Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը դիմել է միջազգային հանրությանը՝ Սիրիայում քրիստոնյաներին պաշտպանելու կոչով
Թեմա
Հալեպում Սիրիայի պետության և նրա ժողովրդի միասնությանն իրենց զորակցությունը հայտնելու համար հավաքվել են քրիստոնյա, հայ և իսլամական կրոնական առաջնորդները: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը դիմել է միջազգային հանրությանը՝ Սիրիայում քրիստոնյաներին պաշտպանելու կոչով: Այս մասին գրում է Paralel Z-ը։
«Դիմում ենք միջազգային հանրությանը, պետություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, ինչպես նաև անհատներին՝ նրանց ուշադրությունը սևեռելու Սիրիայի բոլոր քրիստոնյաների պաշտպանությանը», - ասված է Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ:
«Ականատես լինելով Սիրիայում շարունակվող անկարգություններին և ավերիչ հակամարտությանը՝ մեր սրտերը լցվում են խորը տխրությամբ և անհանգստությամբ բոլոր նրանց համար, ովքեր տառապում են: Մենք, մասնավորապես, անհանգստացած ենք մեր հայ եղբայրների ու քույրերի աղետալի վիճակից, որոնք սերունդներով ապրել են այս հողում, որտեղ ապաստան են գտել 1915 թվականի Հայոց սարսափելի Ցեղասպանությունից հետ։ Սիրիան տուն է դարձել բազմաթիվ փրկվածների և նրանց ժառանգների համար։ Այսօր Սիրիայի բոլոր քրիստոնյա համայնքների անվտանգությունը կրկին վտանգված է բռնության և քաոսի պատճառով: Մենք մեր ձայնը բարձրացնում ենք ի պաշտպանություն բոլոր անմեղ մարդկանց։ Սիրիահայերը հիմնականում բնակվում են Հալեպում, Դամասկոսում և այլ քաղաքներում, նրանք արդեն շատ ծանր պահեր են ապրել։ Նրանք ցեղասպանությունից հետո վերականգնել են իրենց կյանքը, ստեղծել կենսունակ համայնքներ և ակտիվորեն նպաստել Սիրիայի մշակութային, հոգևոր կառույցների զարգացմանը: Սակայն այժմ նրանք բախվում են իրենց կյանքին և ժառանգությանը սպառնացող նոր վտանգի։ Նրանց եկեղեցիները, դպրոցները, տները հայտնվել են շարունակվող քաղաքացիական պատերազմի վտանգի տակ, և նրանք կրկին վախենում են տեղահանվելուց»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ առկա տվյալների՝ վերջին մի քանի օրվա ընթացքում սպանվել է ավելի քան 7000 ալևին և քրիստոնյա։