ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ԼՈՒՅՍԸՆԾԱՅՄԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 90-ԱՄՅԱԿԸ
Մշակութային
Iravunk. com-ի Շիրակի մարզի թղթակիցը Գյումրիում էր։ Գարնան առաջին օրը, մարտի 1-ին, նշանավոր բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ հուշատուն ֊թանգարանում նշվեց մեծ բանաստեղծի «ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ» ժողովածուի լույս ընծայման հոբելյանական 90-ամյակը և վերարծարծվեց նրա քնարերգության վերհուշը, ներկաները կամրջվեցին շիրազյան պատկերավոր աշխարհի հետ։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ , ժողովածուի բովանդակության հետ առնչելով Հայոց հին հավատալիքներից մեզ հասած բնության զարթոնքի, պտղաբերության, մեռնող ֊հառնող աստվածություն Արայի պաշտամունքը։ Ելույթ ունեցան Գրողների միության անդամներ բ. գ. թ. Կարինե Մարտիրոսյանը և Լևոն Բեժանյանը։ Միջոցառմանը իրենց մասնակցությունը բերեցին ՇՊՀ ֊ի ուսանողուհիները, անզուգական խոսքով և ասմունքով։ Ըստ Հովհաննես Շիրազի սովորության, «ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ» ֊ը ներկաներին մատուցվեց գարնան ավետաբեր ծաղիկ ու շիրազյան քառատող պարունակող ծրարներով։ Հանդիսատեսը առաջին անգամ ունկնդրեց Շիրազի «Հրաշք» բանաստեղծության խոսքերով Սասուն Պասկևիչյանի հեղինակած երգը Հարություն Մկրտչյանի կատարմամբ։ Միջոցառման խորհրդին համահունչ ցուցադրվեցին երիտասարդ, տաղանդաշատ նկարչուհիներ Մարիամ Ալեքսանյանի ու Դոնարա Գևորգյանի գարնանային թեմայով վառ ու գունեղ նկարները, Պավլիկ Բերնեցյանի ձեռքի աշխատանքները փորագրված տերևների տեսքով։ Ներկաները մեծ բավականություն ստացած հեռացան թանգարանից։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ








