Լուսինե Զաքարյանի բնակարանը վերջապես կվերածվի թանգարանի
Արխիվ 16-20
Անվանի արվեստագետներ լուսահոգի, հայ մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի եւ ամուսնու՝ հոգեւոր երգիչ, բանասեր Խորեն Պալյանի մահից հետո, չարչրկված ու ցեցերի մեջ թաղված Եզնիկ Կողբացի 42 հասցեում գտնվող նրանց բնակարանը, որտեղ երկար տարիներ ապրել ու ստեղծագործել են, պատկանում է Խ. Պալյանի զարմիկներին: Տարիներ շարունակ նրանք ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս՝ բնակարանը թանգարանի վերածելու հարցում: «Իրավունքն» անդրադարձել էր, որ այս տարվա ամռանը հայոց հոգեւոր երգի տիրամոր՝ Լուսինե Զաքարյանի բնակարանը վերջապես կվերածվի թանգարանի, այդ մասին օրերս հայտարարել էր ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Այնուամենայնիվ, արդեն հայտնի է, որ անվանի արվեստագետների տունը կունենա հիմնադրամ-թանգարանի կարգավիճակ: Ցուցադրության գիտական հայեցակարգը կմշակի Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը: Բնակարանի վերանորոգումը ստանձնել է Րաֆֆի Պալյանը՝ Խորեն Պալյանի եղբորորդին, իսկ վերանորոգման աշխատանքը նախատեսում են ավարտին հասցնել մինչև երգչուհու ծննդյան օրը՝ հունիսի 1-ը: Հենց այդ օրն էլ տեղի կունենա Լուսինե Զաքարյանի թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը եւ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի մեծ ցանկությունն այլեւս իրականություն կլինի:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ