7 փորձված միջոց աչքերի տակ առաջացած այտուցներից ազատվելու համար
Արխիվ 16-20Աչքերի տակ առաջացած «պարկերը» կարող են տհաճ անակնկալ դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել դրանցից: Նման այտուցները կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում՝ մաշկի սխալ խնամքով, քնի պակասով և անգամ առողջական լուրջ խնդիրներով, ուստի մինչ որևէ միջոց կիրառելը խորհուրդ է տրվում դիմել բժշկին։ Այնուամենայնիվ անգամ առողջական խնդիրների առկայության դեպքում հիմնական հիվանդության բուժման հետ մեկտեղ հարկավոր է պայքարել նաև այտուցների դեմ։
Այտուցները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ արտաքինի վրա՝ հաղորդելով հոգնած ու անառողջ տեսք և ստիպելով անհապաղ դրանց դեմ որևէ միջոց ձեռնարկել։ Շատ հաճախ մարդիկ պարզապես փորձում են քողարկել դրանք շպարի օգնությամբ, ինչը երբեմն էլ ավելի է վատթարացնում վիճակը, մինչդեռ կարելի է կիրառել փորձված ու պարզ բնական միջոցներ, որոնք րոպեների ընթացքում ավելի թարմ տեսք կհաղորդեն ու կազատել այտուցներից և մուգ շրջանակներից։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս տհաճ խնդրի դեմ պայքարի լավագույն բնական միջոցները։
Սառը ջուր կամ թուրմեր
Աչքերի տակ առաջացած այտուցների ու մուգ շրջանակների դեմ պայքարի ամենապարզ ու հասանելի միջոցներից մեկը սառը ջուրն է։ Կարելի է պարզապես օրվա ընթացքում պարբերաբար լվացվել շատ սառը ջրով կամ մերսել մաշկը սառույցի կտորներով։ Կարելի է սառույցի կաղապարների մեջ սառեցնել նաև անանուխի կամ երիցուկի թուրմ և կիրառել դրանք, քանի որ այս բույսերը շատ արդյունավետ են այտուցների դեմ պայքարում։ պարզապես հարկավոր է սառույցի կտորները փաթաթել մաքուր կտորով ու 1-2 րոպե դնել աչքերին։
Սառը գդալ
Այտուցվածությունից ազատվելու համար կարելի է նաև այտուցված մաշկին սառը գդալ դնել։ Պարզապես հարկավոր է գդալները 10 րոպե դնել սառցարան, այնուհետև դնել մաշկին մինչև մետաղը տաքանա։ Տաքանալուն պես հարկավոր է շարունակել պրոցեդուրան այլ գդալով։ Այս պրոցեդուրան կթուլացնի արյունատար անոթներն ու կձգի աչքերի տակի մաշկը՝ դարձնելով այն ավելի պիրկ ու երիտասարդ։
Վարունգ
Վարունգը պարունակում է ֆերմենտներ, որոնք օգնում են նվազեցնել աչքերի այտուցվածությունը։ Ցանկալի արդյունքին հասնելու համար պարզապես հարկավոր է վարունգը բարակ շերտերով կտրատել, 20 րոպե դնել սառնարան, այնուհետև յուրաքանչյուր աչքին դնել վարունգի մեկական շերտ՝ թողնելով մոտ 10 րոպե։ Այս պորցեդուրան հարկավոր է կրկնել օրական մի քանի անգամ։ Այն ոչ միայն կազատի աչքերի տակի մուգ շրջանակներից ու «պարկերից», այլև կնվազեցնի աչքերի շուրջն առաջացած կնճիռների քանակն ու կթարմացնի դեմքի մաշկի գույնը։
Կաթ
Աչքերի տակ առաջացած մուգ շրջանակների ու այտուցների դեմ պայքարում շատ արդյունավետ կարող է լինել նաև կաթը։ Պարզապես հարկավոր է բամբակյա սկավառակները թրջել սառը կաթով, դնել աչքերի տակ ու թողնել 10-15 րոպե։
Հալվե վերա
Այս բույսը պարունակում է հակաօքսիդանտներ ու վիտամին Е, ինչի շնորհիվ հիանալի միջոց է աչքերի տակ ի հայտ եկած «պարկերից» ազատվելու համար։ Հալվեն բարելավում է արյան շրջանառությունն ու ազատում է ավելորդ հեղուկից՝ այդ կերպ օգնելով ազատվել նաև այտուցներից։ Պարզապես հարկավոր է աչքերի տակ առաջացած այտուցներին հալվե վերայի գել քսել, սակայն հարկավոր է շատ ուշադիր լինել և թույլ չտալ, որ այն հայտնվի աչքի մեջ։
Ձվի սպիտակուց
Ձվի սպիտակուցը վերականգնում է մաշկի պրկությունն ու ազատում է այտուցներից։ Այս մթերքի օգնությամբ այտուցներից ազատվելու համար հարկավոր է սպիտակուցը հարել, որպեսզի այն վերածվի համասեռ զանգվածի, այնուհետև վրձնի օգնությամբ քսել մաշկին։ Թողնել մինչև այն չորանա, այնուհետև լվացվել գոլ ջրով։
Թեյի փաթեթիկներ
Շատ արդյունավետ կարող են լինել նաև կանաչ կամ սև թեյերը։ Պարզապես հարկվոր է թեյը թրմելուց հետո փաթեթիկները դնել սառցարան, այնուհետև սառը փաթեթիկները 10-15 րոպե դնել աչքերին։ Թեյի փաթեթիկները կարելի է օգտագործել նաև գոլ վիճակում, սակայն այս դեպքում պրոցեդուրան պետք է տևի ընդամենը 5-7 րոպե։ Թեյի փաթեթիկները կիրառելու դեպքում հարկավոր է հիշել, որ դրանք պետք է լինեն առանց կողմնակի հավելումների։
Նյութի աղբյուրը՝ hronika.info