1955 սրտի զարկ՝ մեկ բեմում. Կասկադը շնչեց հայկական պարով
Մշակութային
Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա: Այս առիթով Գաֆէսճյան քանդակների պարտեզում (Կասկադ) ելույթ ունեցան հայաստանյան պարային համույթները։ Իր տեսակով յուրօրինակ այս միջոցառման կազմակերպիչը պարարվեստի ռեժիսոր, պարուսույց, «Բարեկամություն» պետական համույթի արտիստ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էր, ում հետ զրուցել է «Իրավունք»-ը:
— Նման ծավալուն պարային բեմադրության միտքն ինչպե՞ս առաջացավ:
— Ամեն բան սկսվել է անցյալ տարվանից, երբ «Պարի տոն, ազգային ոգով» միջոցառումը կազմակերպել էի Հանրապետության հրապարակում, որտեղ շուրջ 150 տղա պարող պարեցինք «Բերդ», «Յարշուխտա», «Քոչարի» մեր ավանդական պարերը: Նրանց նվագակցում էր 220 դհոլահար: Ես հավատարիմ մնալով իմ այդ մտահղացմանը՝ որոշեցի, որ այս տարի էլ կկազմակերպեմ նմանատիպ «Պարի տոն, ազգային ոգով» մջոցառումը: Այս տարի եղավ ավելի մեծ ծավալով, եւ մասնակցեցին 1955 պարող: Կասկադի ողջ տարածքում՝ ներքեւից վերեւ կարողացա լցնել պարողներով: Իհարկե, շատ դժվար էր, քանի որ նոյեմբեր ամսից պատրաստվել ենք այս օրվան: Երբ սկսվեց գործընթացը, գնում էի տարբեր խմբերում ցույց էի տալիս եւ սովորեցնում էի պարերը, այնուհետ տեսահլովակների տեսքով տեղադրում էինք համացանցում` դրանով ավելի շարժելով մարդկանց հետաքրքրությունը: Մեզ միացան շատ խմբեր, եւ հասանք այսպիսի թվի: Շատ դժվար էր, բայց կարողացանք հաղթահարել:
— Իսկ պետական որեւէ աջակցություն եղա՞վ նման մեծ միջոցառումը կյանքի կոչելու համար:
— Ոչ, ոչ ոքի կողմից եւ ոչ մի պետական աջակցություն չունեցա: Միայն Գաֆէսճյան արվեստի կենտրոնը ֆինանսավորեց մի մասը, ինչի շնորհիվ կարողացանք հաղթահարել դժվարությունները: Նախաձեռնությունն իմն է եղել, եւ ես դիմել եմ Գաֆէսճյան արվեստի կենտրոնին: Իրենք հավանելով իմ միտքը՝ առաջարկեցին անել այստեղ: Նաեւ Ջերարդ Գաֆէսճյանի 100 -ամյակն էր, եւ որոշեցինք համատեղել միջոցառումները՝ Պարի միջազգային օրը եւ 100-ամյակը:
— Արձագանքն, իհարկե, շատ լավն էր եւ, կարծես, բոլորին դուր էր եկել մտահղացումը, սակայն նկատվեցին մի քանի մեկնաբանություններ, որտեղ գրել էին, թե կցանկանային, որպեսզի պարողները գծապատկերեին Հայաստանի եւ Արցախի դրոշները: Ի՞նչ կասեք այս մասին:
— Ամեն բան էլ հնարավոր էր գծապատկերել եւ ստանալ, բայց ես այսպես եմ ցանկացել ստանալ եւ նմանկերպ եմ բեմադրել: Եթե լսեինք ամեն տեսակի կարծիքներ, ապա ամեն բան շատ ավելի այլ կլիներ: Սակայն, իմ պատկերացումն ու նպատակը եղել է Կասկադը լցնելը պարողներով, որտեղ կերեւա ազգային տարազ, կերեւա ազգային պարը, որն, ըստ իս, հենց հայի դիմագիծն է:
— Իսկ, առհասարակ, ի՞նչ նոր ծրագրեր ունեք եւ հիմա ի՞նչ զբաղվածություն ունեք:
— Այժմ աշխատում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում եւ դասավանդում եմ «Հայկական պար», «Պարարվեստի ռեժիսուրա» առարկաները, ունեմ իմ կուրսը: Պարում եմ «Բարեկամություն» պետական համույթում: Նաեւ աշխատում եմ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում` որպես բալետի արտիստ: Ունեմ իմ ստուդիան, որը կոչվում է «Հայկյաններ» պարային ակումբ: Կրթում եմ սերունդ ազգային ոգով եւ ժողովրդից վերցրած պարերը փոխանցում եմ ժողովրդին: Ապագա ծրագրերս շատ խիտ են: Նախ մեր պետական համույթով շրջագայության ենք մեկնելու Ֆրանսիա եւ կներկայացնենք մեր հայկական պարերը մեր սփյուռքում ապրող հանդիսատեսին: Իսկ նմանատիպ պարային փառատոն կկազմակերպեմ նաեւ մյուս տարի եւ կփորձեմ հավատարիմ մնալ իմ մտահղացմանը՝ «Պարի տոն, ազգային ոգով» մշակութային ծրագրին: Կփորձեմ պահպանել եւ ավելի շատացնել պարային խմբերը՝ այս ամենը դարձնելով գեղեցիկ ավանդույթ: Անցած տարի 150 էին, այս տարի` 1955: Փորձենք շատանալ եւ միավորվել ազգովի մի գաղափարի շուրջ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ


