Մահացու վրաերթի մեջ մեղադրվողին ձերբակալեցին. Նա «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին է
Արխիվ 16-20
Երեւանում ձերբակալվել է 26-ամյա տղամարդը, որը մեղադրվում է մարտի 10-ի գիշերը Կենտրոնական բանկի դիմաց 75-ամյա կնոջը մահացու վրաերթի ենթարկելու մեջ։ Ձերբակալվածը 26-ամյա Ժորա Վարդանյանն է, որի փոխարեն մեկ այլ մարդ էր ներկայացել եւ խոստովանել կատարած արարքը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել է, որ ավելի վաղ ներկայացված անձն արգելանքից ազատվել է:
Նշենք, որ Երեւանում մարտի 10-ի երեկոյան Կենտրոնական բանկի մոտ տեղի ունեցած մահացու ելքով ավտովթարի փաստով ձերբակալվել էր 42-ամյա Լեւոն Ա.-ն. վերջինս ներկայացել էր Ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ Վազգեն Սարգսյան փողոցում ինքն է Mercedes G63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել հետիոտնին:
Իրավապահները պարզել են, որ ավտոմեքենայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը հաշվառված է 26-ամյա Ժորա Վ.-ի անվամբ, որը կաթնամթերքի «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի տղան է եւ դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան, ավտոմեքենան էլ հաշվառված է Մարիաննա» ընկերության հաշվեկշռում: Ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ իրական վարորդը ներկայացած Լեւոն Ա.-ն չի եղել: Նա պարզապես իր վրա էր վերցնում կատարվածի պատասխանատվությունը: Այդ վարկածը Ոստիկանության եւ քննչական բաժնի կողմից ճշտվում է: