ ունի: Եվ այն, որ Դուդան որոշել է անձամբ դիտորդների հետ այսօր «պարեկություն» անել, դա էլ իր հերթին է ակնարկում այն մտահոգության մասին, որը կա արեւմտյան հարթակում: Համենայնդեպս, դրանով փորձում են ավելորդ անգամ Նիկոլին, միգուցե՝ Ալիեւին ցույց տալ, թե այս դիրքը Արեւմուտքը համառորեն կպահի: Թեկուզեւ Նիկոլին ինչ-որ նորացված եվրաերազանքներ խոստանալով:
ԻՍԿ ԹՐԱՄՓՆ Ի՞ՆՉ ԿԱՍԻ
Չնայած մյուս կողմից դեռ փաստ չէ, որ Նիկոլն իրոք ուզում է դիտորդների դուրսբերումը: Դատելով նրա հիշատակած խոսքից` այդ դիտորդները նրա համար նաեւ խաղաթուղթ են Ալիեւի հետ շփումներում, եւ նրանց հեռանալը Նիկոլին կզրկի այդ թեեւ շատ թույլ, բայց վերջին խաղաթղթերից մեկից եւս: Մինչդեռ եվրոպական ուլտրալիբերաստները որքան էլ որ փորձում են շարունակել հարավկովկասյան խաղը, սակայն նրանք էլ հարցականների պակաս չունեն: Համենայնդեպս, պատահական չէր, որ օրերս ՀՀ-ում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսնը հայտարարեց, որ Եվրոպայում դիտորդների հետ կապված դեռ վերջնական որոշում չկա:
Այսինքն, չմոռանանք, որ գալիք հունվարին Սպիտակ տուն է մտնում Թրամփը, եւ թե նա հարավկովկասյան ուղղությամբ ինչ կուրս կվերցնի կամ որեւէ կուրս կվերցնի՞, դժվար է պատկերացնել, թեեւ նա հասցրել է խոսել Նիկոլի հետ, նախօրեին էլ՝ Ալիեւի: Մեկ բան հաստատ է՝ Թրամփի այդ որոշումը մեծապես կախված է նրանից, թե ինչ հարաբերություններ կկարողանա ստեղծել Մոսկվայի հետ, որը բավականին ժամանակ պահանջող հարց է: Այսինքն, ամենահավանական տարբերակն է, որ այդ ողջ ժամանակահատվածում չի հստակեցվի նաեւ հարավկովկասյան ուղղությամբ ամերիկյան ապագա քաղաքականությունը:
Մյուս կողմից, այդ իրավիճակի հետ կապված նաեւ Եվրոպայում է սկսվել ավելի շատ ցունամիի նմանվող փուլ: Քանի դեռ Բայդենն աթոռին է, որոշակի խաղեր կարողանում են շարունակել: Սակայն Բայդենի հեռանալուն մնացել է մի վեց շաբաթի չափ ժամանակ, որը միգուցե բավարար է Երրորդ համաշխարհային պատերազմ սարքելու, սակայն միանգամայն անբավարար է ռեալ քաղաքական գործընթացներ կառուցելու համար: Առավել եւս, երբ խոսքը ոչ ամենաառաջնային ուղղություններից մեկի՝ Հարավային Կովկասի մասին է: Այսինքն, միգուցե այս ժամանակում ընդունվի եվրաշպիոնների մանդատը երկարացնելու որոշում: Բայց դա ի՞նչ կտա, եթե վաղը Թրամփն անցնի պաշտոնի եւ, ասենք, որոշի, որ հարավկովկասյան հարթակն իրեն առանձնապես չի հետաքրքրում, այն էլ՝ Ռուսաստանի դեմ պոտենցիալ երկրորդ ճակատի ֆունկցիայով:
Ու նույնը կարելի է ընդհանրական իմաստով ասել Դուդայի այս այցի մասին: Ուզում է հայ-ադրբեջանական թեմայով միջնո՞րդ դառնալ: Բայց ի՞նչ միջնորդ, երբ կողմերը հայտարարել են ուղիղ բանակցությունների եւ ֆինիշային փուլ դուրս գալու մասին: Այսինքն, եթե Դուդայի ներկայացուցիչ Պավլակը խոսում է հայ-ադրբեջանական թեմայով Հայաստանում բանակցությունների մասին, պարզ հարց՝ որ ի՞նչ, կոնկրետ ինչի՞ մասին: Առավել եւս, որ Ալիեւն առհասարակ հրաժարվել է «խաղաղության պայմանագրի» թեման արեւմտյան միջնորդությամբ քննարկելուց, լինի այդ Արեւմուտքը Մակրոնի, թե Դուդայի դեմքով, դրանից բան չի փոխվում: