Բաքվի բանտից «ծիտիկը» բերեց հասցրեց Ռուբեն Վարդանյանի հերթական նամակը` նա երջանիկ է
Հասարակություն
Երեկ Ռուբեն Վարդանյանը հրապարակել է մի նամակ, որտեղ կիսվել է իր աշխարհայացքի դրույթներով։ Նա իրեն ներկայացնում է որպես " Աշխարհի մարդ հայկական ոգով", նշում է, որ մեկ միասնություն է իր կնոջ` Վերոնիկա Զոնաբենդի հետ եւ պարզապես երջանիկ մարդ է:
Իր նամակում Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ով մտածում է իր մասին: Իր նամակը նա նվիրել է իր ծնողներին, որոնք արդեն մահացել են եւ իր ավագ քրոջը:
Սակայն Վարդանյանի նամակը ավելի խորիմաստ է, քան պարզապես երախտագիտության կամ գնահատանքի խոսք: «Մենք բոլորս տարբեր կերպ ենք լսում եւ ընկալում նույն բառերը»,- նշում է Վարդանյանը: Էլ ավելի երկիմաստ է հնչում իր այն միտքը, որ յուրաքանչյուրը պետք է «պատրաստ լինի ծանր ծննդաբերությանը, երբեմն կյանքի համար վտանգավոր»: Իր նամակը նա եզրափակում է հետեւյալ ուղերձով. «Գիտակցություն ունեցողը կգիտակցի, թող հասկանա մտածողը եւ փնտրողը»:
Բոլոր դեպքերում սա ազդանշան է, թաքնված կոդ, որը Վարդանյանը առաջարկում է գաղտնազերծել մտածելու ունակ մարդկանց: Իսկ նա ինքն իրեն անվանում է «իմաստների թարգմանչական խմբավորման անդամ»: Երեւի շատերը չհասկանան, թե ի՞նչ իմաստ է դրել Ռուբեն Վարդանյանը այս նամակի մեջ: Եվ կգա ժամանակ, երբ ինքն իրեն նա կթարգմանի: Սակայն չի կարելի չնկատել Ռուբեն Վարդանյանի ոգու ամրությունը` նա գտնվում է թշնամու գերության մեջ: Այն երկիրը, որտեղ նա վարչապետ էր կործանված է, իսկ ժողովուրդը ցեղասպանված: Սակայն, չնայած այդ ամենին, Վարդանյանը ցուցաբերում է ոգու ամրության չտեսնված մակարդակ` նա գրում է իր մասին այսպես. «Մարդ... որն ապրում է ինքն իր հետ խաղաղության մեջ, ուրախ գիտակցությամբ, թե ինչպիսի անվճարելի պարտք է Տիրոջը, պարզապես երջանիկ մարդ լինելու հնարավորության համար»: