Երեւանի փոխքաղաքապետը զբաղված է պատմության զեղծարարությա՞մբ
Ներքաղաքական
Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, «իրական Հայաստանի» կոնցեպտի շրջանակում Երեւանի փոխքաղաքապետ ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ զբաղված է Հայրենական մեծ պատերազմում հայերի մասնակցության տվյալների խեղմամբ: ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի կենտրոն-թանգարանի բացման արարողությանը ելույթ ունենալով՝ նա մասնավորապես ընդգծել է. «Կարմիր բանակի շարքերում Հայաստանից 300 հազար մարդ է մարտնչել Հայրենական մեծ պատերազմի տարբեր ռազմաճակատներում, որոնցից, ցավոք, 100 հազարը չվերադարձավ: Այդ թիվը մեծ է հայ ժողովրդի համար, բնականաբար, պատերազմը չի շրջանցել գործնականում ոչ մեկին, ով այն ժամանակ ապրում էր Հայաստանում»:
Ի՞նչ է ստացվում, Երեւանի փոխքաղաքապետի համար եւս 300 հազար հայի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում եւ եւս 100 հազարի զոհվելն առ ոչինչ է, որովհետեւ նրանք Հայաստանից դուրս էին ապրում: Ըստ էության, իշխանությունն այլեւս ոչ միայն սեպ է խրում հայաստանցիների ու սփյուռքահայերի միջեւ, այլ նրանց ընդհանրապես՝ հաշվից հանում է:
Հիշեցնենք՝ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է նաեւ հայ Սփյուռքը, ողջ աշխարհասփյուռ հայությունը՝ ի դեմս իր 600 հազար ռազմիկների, որից Խորհրդային Հայաստանից բանակ մեկնեցին ավելի քան 300 հազարը, եւս 200 հազար էթնիկ հայեր ռազմաճակատ են կանչվել խորհրդային այլ հանրապետություններից։ Հակահիտլերյան կոալիցիայի երկրների զինված ուժեր են զորակոչվել ավելի քան 100 հազար հայ, ամենից շատ՝ ֆրանսիական բանակ եւ ԱՄՆ բանակ։ Պատերազմից չի վերադարձել ավելի քան 200 հազար հայ, որը հավասար է Հայաստանի բնակչության 1/7-ին։ Պատերազմին մասնակցելու համար ավելի քան 66 հազար հայ առաջադրվել է պետական տարբեր մրցանակների։ Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհվել է 107 զինվորի եւ սպայի։ Հովհաննես Բաղրամյանը եւ Նելսոն Ստեփանյանը կրկնակի հերոսներ են դարձել, Փառքի շքանշանի են արժանացել 27 հայ: Պատերազմի տարիներին ԽՍՀՄ հերոսների թվով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը։ Եվ սա միայն այն պաշտոնական տվյալներն են, որն արձանագրված է անգամ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում: Այնպես որ, որքան էլ փորձեր արվեն հայերի կշիռը Մեծ հաղթանակում նվազեցնելու, միեւնույնն է, փաստերն աղաղակելու են:
Սեփ. լրատվություն