Ով է Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը եւ ինչ «գնով է» ճողոպրել երկրից. Բացառիկ մանրամասներ
Իրավական
Հովիկ Աղազարյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ԱԺ ներկայացված դատախազության միջնորդագրերում ոչ մի հիմնավորում չկա, որ Աղազարյանը կաշառք է վերցրել։ Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է անձեռնմխելիությունից զրկել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ ՀԿԿ-ում քննվող «մանր եղջերավորների» գործով։ Ըստ քրեական գործի՝ Սլավիկ Կարապետյանն իր աներոջ խնդրանքով 2023թ․ օգոստոսի 8-ին դիմել է մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որ նա էլ իր հերթին դիմի Հովիկ Աղազարյանին՝ 200,000-300,000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց առանց փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանդիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։ Գործի տվյալներով՝ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Աղազարյանը և նշված անձինք մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ էլ Աղազարյանն իբրև ընդունել է առաջարկը։ Այս դեպքի առնչությամբ ՀԿԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բացի այդ, 2024թ․ նոյեմբերի 27-ին ՀԿԿ-ում ստացվել է ՔԿ-ում քննվող քրեական վարույթով քննիչի հաղորդումը, որով փաստվել է, որ քրեական վարույթի ընթացքում իրականացված թվային խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ, որոնց համաձայն՝ Արամ անունով քաղաքացին դիմել է Հայկ Նազարյանին՝ հայտնելով, որ 2021թ․ մաս-մաս, ընդհանուր՝ 23,000 ԱՄՆ դոլար և 300,000 ՀՀ դրամ է տվել ԱԺ պատգամավորին՝ իր օգտին գործողություններ կատարելու, այն է՝ իրավասու պետական մարմինների կողմից վթարային իրավիճակում գտնվող դպրոցը քանդելու թույլտվություն ստանալու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոց կառուցելու, մյուս մասի վրա՝ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Այս դեպքով ևս քրեական վարույթ է նախաձեռնվել, որը միացվել է «մանր եղջերավորների» վերաբերյալ գործին։ Դատախազությունն այժմ պահանջում է թույլատրել քրեական հետապնդման հարուցումը՝ կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։
Հովիկ Աղազարյանի պաշտպանը, սակայն, պնդում է՝ ներկայացված միջնորդագրերում որևէ հիմնավորում ներկայացված չէ՝ Հովիկ Աղազարյանի դեմ։ Ճարոյանի խոսքերով՝ միջնորդագիրը կարդալիս երևում է, որ երկու անձ, որոնցից որևէ մեկը Աղազարյանը չէ, խոսում են, մեկն ասում է, թե 23,000 դոլար կաշառք է տվել, հետո նույն անձը Աղազարյանի հետ է խոսում, ասում՝ պարտքս չեն տալիս։ Փաստաբանի խոսքերով, միջնորդագիրը կարդալիս կտեսնենք, թե կաշառքի այդ դրվագն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում։ Ինչ վերաբերում է դպրոցի քանդման և բնակելի շենք կառուցելուն, ապա փաստաբանը հայտնեց, որ Հովիկ Աղազարյանը 2023թ․ դեկտեմբերին հաղորդում է ներկայացրել՝ նշելով, որ խարդախություն է եղել, քննիչը, սակայն, գտել է, որ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան։
«Հովիկ Աղազարյանն ԱԺ իր ելույթում մանրամասն կներկայացնի և կբացահայտի, թե ինչու են իր հետևից ընկել, բնականաբար՝ դա քաղաքական է, ոչ թե՝ քրեական»,- նշեց նա:
Փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացրել, թե ով իրականում ԱԺ պատգամավորին 23 հազար դոլար կաշառքի մեջ մեղադրող Արման Ստեփանի Մկրտչյանը։
Պարզվում է վերջինս, այս պահին էլ որպես ամբաստանյալ անցնում է քր. գործով, բայց արի ու տես ծանր հանցանքի մեջ մեղադրվող բացակայում է երկրից։ Ավելին Աղազարյանի դեմ ցուցմունք տալուց հետո նրան թույլ են տվել լքել երկիրը։ Իսկ թե ինչ գործերով է անցնում պատգամավորի դեմ ցուցմունք տված անձը ներկայացնում ենք ստորեւ.
Արամ Ստեփանի Մկրտչյանը 2004 թ-ի փետրվար ամսից մինչև 2006թ-ի մայիս ամսին ընկած ժամանակահատվածում հանդիսացել է <<Ա ընդ Վ գրուպ>> ՍՊԸ-ի տնօրեն և իրականացրել ռիելթորական` անշարժ գույքի առքուվաճառքի գործողություն: Նա, տեղեկանալով, որ Երևանի մերձակայքում` 16-րդ թաղամասի հարևանությամբ գտնվող <<Հույսի ավան>> կոչվող թաղամասում, բարեգործական հիմունքներով կառուցվում են բնակարաններ, որոշել է այդ պատրվակով տարբեր քաղաքացիներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ: Մի շարք քաղաքացիների մոտ ձեռք բերելով վստահություն Ա. Մկրտչյանը նրանց խոստացել է շուկայականից ցածր արժեքով <<Հույսի ավան>> կոչվող թաղամասում ապահովել բնակարաններով: Նրանց մի մասը, վստահելով Ա. Մկրտչյանին, վաճառել են իրենց բնակարանները և գումարները հանձնել նրան` մի քանի ամսից նոր բնակարաններ ստանալու ակնկալիքով, իսկ քաղաքացիների մյուս մասը նույն նպատակով Ա. Մկրտչյանին են հանձնել իրենց խնայած գումարները: Վերջինս ինքը քաղաքացիներից հափշտակել է շուրջ 51.844.185 ՀՀ դրամին համարժեք 125.950 ԱՄՆ դոլար գումար, իսկ հետագայում` 3 տարի շարունակ խուսափել է նրանցից, այնուհետև` թաքնվել քննությունից:
Վերոգրյալ հանցանքի համար Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010 թ-ի հունիսի 11-ի դատավճռով Արամ Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով ազատազրկման` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա.Մկրտչյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Տուժող Մեժլում Երիցյանի քաղաքացիական հայցը բավարարվել է` ամբաստանյալ Արամ Մկրտչյանից հօգուտ նրա վճռվել է բռնագանձել 4000 (չորս հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Տուժող Արաքսյա Հայրապետյանի քաղաքացիական հայցը բավարարվել է և ամբաստանյալ Մկրտչյանից հօգուտ նրա վճռվել է բռնագանձել 3000 (երեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Տուժող Ա.Հայրապետյանի` 9000 (ինը հազար) ԱՄՆ դոլարի մասով քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության, իսկ քաղաքացիական հայցվորներ, տուժողներ Էդուարդ Խաչատրյանի, Վյաչեսլավ Պետրոսյանի, Մելանյա Բադալյանի, Արմենուհի Մելքոնյանի, Վահան Դուրինյանի, Սվետլանա Միքայելյանի քաղաքացիական հայցերի հարցը համարվել է լուծված` ամբաստանյալի կողմից հանցագործությամբ նրանց պատճառված նյութական վնասը վերականգնված լինելու պատճառաբանությամբ:
Տուժող Հովհաննես Գևորգյանի քաղաքացիական հայցի հարցը համարվել է լուծված` քաղաքացիական դատավարության կարգով այն արդեն լուծված լինելու պատճառաբանությամբ:
Բացի այդ, Գայանե Իսրայելյանի անվամբ ձևակերպված և փաստացի ամբաստանյալ Արամ Մկրտչյանին պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի 50 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա տարածվել է բռնագանձում` տուժողներ Մ.Երիցյանին, Հ.Գևորգյանին, Ա.Հայրապետյանին պատճառված նյութական վնասը վերականգնելու համար:
Դատական Գործ N: ԵԴ/0709/01/19
24.09.2019
3 տուժող
Այսպես՝ տեղեկանալով, որ իր ծանոթ Երևան քաղաքի բնակիչ Արմեն Քոսյանը ցանկանում է Երևանի «Հույս» թաղամասում առանձնատուն ձեռք բերել, խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, վերջինիս հավաստիացրել է, թե կարող է օգնել այդ հարցում և չարաշահելով Արմեն Քոսյանի վստահությունը, 2006թ. հունիսին վերջինիցս պահանջել և Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 հասցեում ստացել է 2.512.740 ՀՀ դրամին համարժեք 6.000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո շարունակելով հանցավոր դիտավորությունը 2006թ. հունիսի 14-ին իր ներկայացրած անձի՝ Անահիտ Չոբանյանի անվամբ առքուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով իրավունք է ձեռք բերել Արմեն Քոսյանին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 10-րդ հատվածի թիվ 15 հասցեում գտնվող 9.213.380 ՀՀ դրամ արժողությամբ 1.000քմ հողամասի նկատմամբ և խաբեությամբ իրավունք է ձեռք բերել Արմեն Քոսյանի առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 11.726.120 ՀՀ դրամ գումարի և գույքի նկատմամբ:
Այնուհետև, Արամ Մկրտչյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մոլորության մեջ գցելով Սուրեն Աղաբեկյանին՝ հավաստիացրել է, թե լիազորված է վաճառել Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի 25-րդ շենքի թիվ 38 հասցեի տարածքը և վերջինիս մոտ ցանկություն է առաջացրել տարածքը գնելու համար: Համաձայնության գալուց հետո Արամ Մկրտչյանը և Արմեն Սահակյանը նախնական համաձայնությամբ, նշված տարածքի սեփականատեր Արմեն Գավրուշի Օհանջանյանի անվամբ, 26.06.2012թ. ամսաթվով պատրաստել են ժամանակավորապես տրվող՝ անձը (ինքնությունը) հաստատող կեղծ փաստաթուղթ և 2012 թվականի հունիսի 27-ին Արմեն Սահակյանը Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանին ներկայանալով որպես Արմեն Օհանջանյան՝ կեղծ փաստաթուղթն օգտագործելով լիազորել է Արամ Մկրտչյանին վաճառել վերոհիշյալ տարածքը, ինչի հիման վրա էլ 2012 թվականի օգոստոսի 3-ին Արամ Մկրտչյանի և Սուրեն Աղաբեկյանի միջև կնքվել ու նոտարական կարգով վավերացվել է անշարժ գույքի (տարածքի) առուվաճառքի պայմանագիր, Արամ Մկրտչյանը խաբեությամբ Սուրեն Աղաբեկյանից ստացել է 14.350.000 ՀՀ դրամին համարժեք 35.000 ԱՄՆ դոլար և տիրացել այդ գումարին:
Դրանից հետո, Արամ Մկրտչյանը խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Արթուր Հակոբյանի հետ, մոլորության մեջ են գցել ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ոստիկանության մայոր Արթուր Ղալումյանին և հավաստիացրել, թե ՀՀ ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցնող Հայկ Ստեփանյանին կաշառք տալու միջոցով կարող են նպաստել «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում պաշտոնի նշանակելու հարցում: 2012թ. հունիսի 28-ին «Երևան Մարիոթ» հյուրանոցի սրճարանում հանդիպելով Արթուր Ղալումյանին, նախապես կատարած դերաբաշխման համաձայն Արամ Մկրտչյանը ներկայացել է որպես Հայկ Ստեփանյանի կողմից այդ հանդիպմանն ուղարկված վստահելի անձնավորություն, խոսել է պաշտոնի նշանակման հարցի վերաբերյալ և խաբեությամբ չարաշահելով վերջինիս վստահությունը՝ հավաստիացրել, թե ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակում վաշտի հրամանատարի պաշտոնում նշանակելու համար անհրաժեշտ է 30.000 ԱՄՆ դոլար: Երբ վերջինս համաձայնել է տալ պահանջվող գումարը, Արամ Մկրտչյանը խոստացել է երկու աշխատանքային շաբաթվա ընթացքում լուծել պաշտոնի նշանակման հարցը, իսկ Արթուր Հակոբյանը նույն օրը Արթուր Ղալումյանից անձամբ ստացել է 25.000, իսկ հաջորդ օրը 5.000 ԱՄՆ դոլար ու խաբեությամբ տիրացել են առանձնապես խոշոր չափերի՝ 12.558.900 ՀՀ դրամին համարժեք' 30.000 ԱՄՆ դոլար։