Ճահիճ, որը մեկ անգամ ճաշակելուց հետո ամբողջ ուժով տանում է կործանման․Սարսափազդու փաստեր
Թեմա
Արատավոր երևույթներից խաղամոլությամբ, ալկոհոլիզմով ու թմրամոլությամբ Հայաստանում հիմնականում տառապում են տղամարդիկ։ Դրանք արդեն տարածված են նաեւ անչափահասների շրջանում։ Իսկ խաղամոլները հիմնականում անհավասարակշիռ, ագահ մարդիկ են և տան անբարենպաստ հոգեբանական մթնոլորտում ապրողներ: Երիտասարդների շրջանում էլ խաղամոլության տարածումը, ըստ հոգեբան Միհրդատ Մադաթյանի, պայմանավորված է ճանաչված մարդկանց մասնակցությամբ խաղատների և բուքմեյքերական ընկերությունների գովազդներով․
-Լարվածություն, մենակության զգացում, ռիսկի դիմելու հակում, անհամապատասխան ինքնագնահատական, հոգեբանական շեղումներ, ագահություն, մեկ- երկու անգամ հեշտությամբ գումար վաստակելու ճանապարհ. սրանք այն անձնային գծերն են, որոնք բնորոշ են խաղամոլին: Խաղամոլության ձևավորմանը նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները, տան անբարենպաստ հոգեբանական մթնոլորտը։ աղամոլությունը նույնպես հիվանդություն է եւ ինչպես մյուս հիվանդությունները, ավելի լավ է կանխարգելել այն, քան՝ բուժել, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1-ից 2 տոկոս երիտասարդներն են ազատվում վտանգավոր մոլությունից։ Խաղամոլությունը մեջ հայտնված մարդն ինքնակամ գրեթե չի կարողանում ազատվել այդ արատավոր բարքից, այն ճահիճ է, որ մեկ անգամ ճաշակելուց հետո ամբողջ ուժով տանում է կործանման։
Դա է պատճառը, որ քաղաքակիրթ պետությունները փորձում են իրենց ստրատեգիան այնպես ձեւավորել, որպեսզի այդ խոցելի խումբը վտանգված չլինի։ Իսկ Հայաստանում լրիվ հակառակ վիճակն է, ունենք խաղամոլության անհսկելիություն եւ ազատ գովազդ, չնայած որ ի սկզբանե այս իշխանությունները խոսում էին հսկելիության մասին, սակայն այսօր տեսնում ենք ամբողջությամբ հակառակ ստարտեգիա։ Ինչի շնորհիվ հասարակության մի ստվար զանգված դարձել է օնլայն խաղատների գերի։
Ամփոփելով խոսքս կարող եմ փաստել, որ ցավոք, Հայաստան պետությունը ստեղծել է նպաստավոր պայմաններ խաղամոլության զարգացման ու տարածման համար։
-Պարոն Մադաթյան, արդեն գարուն է, եւ գիտականորեն ապացուցված է, որ այս շրջանում մարդկանց էմոցիոնալ ֆոնը ավելի դյուրագրգիռ է, ի՞նչ հետեւանքներով է հղի նման իրավիճակը։
-Շատ ճիշտ նկատեցիք, գարնան եւ աշնան շրջանում սրվում է մարդկանց էմոցիոնալ, հուզական վիճակը, ինչը նպաստում է ինքնասպանությունների, ինաավնասումների, դեպրեսիաների շատացմանը, սա շրջան է, որը լի է էմոցիոնալ ակտիվացմամբ, ընդ որում թե բացասական, թե դրական հույզերի դեպքում է այդ ակտիվությունը տեղի ունենում։
-Կա՞ էմոցիոնալ ֆոնը հնարավորինս կայուն վիճակում պահելու բանաձեւ ծայրահեղություններից խուսափելու համար։
-Ցավոք, նման բանալի չունի աշխարհը։
-Պարոն Մադաթյանը, նշում են, որ ինքնասպանության դիմած մեծ մասը վերջին պահին փոշմանում են, բայց արդեն ոչինչ փոխել հնարավոր չէ։ Կա՞ նման ապացույց հոգեբանության մեջ։
-Կդժվարանամ ասել, եթե աֆեկտի վիճակի մեջ են վստահաբար չեն փոշմանում, իհարկե կլինեն նաեւ մարդիկ, որոնք գուցե փոշմանեն, բայց դա հազվադեպ է լինում, համենայնդեպս իմ պրակտիկան դա է հուշում։
-Հաճախ ինքնասպանության դիմում իրենց ոլորտում կայացած, հաջողակ մարդիկ․․․
-Հաջողությունը ինքնասպանության հետ որեւէ կապ չունի, նման մարդկանց մոտ պահի ազդեցությամբ խորը ընկճախտ է առաջանում, հոգեբանական ցիկլեր են խախտվում, սինուսիոդալ ցիկլը իջնում է ներքեւ եւ պահպանվում երկար ժամանակ, տեղի է ունենում հոգեբանական դեֆորմացիա եւ այլն։