ԱՄՆ-ն շատ թեթեւ քայլերով ուկրաինական կոնֆլիկտից դուրս է գալիս. Բալասանյան
Միջազգային
Ռուսական կողմի պնդմամբ՝ ամբողջովին ազատագրել է Կուրսկը ուկրաինացի զինվորականներից, որոնք անցած օգոստոսին՝ անակնկալ ներխուժման ժամանակ սահմանակից նահանգում տասնյակ բնակավայրեր էին գրավել: Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Պուտինին զեկուցել է, որ բանակը դուրս է մղել ուկրաինացիներին վերջին՝ Գորնալ բնակավայրից։ Իսկ պաշտոնական Կիեւը, բնականաբար, հերքում է ռուսական կողմի հայտարարությունները։ «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ նշեց, որ նախ պետք է փորձենք հասկանալ, թե ինչ տվեց Կուրսկի օպերացիան Ուկրաինային։
— Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը նշել է կոնկրետ թվեր, որ Ուկրաինան այս օպերացիայում կորցրել է 76 հազար զինվոր, այսինքն՝ մնացյալ ճակատներում 76 հազար զինվորով ավելի պակաս դիմադրություն են ցույց տալու Ռուսաստանին: Նաեւ ֆիքսենք, որ դրանք այն զորքերն էին, որոնք էլիտար անվանում էին ստացել, քանի որ արտասահմանում էին վերապատրաստված, լավագույն տեխնիկայով էին զինված։ Ռուսաստանն արդեն հայտարարում է, որ Սումի մարզում անվտանգային գոտի է ստեղծվում, խոսքն այս պահին 4 բնակավայրերի մասին է՝ ընդհանուր մոտ 100 քառ. կմ անվտանգային տարածքով: Կարծում եմ` մոտ ապագայում մենք կտեսնենք ակտիվացում, ռազմական գործողությունների եւ նաեւ ռուսական պահանջների կոշտացում։ Թրամփի կողմից առաջ քաշված պահանջները չկատարելը եւ առաջարկը չընդունելը հենց խոսում է այն մասին, որ Ռուսաստանը չի պատրաստվում բավարարվել 4 նահանգով, այլ խնդիր ունի առհասարակ ե՛ւ Խարկովի հետ կապված, ե՛ւ Դնեպրոպետրովսկի, ե՛ւ Օդեսայի: Ի դեպ, Օդեսան միակ ուղիղ ցամաքային ճանապարհն է դեպի Մերձդնեստր, որտեղ ռուսական ուղեկալները գտնվում են շրջափակման մեջ: Այնպես որ, մենք առաջիկայում կտեսնենք նոր ծավալուն իրադարձություններ, նոր զարգացումներ, բայց այստեղ ֆիքսենք նաեւ մի բան՝ մենք կտեսնենք Միացյալ Նահանգների կողմից շատ թեթեւ քայլերով ուկրաինական կոնֆլիկտից դուրս գալ, եւ ուկրաինական պատերազմի ողջ բեռը՝ թե՛ ֆինանսական, թե՛ նաեւ ռազմատեխնիկական ապահովման, կթողնվի Եվրոպական Միության վրա: Զուգահեռ կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերությունները։
— Պարոն Բալասանյան, ի՞նչ եք կարծում՝ պատերազմի ավարտը մո՞տ է:
— Չեմ կարծում, շատ մոտ է։ Իմ կարծիքով՝ մեծ հաշվով դեռ մենք մեկ տարի կտեսնենք ռազմական գործողություններ եւ չենք տեսնի վերջնական խաղաղության պայմանագիր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ