Արթուր Վարդանյանի կինն արձագանքել է Գառնիկ Դանիելյանի գրառմանը
Ներքաղաքական
«Հարգելի պարոն Դանիելյան,
Իմ և ընտանիքիս անունից արտահայտում եմ մեր անսահման երախտագիտությունը ամուսնուս՝ քաղբանտարկյալ Արթուր Վարդանյանին Ձեր անկեղծ ու անձնվեր աջակցության համար։ Ձեր՝ նրա կողքին լինելը, պատրաստակամությունը պայքարելու Արթուրի, ինչպես նաև այլ քաղաքական հալածվածների իրավունքների ու արդարության համար, մեզ համար անգնահատելի աջակցություն է այս դժվարին պահերին։
Արթուրի առողջական վիճակը, ինչպես նաև նրա նկատմամբ կիրառվող անարդար ու անօրինական գործողությունները, մեզ համար մեծ անհանգստության ու ցավի առիթ են։ Սակայն, Ձեր նման մարդկանց աջակցությունը մեզ տալիս է ուժ ու հույս՝ շարունակելու պայքարը արդարության համար։ Հավատում ենք, որ ճշմարտությունն ու արդարությունը վերջիվերջո կհաղթեն, և Արթուրը կվերադառնա մեզ մոտ՝ առողջ ու ազատ։
Շնորհակալ ենք նաև Ձեր կոչի համար՝ ապահովելու Արթուրի իրավունքը՝ ստանալու համապատասխան բժշկական օգնություն։ Հույս ունենք, որ Ձեր ջանքերն ու մեր համատեղ պայքարը կբերեն դրական արդյունքների։
Թող Աստված պահապան լինի Ձեզ և Ձեր ընտանիքին։
Միաժամանակ կոչ ենք անում նաև ԱԺ մյուս պատգամավորներին դրսևորել սկզբունքայնություն, մարդասիրություն և համերաշխություն՝ Արթուրի հնարավորինս շուտ ազատման հարցում։ Խորին հարգանքով ու շնորհակալությամբ՝ Աշխեն Սումբուլյան», - գրել է ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի կինն՝ արձագանքելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, ով հայտարարել է, որ պատրաստակամ է կանգնելու ինչպես մյուս քաղհալածյալների, այնպես էլ՝ Արթուր Վարդանյանի կողքին:
Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար այս ռեժիմի կողմից դատապարտվել է ազատազրկման: