ՀՀ նախագահը «Յելլ էքսթրիմ պարկի» համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանին պարգեւատրել է Անանիա Շիրակացու մեդալով
Արխիվ 16-20
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար «ՅԵԼԼ ԷՔՍԹՐԻՄ ՊԱՐԿ» նախագծի համահիմնադիր ՏԻԳՐԱՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԸ պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
«Այս պարգեւը մեր ամբողջ թիմինը, գործընկերներինն ու հատկապես այն լրատվամիջոցներինն է, ովքեր լսելի են դարձնում ոլորտում առկա ձեռքբերումներն ու հիմնախնդիրները: Մենք ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում բազմաթիվ պրոյեկտներ ենք իրականացնում եւ դեռ շատ գաղափարներ ունենք: Մեր թիմը նույնպիսի էնտուզիազմով եւ պատրաստակամությամբ շարունակելու է իրականություն դարձնել ամենաէքսթրեմալ եւ նորարար նախագծերը՝ այդպիսով նպաստելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը»-,նշեց «ՅԵԼԼ ԷՔՍԹՐԻՄ ՊԱՐԿ» նախագծի համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:
«Yell Extreme Park» նախագիծը հիմնադրվել է 2015 թվականին եւ իրականացնում է զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Այն նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը եւ խթանել առողջ ապրելակերպը:
«Yell Extreme Park» նախագիծն իր գործունեությունը մեկնարկել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաեւ պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ և այլն:
Ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը՝ «Yell Extreme Park»-ը 2017թ. մայիս ամսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ համատեղ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսեց իրականացնել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ:
Հիշեցնենք, որ «Yell Extreme Park»-ի ներկա խոշորագույն նախագիծը Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցումն է ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Զիփլայնը կուեննա 2770մ երկարություն եւ 200-300մ բարձրություն, թռիչքը կտեւի 3-4 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ: Այն կգործարկվի 2018 թվականին: