Ովքեր են «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության հաղթողները
Մշակութային
Երաժշտությունը, երբ հնչում է մեծ բեմում ու գնահատվում մրցանակով, սկսում է պատմել ոչ միայն կատարողների, այլեւ ողջ ոլորտի մասին։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը՝ նոր էջ բացելով ժամանակակից հայկական երաժշտության պատմության մեջ։ Թերեւս չափազանցված չի լինել ասել, որ հոգեվարքի մեջ գտնվող շոու-բիզնեսին վերակենդանացնելու գործին է լծվել մրցանակաբաշխությունը հեղինակած Հայկական ազգային երաժշտական ակադեմիան:
Նշենք, որ մրցանակաբաշխության ռեժիսորական եռյակը՝ Հրաչ Քեշիշյանը, Նաիրե Ստեփանյանը եւ Արթուր Մանուկյանը, ձեւավորել էին այնպիսի միջավայր, որտեղ ոչինչ պատահական չէր՝ սկսած հանդիսավոր կարմիր գորգից մինչեւ բեմի միլիմետրային ճշգրտությամբ հարմարեցված ընթացքը։ Սա պարզապես մրցանակաբաշխություն չէր՝ այլ համախմբում, որը մեկ հարկի տակ էր մեկտեղել տարբեր ժանրերի ու մտածողության արտիստների՝ վոկալիստներից մինչեւ պրոդյուսերներ, կոմպոզիտորներից մինչեւ երաժշտական նախագծեր։
«Խազեր»-ը առանձնացավ ոչ միայն կազմակերպչական բարձր մակարդակով, այլեւ բովանդակային խորությամբ։ 17 անվանակարգերում ներկայացված արվեստագետների հաղթողներին որոշելու մեխանիզմը կրել էր միջազգային ստանդարտներին հարիր մոտեցում՝ ոգեշնչված «Գրեմմի»-ի ձեւաչափից։ Ի դեպ, մրցանակաբաշխության մրցանակների հեղինակը քանդակագործ Արման Նուռն էր. այնպես որ, լավագույններն իրենց հետ տուն տարան ոչ թե մրցանակ, այլ յուօրինակ արվեստի գործ:
Այսպիսով, թե ով ինչ անվանակարգում արժանացավ մրցանակի ներկայացնում ենք ամբողջությամբ՝
«Լավագույն երգիչ» անվանակարգում մրցանակը տրվեց Էրիկ Կարապետյանին:
«Լավագույն երգչուհի» ճանաչվեց Սոնա Ռուբենյանը:
«Լավագույն երգ» համարվեց Արամ Mp3-ի «Երևի» ստեղծագործությունը: Երգը հաղթեց նաև «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում:
«Լավագույն կոմպոզիտոր» ճանաչվեց Անդրանիկ Բերբերյանը:
«Լավագույն գործիքավորում» և «Լավագույն ազգային երգ կամ երգի մշակում» անվանակարգերում մրցանակը տրվեց Ավետիս Բերբերյանին՝ «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտի համար:
«Լավագույն հեղինակ-կատարող» և «Տարվա հայտնություն» անվանակարգերում մրցանակը տրվեց Yellowheart-ին:
«Լավագույն խումբ-նախագիծ» անվանակարգում մրցանակի արժանացավ LA Project-ը:
«Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն» անվանակարգում հաղթեց Ջուզեպպե Վերդիի «Օթելլո»-ն՝ բեմադրված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Լավագույն ռոք արտիստ կամ խումբ» ճանաչվեց «Նեմրա»-ն:
«Լավագույն հիփ-հոփ և R&B արտիստ կամ խումբ» անվանակարգում մրցանակի արժանացավ D’LITTE-ը:
«Լավագույն ջազ արտիստ, գործիքային կատարող կամ խումբ» համարվեց Yerevan Calling-ը:
«Լավագույն դասական նախագիծ» անվանակարգում մրցանակը տրվեց «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»-ին:
«Լավագույն դասական երգիչ, երգչուհի» մրցանակին արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը:
«Լավագույն քավր» համարվեց Մարտին Ուլիխանյանի «Թող ամեն մի Նոր տարի մեր սրտերը ջերմացնի» երգը:
Հատուկ մրցանակը տրվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանին: