Մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք. մահացել է Զավեն Հարությունյանը
ՄշակութայինԱյսօր կյանքից հեռացել է «Դիպված» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Զավեն Հարությունյանը: Հոգեհանգստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 3-ին, ժամը` 18:00-ին, «Եդեմ» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ հունիսի 4-ին, ժամը` 13:00-ին:
Հիշեցնենք, որ նա 1960 թվականից ներգրավված էր հայկական հեռուստատեսության տարբեր ծրագրերում, դերակատարումներով մասնակցել է մանկական ներկայացումներին, «ABC» երիտասարդական, «Ֆրանսերենի հեռուստադպրոց» հաղորդաշարերին։
Կազմակերպել է մշակութային տարաբնույթ միջոցառումներ։ Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, գիտա-մեթոդական աշխատություններ, ուսումնական ձեռնարկներ։ Վերապատրաստվել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի համալսարանում եւ ստացել էստրադային ռեժիսորի մասնագիտություն։
Իրականացրել է բազմաթիվ մասշտաբային միջոցառումներ, ամանորյա, հոբելյանական երեկոներ՝ «Փարիզյան էսքիզներ», «Պատնեշ», «Բոհեմ», «Վերջին սկիզբ` Սիմոն Տերյան», «Արամ Սաթյան» եւ այլն։
2002 թվականին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեղինակել եւ վարել է «Ակնթարթ» ծրագիրը։ 2003 թվականից «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեղինակում եւ վարում էր «Դիպված» հաղորդաշարը։