Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բարեկամական եւ շահավետ մակարդակի վրա են. Մելնիկով
Ներքաղաքական
Հայ-ռուսական դարավոր համագործակցությունն ընդգծված է տրանսպորտային հաղորդակցության ոլորտում՝ հատկապես երկաթուղային համակարգի շրջանակում, որտեղ չնայած առկա խնդիրներին, փոխադարձ վստահության եւ դիվանագիտական ամուր կապերի շնորհիվ հնարավոր է գտնել լուծումներ անգամ ամենաբարդ հարցերին։ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն ԱԼԵՔՍԵՅ ՄԵԼՆԻԿՈՎԻ հետ զրույցում «Իրավունք»-ը անդրադարձել է տարբեր հարցերի:
— Ինչպես գիտենք Հայաստանը եւ Ռուսաստանը մշտապես դիվանագիտական հարաբերություններում բարեկամական կապ են ունեցել: Այս ժամանակահատվածում գիտենք, որ բավական ակտիվ գործունեություն եք ծավալում, մի փոքր կբացե՞ք փակագծերը:
— Այո, դուք շատ ճիշտ նկատեցիք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները հաստատապես գտնվում են բարեկամական եւ շահավետ մակարդակի վրա: Այս անգամ մենք ներկայացնում ենք մի կարեւոր նախագիծ, որն ամբողջությամբ անդրադառնում է մեր երկրների միջկառավարական ամուր հարաբերություններին, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում մեր երկրների ակտիվ դերին:
Այս անգամ մեր ուշադրությունը կենտրոնացել է մշակութային ուղղվածության, սակայն դրա հիմքում եւս պետք է նշեմ, որ մեր դիվանագիտական ամուր կապերն են առկա: Երեւանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի պատմական շենքում հանդիսավոր կերպով բացվեց բացառիկ լուսանկարչական ցուցահանդես, որը կազմակերպվել է «Նախաստեղծ Ռուսաստան» համառուսական բնապահպանական փառատոնի շրջանակում։ Կարծում եմ, որ այսպիսի հանդիպումները լավագույն վայրերից մեկն են, որտեղ կրկին համախմբվում են հայ եւ ռուս ժողովուրդները: Սա մի հնարավորություն է, որը ցույց է տալիս երկու երկրների ցուցադրած ջանքերը, ինչպես նաեւ խորը կապերը:
Այս միջոցառման կազմակերպման եւ հովանավորման նախաձեռնությունը համարձակ քայլ է, որը ձեռնարկել է Ռուսաստանի Դաշնության երկաթուղիները: Բայց մեզ համար գաղտնիք չէ, որ մեր երկրների քաղաքական ու մշակութային ոլորտներում փոխգործակցությունը եւ համագործակցությունն առանց փոխադարձ վստահության դժվար թե արդյունավետ լինեն։ Եթե քաղաքական հարաբերությունները չեն ունենում դրական ուղղություն, ապա մյուս ոլորտներում ակտիվություն դրսեւորելը դառնում է ոչ միայն բարդ, այլեւ խնդրահարույց։
— Իսկ ո՞րն էր այս գաղափարի իրագործման պատճառը:
— Տեսեք, այս ամենի հիմնական գաղափարը նրանում է, որ «Ռուսական երկաթուղիները», լինելով ամենամեծ ընկերություններից մեկը, ունեն մեծ նշանակություն նաեւ էկոլոգիական արժեքների տարածման գործում։ Իսկ այն, թե ինչպես են իրագործվում այդ ծրագրերը եւ ինչպես է պահպանվում այդ գործընթացը, անմիջականորեն կապված է մեր քաղաքական հարաբերությունների ամրության հետ։ Մենք համոզված ենք, որ հենց մեր փոխադարձ վստահության եւ համագործակցության շնորհիվ են այդ ծրագրերը կյանքի կոչվում։
Կարող է թվալ, որ Ռուսաստանն իր բնությունն արտացոլող ցուցահանդեսի անցկացումը Հայաստանում դժվար կլինի հասկանալ, սակայն ես կարող եմ վստահորեն ասել, որ հենց նման մանրուքներից է սկսվում մեր քաղաքական կապերի ամրապնդումը։ Այո, Հայաստանում մենք ջերմ ընդունելություն ենք ունենում, եւ այս ամենը մեկ անգամ եւս հաստատում է, որ մեր համագործակցությունն ունի մեծ ներուժ, ու կարելի է շարունակել այն ավելի ամուր դարձնել։
— Իսկ հետագայում ինչպիսի՞ ծրագրեր եք նախատեսում իրականացնել Հայաստանում, որոնք էլ առավել խթան կհանդիսանան երկու երկրների դիվանագիտական կապի ամրապնդման համար:
— Այն ամենն, ինչ մենք այս անգամ իրականացրեցինք Երեւանում, եղել է կարեւոր եւ նշանակալի քայլ՝ մեր նախաձեռնության զարգացման համար։ Բայց վստահաբար կարող եմ ասել, որ հաջորդ անգամները չեն սահմանափակվելու միայն մայրաքաղաքով։ Մենք արդեն իսկ պատրաստում ենք մեր ծրագրերը:
Մենք խորապես ճանաչում ենք երկրի տարբեր բնակավայրերը, նրանց հնարավորությունները եւ կարիքները ու համոզված ենք, որ մեր նախագծերը կարող են արժեքավոր լինել ու օգտակար՝ այդ համայնքների համար։ Այս նախաձեռնությունները նպաստում են ոչ միայն մշակութային ու հասարակական կյանքի հարստացմանն, այլեւ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը։
Գիտեք, իմ համոզմամբ, ամեն մի լավ գործ նաեւ իր հետ բերելու է պտուղներ։ Մեր նպատակն է ոչ միայն աջակցել, այլ նաեւ ներդրում ունենալ տարբեր բնագավառներում՝ մի փոքր, բայց կարեւոր քայլերով՝ լուծում տալու խնդիրներին։ «Հարավկովկասյան երկաթուղին», համագործակցելով «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հետ, իրականացնում է բազմաթիվ ծրագրեր։ Օրինակ, ցուցահանդեսի շրջանակում ունեցանք ուրախության պահեր՝ լսելով Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի սաների հրաշալի ելույթը Երեւանում։ Հենց սա էլ կարեւորվում է, քանի որ մենք աջակցում ենք այս դպրոցին՝ ամեն տարի տրամադրելով երաժշտական գործիքներ տաղանդավոր երեխաների համար՝ նրանց հնարավորություն տալով զարգացնելու իրենց ստեղծագործական ունակությունները։
Կարծում եմ՝ հենց այսպիսի փոքրիկ քայլերով ենք մենք իսկապես ամրապնդում հայ-ռուսական կապերը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։
— Իսկ առաջիկայում ինչպիսի՞ ծրագրեր եք նախատեսում իրականացնել:
— Այս ամսվա ընթացքում՝ կամավորների եւ տեղական համայնքի հետ միասին, պատրաստվում ենք ծառատունկ կազմակերպել Սանահինի մերձակայքում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի 80-ամյակին։ Հայ ժողովուրդը խորը հետք է թողել այդ պատմական Հաղթանակի կերտման գործում։ Ավելի քան 300 հազար հայորդիներ իրենց կյանքով ու սխրանքով մասնակցել են այդ ճակատագրական մարտերին։ Այսօր էլ մենք հպարտությամբ ենք հիշում այնպիսի անուններ, ինչպիսիք են մարշալներ Հովհաննես Բաղրամյանն ու Իվան Իսակովը՝ հերոսներ, որոնք հայտնի են դեռ յուրաքանչյուր ռուսաստանցու մանկությունից։
Մենք վստահաբար շարունակելու ենք իրականացնել նախաձեռնություններ, որոնք միտված են պատմական հիշողության պահպանմանն ու հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը՝ որպես մեր ժողովուրդների միջեւ եղբայրության ու փոխադարձ հարգանքի խորհրդանիշ։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ