ՄԵԾ ԿՌԻՎ՝ ՀԱՆՈՒՆ «ԼԵՎԻ» 100 ԴՐԱՄԱՆՈՑՆԵՐԻ
Հասարակություն
Ավտոբուսի վարորդների երեկվա գործադուլն ու դրան հաջորդած քաղաքապետարանի ռեակցիան գոնե մեկ բանի մասին հերթական անգամ ակնարկեցին: Այն է, եթե ժամանակին վարորդների ձեռքով էր հիմնականում անցնում կանխիկը, եւ, դատելով քաղաքապետարանի ներկայացրած թվերից, դրանց մի մասը հենց նույն ձեռքերում էլ մնում էր, հիմա որտեղ ապարատ են դրել, վարորդների մոտ ֆինանսական բողոքներ են ի հայտ եկել: Արդյունքում, պահանջում են աշխատավարձերի բարձրացում, թեեւ անկեղծ լինենք` կես ամսվա համար 300-400 հազար դրամը քիչ չէ:
Սակայն խնդրին այլ կողմից էլ մոտենանք: Հենց քաղաքապետարանն էր, որ մոնոպոլիզացրեց քաղաքային տրանսպորտը ու հիմա այնպիսի վիճակ է սարքել, որ պետք է «վերակառուցվածը» եւս մեկ անգամ «վերակառուցի»: Արդյունքում, այս «բարդակն» է: Հաջորդը, միանվագ աշխատավարձ ստացող վարորդը շահագրգռված չի լինելու եռանդով աշխատել, եւ դա այլ ճգնաժամ է արդեն ստեղծել:
Վերջապես, պարզվում է, որ 100 դրամանոցները կանխիկ տեսքով ոչ բոլոր վարորդներին է, որ շրջանցում են: Այսինքն, այն լեւի փողերը, որ կային, գոնե մասամբ հիմա էլ կան, եւ էլի չգիտես որ գրպաններում են կուտակվում:
Այսպես, մայրաքաղաքային տրանսպորտի հետ կապված ուշագրավ պատմություն պատմեց մեր զրուցակիցը, որը կարելի է նաեւ դիտարկել որպես խոշոր հանցագործության մասին հայտարարություն:
«Անկեղծ ասած, տրանսպորտից գրեթե չեմ օգտվում, նույնիսկ չեմ կարող հիշել, թե վերջին անգամ երբ եմ ավտոբուս նստել: Բայց ահա կիրակի օրը գործի բերումով պետք է գնայի Կենտրոն եւ վերադառնայի: Վայրը բանուկ փողոցներից մեկի՝ Խանջյանի հարեւանությամբ է, եւ խցանումներից ու կայանատեղիների բացակայությունից խուսափելու համար մտածեցի՝ այս անգամ էլ ավտոբուսով գնամ: Լսել եմ 100 դրամանոցների խնդրի մասին, եւ պարզվեց, որ մեկն ունեմ: Մտա ծանոթ խանութներից մեկը, խնդրեցի, մի կերպ եւս մեկը գտան, տվեցին: Երկու 100 դրամանոցով զինված՝ մտա առաջին իսկ ավտոբուսը՝ այն դեղիններից էր: Հարցնում եմ վարորդին՝ որտե՞ղ եմ փողը գցելու, ասաց՝ տուր ինձ: Տվեցի, բայց ոչ 100 դրամանոցներից մեկը: Պատկերացրեք, վերադարձին բառացիորեն նույն պատկերն էր՝ վարորդին 200 դրամանոց տվեցին, մեկ 100 դրամանոց վերադարձրեց: Տեղ հասնելով` արդեն ունեի 3 հատ հարյուր դրամանոց, որոնք նվիրեցի այն խանութի աշխատակցին, որն ինձ համար մեկ 100 դրամանոց էր ճարել: Ու հիմա մտածում եմ՝ եթե հնարովոր է նաեւ առանց 100 դրամանոցի էլ գնալ-գալ, ինչի՞ համար է այս աղմուկը»,- պատմեց մեր զրուցակիցը, որի խոսքին մազաչափ անգամ չենք կասկածում:
Այստեղ խնդիրը ոչ միայն 100 դրամանոցի աղմուկն է, այլ շատ ավելի խորը նյուանսներ են երեւում: Այսինքն, դեռ այսպես ասենք, կան ավտոբուսներ, որտեղ «100 դրամանոցի օրենքը» չի գործում: Մինչդեռ հիշեցնենք, որ այս խառնաշփոթի առաջին օրերին քաղաքապետարանն ամենօրյա ռեժիմով հայտնում էր, թե այս նոր պայմաններում այսքան-այսքան ավելացրել ենք մուտքերը: Հետո հասկացա՞ն, որ դրանով իրենք իրենց դեմ ցուցմունք են տալիս մասշտաբային հանցագործության մասին, թե՞ պարզեցին, որ այդ նոր կարգով, եթե 100 դրամանոցները շրջանցում է վարորդի գրպանը, ապա շրջանցում է նաեւ վերադասի գրպանը: Կամ միգուցե ա՞յլ պատճառ կա, մեդալի մյուս կողմն է: Իսկ իրականությունը սա է՝ կարելի է գումարը տալ վարորդին եւ իջնել: Այսինքն, այն փողը կամ դրա մի մասը, որը ժամանակին չէր հասնում քաղաքապետարանին, եւ դրա համար մի ամբողջական «ռեֆորմ» արեցին, մեծ փողեր ծախսեցին քաղաքի գրպանից, այս պահին գոնե մասամբ չի գործում: Արդյունքում, միանգամայն տեղին կլինի ենթադրել, որ դեռ կա հսկայական ստվերային գումար, որը ինչ-որ մասնավոր գրպաններում են հանգրվանում: Դա, հիշեցնենք, մասշտաբային հանցագործության մասին է ակնարկում: Ու ենթադրելի է, որ ուր որ է՝ ուղեվարձը կբազմապատկեն, սակայն «լեւի մուտքերի» այս խողովակը կշարունակի աշխատել: