ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՈՐՔԱՆՈ՞Վ ԿԽԱՆԳԱՐԻ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆԻՆ
Վերլուծություն
Իհարկե` հասկանալի է, որ Սիրիայի շուրջ լարվածության այս հիմնական ալիքը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=299337&l=am) մեկ գլխավոր պատճառ ունի՝ ռուսների ուշադրությունն առավելագույնս շեղել Ուկրաինայից, քանի դեռ այստեղ ռազմական առումով չի ստեղծվել մի այնպիսի վիճակ, որ Թրամփին այլ տարբերակ չմնա, քան բոլոր հարցերում Մոսկվայի հետ լեզու գտնելու տարբերակը: Ամեն դեպքում, ներկա պահին ուկրաինական ճակատներում ստեղծված իրողությունները, իհարկե, արեւմտյան լիբերաստներին նման լուրջ մտահոգությունների տեղիք տալիս են:
Թե ինչ իրողություն է Ուկրաինայում, այս պահին հասկանում են անգամ բանակից հեռու գտնվողները: Թեեւ ռուսները հարձակվում են գործնականում ողջ ճակատով մեկ, սակայն հիմնական ծանրության կենտրոնը շարունակում է մնալ հարավային գոտին: Կիեւը թեեւ շարունակում է հույսեր կապել Կուրսկի հետ՝ այն ապագա բանակցային թեմա դարձնելու համար, սակայն մեծ հարց է՝ ռուսներն իրականում ուզո՞ւմ են այս պահին այդ գոտին ազատագրել: Կուրսկը սպունգի պես ներծծել եւ ներծծում է ուկրաինական բոլոր հիմնական ռեսուրսները, եւ քաղաքական իմաստով Զելենսկին պարզապես այդ թակարդից դուրս գալու իմաստ ունի: Արդյունքում, ռուսներն էլ ավելի ազատ են գործում այլ հատվածներում:
Եվ ահա՝ հարավային ուղղությամբ այս պահին նման իրողություններ են: Ռուսները վերջին ամիսներին գրավել են մի շարք հանգուցային գոտիներ: Այս պահին գրեթե գրավված է եւս մեկ նման հատված՝ Կուրախովո քաղաքն իր պաշտպանական մեծ տիրույթով հանդեձ (այստեղ ուկրաինական ուժերի խոշոր շրջապատումները հաջորդում են իրար): Միաժամանակ գրեթե գրավել են նաեւ հարավային ճակատի համար ստրատեգիական նշանակության եւս մեկ կետ՝ Վելիկայա Նովոսյոլովկայի տիրույթը: Հանրագումարում, ինչպես նաեւ ուկրաինական եւ արեւմտյան աղբյուրներն են պարզ հասկանում, ռուսների հիմնական թիրախն արդեն կարեւորագույն նշանակության Պոկրովսկն է, որը կորցնելով, Կիեւը կզրկվի ողջ հարավային Դոնբասից: Ավելին, դա ռուսների համար ճանապարհ է բացում դեպի հյուսիսդոնբասյան ճակատներ, ընդհուպ՝ Խարկով եւ ուկրաինական խորը թիկունքներ: Եվ ահա ռուսները հաջողությամբ խորը շրջանցում են իրականացնում դեպի Պեկրովսկի թիկունք, (քարտեզում), ընդ որում, դուրս գալով Դնեպրոպետրովսկի մարզ, որը գործնականում զուրկ է պաշտպանական համակարգերից: Միաժամանակ Վելիկայա Նովոսյոլովկան գրավելով, ռուսները ազատ տարածքներ են ստանում նորից Դնեպրոպետրովսկի մարզի հարավային գոտի, այստեղից էլ՝ Զապորոժիեի ճակատի խորը թիկունք դուրս գալու համար:
Կարճ ասած, չափազանց մեծ է դարձել վտանգը, որ ռուսները կարող են դեռ նույնիսկ մինչեւ Թրամփի պաշտոնավարումը գրավել Պոկրովսկը՝ մի քանի ուղղությամբ հարվածն ուղղելով դեպի Դնեպր՝ Զապորոժիե եւ Դնեպրոպետրովսկ մարզկենտրոնների ուղղությամբ: Ընդ որում, այն մաշվածությունը, որը շարունակում է կրել ուկրաինական բանակն այս օպերացիաներում, նաեւ հարցականի տակ է դնում հարցը, թե Զապորոժիե-Դնեպրոպետրովսկ ուղղությամբ Կիեւը գոնե մինիմալ պաշտպանական հնարավորություններ կունենա՞: Հաշվի առնելով նաեւ այն, որ Բայդենը թեեւ այս փուլում մի գլուխ հայտարարում է նորանոր մասշտաբային ռազմական բեռներ ուղարկելու մասին, բայց եթե ուկրաինական բանակում հիմնականում մնում են բռնի զորակոչվածները, մեծ հարց է, թե արեւմտյան այդ տեխնոլոգիաները ի՞նչ չափով կարող են օգտագործել, մարդ ունե՞ն: Նաեւ, այդ հարցում որեւէ լուծում չի կարող դառնալ Ռուսաստանի խորքերին հարվածելու տեխնոլոգիաները:
Ահա, մոտավորապես նման իրավիճակում էլ Թրամփը կարող է ստանձնել նախագահական պաշտոնը: Հենց սա էլ, իհարկե, պատճառներից մեկն է, որ Արեւմուտքն այս պահին համառորեն առաջ է տանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի սցենարը, որը Սիրիայում հաջողվեց կյանքի կոչել: Բայց որքանո՞վ դա կխանգարի ռուսներին ուկրաինական ուղղությամբ: Եթե Իրանը ողջ ծավալով մտնի խաղի մեջ, այլ հարց է: Եթե ոչ, կլինի այլ պատկեր: Շատ բան էլ կախված է վրացական գործընթացներից: Մի խոսքով, դեռ շատ ծանր մեկուկես ամիս է առջեւում: