Լիանա Անթառանյանն իր նոր բեմադրությամբ միավորեց ռուս Մալվինային՝ իտալացի Պինոկկիոյի հետ
Մշակութային
Մեկնարկել է Լեւոն Քալանթարի անվան ռուսերեն դպրոցական ներկայացումների առաջին ազգային մրցույթ-փառատոնը: Այն կրում է «Դպրոցի դահլիճից մինչեւ պրոֆեսիոնալ բեմ» խորագիրը։ Ընդհանուր առմամբ՝ ներկայացվել է մրցույթի մասնակցության 39 հայտ՝ 9-ը Երեւանից եւ 30-ը մարզերից։ Առաջին շաբաթվա ընթացքում մրցույթի ժյուրին, որի կազմում են արվեստի անվանի գործիչներ, արդեն երեք մարզ են այցելել, իսկ առջեւում դեռ ավելի քան 30 բեմադրություն է սպասվում ամբողջ Հայաստանում։ Մրցույթի կազմակերպիչն է Հայաստանում Ռուսական մշակույթի եւ գիտության կենտրոնը: Փառատոնի շրջանակում «Իրավունք»-ը զրուցեց մասնակից խմբերից մեկի՝ արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան համար 135 դպրոցում գործող «Լիանա Անթառանյան» խմբակի ղեկավար դրամատուրգ, ռեժիսոր ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻ հետ:
— «Դպրոցի դահլիճից մինչեւ պրոֆեսիոնալ բեմ» խորագիրը կրող մրցույթ-փառատոնը մեկնարկել է Ձեր սաների «Պինոկկիոյի նոր արկածները» ներկայացմամբ: Ի՞նչ կասեք այս մասին:
— Կասեմ՝ ոտքներս բարի (ծիծաղում է, - հեղինակ): Իհարկե, ինչպես միշտ, հուզմունքը շատ էր: Անկեղծ ասած, ես առանձնապես այդքան էլ չեմ սիրում մասնակցել նման միջոցառումների, երեւի թե, կրկին, իմ ամուսնու՝ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի հորդորներով: Նա միշտ խիստ կասկածի տակ էր դնում նման միջոցառումների անաչառությունը, սակայն սա այդ տարբերակը չէր: Իհարկե, հասկանում եմ, որ իմ սաների համար սա կարող է լայն հնարավորությունների դռներ բացել միջազգային ասպարեզում: Նշեմ, որ այն ռուսերեն լեզվով է ներկայացվել, եւ երկրորդ՝ ռուսական արդարության եւ ազնվության նկատմամբ կասկած չունեմ, քանի որ երկար տարիներ եմ ապրել այդ երկրում եւ շատ լավ եմ ճանաչում նրանց ներաշխարհը: Ի դեպ, ժյուրիի կազմում մեր հայ ներկայացուցիչներն էլ կային՝ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը եւ Հայաստանում Ռուսական տան մշակութային ծրագրերի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը:
— Տիկին Անթառանյան, իսկ ինչպիսի՞ արձագանքներ եղան ժյուրիի կողմից:
— Իրենց հիացմունքը հայտնեցին այն առումով, որ մանկական ներկայացումը շատ բարի էր եւ իր մեջ ամբողջությամբ ներառված էր ժողովուրդների բարեկամությունը: Ես ինքս մի մարդ եմ, ում հացը ծնկան ծայրին չէ, միշտ տասնապատիկ եմ ձգտում վերադարձնել: Երբ դեռեւս անցյալ տարի՝ Ամանորից առաջ, նոր ինտերպրիտացիայով սկսեցի գրել ներկայացման սցենարը, խորապես ուսումնասիրեցի 135 դպրոցի հովանավորների լայն ցանկը՝ Չինաստան, Ռուսաստան, Անգլիա, Իտալիա, ինչը խթան հանդիսացավ Պինոկկիոյի ճանապարհորդությունն այդ երկրներով, որպեսզի գտնի Մալվինային եւ այբբենարանը: Ի դեպ, ես այստեղ էլ եմ միքս արել՝ ռուս Մալվինա, իտալացի Պինոկկիո եւ այլն: Շատ եմ ցանկանում, որ նմանատիպ հայ-ռուսական միջոցառումները լինեն շարունակական, եւ սերունդներն առավել լավ ճանաչեն մեկը մյուսի մշակույթը: Մաղթում եմ բոլոր մասնակից դպրոցներին հաջողություն եւ ցանկանում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել մրցույթ-փառատոնի կազմակերպիչներին ու առանձնակի շնորհակալություն սաներիս ծնողներին՝ կողքիս կանգնելու եւ ոգեւորելու համար թե՛ ինձ, եւ թե՛ սաներիս:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
