Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթում
Մշակութային
Չարենցավանից Թովմաս Թովմասյանը դարձել է 5-րդ ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթի հայաստանյան 5-րդ նախընտրական փուլի հաղթողը. նա կներկայացնի Հայաստանը դեկտեմբերի 7-ին հեղինակավոր միջազգային մրցույթի եզրափակչում։ Նախընտրական փուլը կայացել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգային դահլիճում։
Հայկական ռոմանսիադան անցկացվում է 2020 թվականից՝ «Ռոմանսիադա» ռուսական ռոմանսի արվեստի պահպանման բարեգործական հիմնադրամի նախագահ, մրցույթի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գալինա Պրեոբրաժենսկայայի և «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանի նախաձեռնությամբ։
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ։ Մրցույթի նպատակն է պահպանել, հանրահռչակել և զարգացնել տոմանսը՝ որպես երաժշտական մշակույթի եզակի և բազմաբնույթ երևույթ: Առաքելությունն է շարունակել և պահպանել ռուսական և հայկական ռոմանսի ներկայացման ավանդույթները, գտնել և աջակցել տաղանդավոր երիտասարդ արտիստներին, նպաստել ժամանակակից ռոմանսի զարգացմանը, ինչպես նաև ամրապնդել հայ հասարակության մշակութային և բարոյական արժեքները
Հինգերորդ հոբելյանական նախընտրական փուլը ևս մեկ անգամ բեմ էր բացել այն բոլոր երիտասարդ տաղանդների համար, ովքեր ձգտում էին բացահայտել երաժշտական արվեստի ամենալիրիկական ժանրերից մեկի՝ ռոմանսի գեղեցկությունն ու խորությունը։
Երկրորդ մրցանակակիր դափնեկիրներ դարձան Արման Գրիգորյանը և Սարգիս Նազարեթյանը, երրորդ մրցանակը կիսեցին կատարողներ Պավել Այրիյանը, Մերի Օհանյանը և Ռոզի Խոյլունցը: «Միսս Հայկական Ռոմանսիադա» տիտղոսը շնորհվեց Գայանե Հովհաննիսյանին: Իսկ հանդիսատեսի մրցանակը շնորհվեց Մարիա Դավիդյանին: «Ազգային ռոմանս» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայկ Պոդրատչյանը՝ «Իմ Արարատ» ռոմանսով։
«Նախագիծը բացառիկ նշանակություն ունի մեր երկրի մշակութային կյանքի համար։ Այն ոչ միայն երիտասարդ կատարողների համար ճանապարհ է բացում դեպի մեծ բեմ, այլև կարևոր դեր է խաղում երաժշտական ժառանգության պահպանման և փոխանցման գործում։ Մրցույթը միավորում է հայկական և ռուսական ռոմանսների ավանդույթները՝ երկու հարուստ մշակութային շերտերը՝ թույլ տալով մեզ վերանայել այս ժանրը և նոր կյանք շունչ հաղորդել դրան։ Արագ փոփոխությունների դարաշրջանում նման նախաձեռնությունները դառնում են ազգային ինքնագիտակցության ձևավորման, բարոյական ուղեցույցների ամրապնդման և երիտասարդներին արվեստի իրական արժեքներին ծանոթացնելու հենարան։ Սա է նախագծի իրական առաքելությունը՝ ոչ միայն աջակցել տաղանդին, այլև պահպանել մշակութային շարունակականությունը՝ ստեղծելով ամուր կապ անցյալի, ներկայի և ապագայի միջև»,- նշում է «Մեր ապագան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
«Մինչ այժմ Հայաստանը ամենամշակութային երկիրն է, որը մասնակցում է մրցույթին։ Այստեղ կա հին, իրական, բարձրագույն մշակույթ, և կան մարդիկ, ովքեր ձգտում են աջակցել տաղանդավոր կատարողներին։ Հետևաբար, թող տարածաշրջանի մյուս երկրները հետևեն Հայաստանի օրինակին»,- իր խոսքում նշեց Գալինա Պրեոբրաժենսկայան։




