Պայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվում
Մշակութային
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 9-ին, ժամը՝ 18։00-ին, տեղի կունենա «ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ» պարային ներկայացման առաջնախաղը։
Ներկայացումը բեմադրվել է Վանաձորի «Մուշ» եւ «Հայասա» պարային համույթների համատեղ աշխատանքի շնորհիվ (գեղարվեստական ղեկավարներ՝ Արթուր Թորոսյան եւ Տաթեւ Բրուտյան)։
Պարային ներկայացումը հայ ազգի պայքարը ներկայացնող դրվագներից հավաքված, Արցախյան հերոսամարտից մինչեւ 44-օրյա պատերազմն ընկած ժամանակահատվածում հայի անկոտրում ոգին ներկայացնող յուրօրինակ ստեղծագործություն է։
Գաղափարը ծնվել է մինչեւ 44-օրյա պատերազմի սկսվելը, քանի որ մինչ այդ բեմադրված «Հավերժի ճամփորդները» պարային ներկայացումից հետո, խումբը ցանկացել է ավելի ճշգրիտ եւ մասշտաբային խոսել անցյալի, ներկայի եւ ապագայի մասին, սթափեցնել ժողովրդին, ասելով՝ հայն իր պատմության մեջ ավելի շատ հաղթել է, քան պարտվել։ Այժմ մեզ միայն մնում է համախմբվել եւ միասնական ուժերով կորցրածը վերադարձնել։




