ԸՆԿԵՐ ԿԻՄԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԵՎՍ 200 ՀԱԶԱՐ ՀՅՈՒՍԻՍԿՈՐԵԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԱՐԿԵԼ
Վերլուծություն
Իհարկե, շարունակում են ինչպես հարավկովկասյան հետագա զարգացումները (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=311853&l=am), այնպես էլ շատ այլ հարցեր կախված մնալ նրանից, թե ռուս-ամերիկյան ներկա գործընթացները գոնե ուկրաինական պատերազմի մասով ի՞նչ հանգուցալուծում կունենան: Թրամփը, իհարկե, դեռ վերջնագրերի լեզվով է խոսում Կիեւի հետ: Բայց հնարավո՞ր է, որ գործընթացը գնա ձախողման, իսկ ԱՄՆ-ի դիրքորոշումը վերադառնա բայդենյան տարբերակին:
Չնայած, որպես ոտքից գլուխ գործարար, Թրամփի համար, ինչ խոսք, առաջնայինը մնում է տնտեսական կողմը: Ու հաշվի առնելով նաեւ համաշխարհային տնտեսության բաշխվածության մասին այն վերջին տվյալները, որոնք ներկայացրեց Արժույթի միջազգային հիմնադրամը, ենթադրելի է, որ Թրամփի համար Ռուսաստանի դերը դառնում է բառացիորեն անփոխարինելի:
Այսպիսով, ըստ ԱՄՀ-ի, ներկա պահին Չինաստանի մասնաբաժինը համաշխարհային տնտեսությունում 2024 թվականին 19.12%-ից աճել է մինչեւ 19.45%: Երկրորդ հորիզոնականում գտնվող ԱՄՆ-ի մոտ (14.88%) զրոյական վիճակ է՝ մի փոքր՝ 0.06%-անոց անկումով: Ամեն դեպքում՝ աճ չկա, եւ ԱՄՆ-ն՝ երբեմնի անվիճելի առաջատարը, արդեն մոտ 25 տոկոսային կետով զիջում է Չինաստանին: Աճ կա նաեւ երրորդ հորիզոնականում գտնվող Հնդկաստանի մոտ՝ 8%-ից մինչեւ 8.25%: Չնայած պատերազմին, աճ է նաեւ չորրորդ տեղում գտնվող Ռուսաստանի մոտ՝ 3.49%-ից աճել է մինչեւ 3.54%: Իսկ ահա արեւմտյան բլոկի մյուս ներկայացուցիչները, որ կորցրել են երբեմնի առաջատար դիրքերը, անկումային դինամիկայի մեջ են: Օրինակ՝ Ճապոնիայի մասնաբաժինը նվազել է 0.1%-ով, Գերմանիայինը՝ 0.3՝ 3.33%-ից՝ 3.06%. սա կատաստրոֆա է՝ 10 տոկոսանոց անկում մեկ տարում:
Այսինքն, Մեծ յոթնյակն արդեն ամենեւին էլ մեծ չէ, եւ նրա առաջատարն էլ համաշխարհային տնտեսական հեգեմոն չէ, եւ այս ամենն անկման դինամիկայի մեջ: Իսկ դա նշանակում է, որ արդեն պարզապես չես կարող տնտեսական լծակներով սրան-նրան ճնշելով, դիրքեր պահել: Հակառակորդ բլոկը դարձել է մեծ եւ շարունակում է մեծանալ:
Այսպիսով, ԱՄՆ-ի համար պատկերը սա է: Ավանդական գործընկերները անկումային դինամիկայի մեջ են, ունեն պարտքային հսկայական բազա, ռեսուրսների խիստ պակաս, եւ սա նաեւ տանելու է ներքին գնողունակության կտրուկ անկումների: Նաեւ ունեն դեմոգրաֆիկ լրջագույն խնդիրներ, միգրացիոն հոսքերը փոխում են նախկին կերպարները, պաշտպանունակությունը խիստ ցածր մակարդակի վրա է, եւ եկամուտների անկումը թույլ չի տա այդ բացը լրացնել: Եվ այսպես շարունակ: Այսինքն, նման գործընկերները ԱՄՆ-ին միայն ճահճի հատակն են քաշելու, եւ Թրամփն այդ մասին բացահայտ է խոսում:
Բայց նաեւ՝ նոր գործընկերների ընտրության հարցում թրամփյան ԱՄՆ-ն ունի լրջագույն խնդիրներ: Չինաստանը թիվ 1 մրցակիցն է, թշնամի. նրա հետ չես համագործակցի: Հնդկաստանը կրնկակոխ հետեւում է, եւ նրա հետ մասշտաբային գործակցությունը կարող է ԱՄՆ-ին նաեւ երրորդ հորիզոնական տեղափոխել: Ռուսաստանն այս հարցում լավագույն տարբերակն է. չորրորդ տնտեսությունը, որն ԱՄՆ-ի համար վտանգ չէ, համաշխարհային ցամաքի 1/6 մասը, հսկայական հումքային բազա, ռազմական միակ մրցակիցը, որին ավելի լավ է դաշնակցի դերում ունենալ եւ այդպես շարունակ:
Այսինքն, երբ Թրամփը խոսում է Մոսկվայի հետ մասշտաբային տնտեսական համագործակցության ծրագրերի մասին, դա հենց այնպես, օդից չի ընկնում: Այդ գործակցության միջոցով կարելի է նաեւ Չինաստանի հետ մրցակցել, որտեղ, ի դեպ, Ռուսաստանը նաեւ շատ հարմար միջնորդ է՝ ԱՄՆ-ի համար շատ վտանգավոր տնտեսական պատերազմներից խուսափելու համար: Այսպիսով, որ Թրամփը կհրաժարվի ռուսների հետ հարաբերությունների կարգավորման գծից, ելնելով այն բանից, որ ԱՄՆ-ի համար արդեն բալաստ դարձած լիբերաստական Եվրոպան բողոքում է, քիչ հավանական տարբերակ է թվում:
Մի խոսքով, շատ նման է, որ ուկրաինական պատերազմը կանգնեցնելու մասով Թրամփը մինչեւ վերջ կգնա: Կամ կտեղափոխվի Մոսկվայի հետ սեպարատ պայմանավորվածությունների դաշտ՝ Կիեւին եւ Բրյուսելին դեմ առ դեմ թողնելով ռուսների հետ: Մյուս կողմից, Մոսկվան եւս ճնշումները շարունակում է՝ դրան տալով արդեն նոր երանգ: Այսպես, այն, որ ռուսները պաշտոնական տեսք տվեցին հայտնի փաստին, որ Հյուսիսային Կորեան մասնակցություն է ունեցել Կուրսկի համար մարտերին, իհարկե, պատահական լինել չի կարող: Եվ իմաստը պարզ դարձավ, երբ պատասխան հայտարարություն լսվեց ընկեր Կիմից: Այսինքն, որ ԿԺԴՀ-ն Ռուսաստան զորքեր է ուղարկում՝ ռազմավարական գործընկերության երկկողմ համաձայնագրի համաձայն։ «Դուք հասկանո՞ւմ եք, որ ԿԺԴՀ-ն կարող է հեշտությամբ ուղարկել 200 հազար զինվոր՝ տեխնիկայով, ինչը, վերջին հաշվով, կփլուզի ուկրաինական ճակատը։ Իհարկե, սա բոլորի համար ակնարկ է, որ Կրեմլը պատրաստ է հակամարտության սրման եւ, ավելին, ընդլայնման, ինչպես ցանկանում էին գլոբալիստները՝ Մոլդովային եւ Մերձդնեստրը ներգրավելով ուկրաինական ճգնաժամի մեջ»,- ահազանգում է ուկրաինական աղբյուրը, եւ չի սխալվում:
Այսինքն, եթե ԱՄՆ-ն դուս գա պատերազմից, իսկ ԿԺԴՀ-ն իր հսկայածավալ բանակից նույնիսկ ոչ թե 200, այլ մի 300-400 հազար զինվորական ուղարկի ուկրաինական ճակատ, ո՞վ է դրան խանգարելու: Եվրոպա՞ն է աղմկելու. բայց դա ո՞ւմ է հետաքրքիր: Առավել եւս, որ այդ ծավալի զորքերի ներգրավվածության դեպքում, գումարած ռուսական տեխնիկան, արդեն խոսքը կգնա նույնիսկ ոչ թե միայն Նովոռոսիայի, այլ ողջ Ուկրաինան գրավելու մասին եւ հաշված ամիսների, եթե ոչ՝ շաբաթների ընթացքում: Հետո, միգուցե, Թրամփը նաեւ իր երազած ուկրաինական մետաղական հանքերը համատեղ օգտագործելու հնարավորություն կստանա, բայց արդեն ոչ թե Կիեւի, այլ՝ Մոսկվայի հետ:
Այսպիսով, ակնարկը չափազանց պարզ է, եւ հիմա Կիեւին, ասենք նաեւ՝ Եվրոպային է մնում որոշել՝ կմտնե՞ն այդ բեռի տակ: Իսկ Թրամփը, չմոռանանք, հենց այս շաբաթ է պատասխանի սպասում, այլապես ուժի մեջ կարող է մտնել հակամարտությունից դուրս գալու սցենարը: