Ցեղասպանության ժխտումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է. Փաշինյանը՝ իր աղմկահարույց հայտարարության մասին (տեսանյութ)
ԹեմաՀայոց ցեղասպանության փաստը անքննելի և անժխտելի է: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին մեկ շաբաթ ասված իր խոսքերի վերաբերյալ լրագրողի հարցին: Լրագրողը մասնավորապես հետաքրքրվեց, թե միգուցե կան արտաքին ուժե՞ր, որոնք ճնշում են գործադրում Հայաստանի վարչապետի վրա այդ հարցով:
«Ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է, Քրեական օրենսգրքով նախատեսված արարք: Ցեղասպանության փաստը անքննելի է և անժխտելի: Ընդհանրապես զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել [Հայոց] ցեղասպանությունը ուրանալու մեջ, երբ նա, երևույթի մասին խոսելիս, ասում է՝ «ցեղասպանություն», ոչ թե ուրիշ բառեր է օգտագործում նկարագրելու համար, ասում է՝ «ցեղասպանություն»», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: