Ավստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունում
Մշակութային
Հերթական «Եվրատեսիլ»-ը մնաց այլեւս անցյալում: Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի եզրափակիչը: Այս տարի Հայաաստանը ներկայացրեց Պարգը՝ Պարգեւ Վարդանյանը, եւ ստացավ 72 միավոր՝ ազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության հանրագումարում: Այսպիսով՝ Հայաստանը հայտնվեց 20-րդ հորիզոնականում: Իսկ «Եվրատեսիլ 2025»-ի հաղթող դարձավ Ավստրիան ներկայացնող JJ-ը՝ իր «Խաբնված սեր» երգով: Հայաստանը իր ամենաբարձր՝ 12 միավորն, ուղարկեց Ֆրանսիայի ներկայացուցչի օգտին:
Ինչեւէ, դատելով Պարգի ելույթից եւ վաստակած գնահատականներից եւս մեկ անգամ համոզվում ենք, որ «Եվրատեսիլ»-ը քաղաքական հարթակ է, որը այնուհանդերձ ունի իր առանձնահատուկ եւ անընկալելի մոտեցումը՝ երգի եւ երգարվեստի նկատմամբ: Ի դեպ, երգի մրցույթը այս անգամ էլ չանցավ առանց միջադեպի․ թիրախում էր հայ արտիստ Պարգը։ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում՝ Հայաստանի ներկայացուցչի ելույթից հետո, Իսրայելի Հանրային հեռարձակողի հաղորդավարի հնչեցրած արտահայտությունը դուրս էր կոռեկտության սահմաններից։ Դրա կապակցությամբ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը պահանջել էր պարզաբանում Իսրայելի Հանրային հեռարձակողից և ստացել էր վերջինիս գլխավոր տնօրենի պաշտոնական նամակը, որտեղ իսրայելական կողմը ներողություն էր խնդրում հաղորդավարի արտահայտությունների համար։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
