ՔՊ-ն չի շտապում կարծիք հայտնել Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրության մասին
ՆերքաղաքականԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ խոստանում է, որ կլինի քաղաքական գնահատական, սակայն պետք է սպասել:
– Կա մտահոգություն այդ ձայնագրությունը լսելու արդյունքում, բնականաբար, դատախազությունը ուսումնասիրում է այն: Խնդրում եմ սպասել: Քաղաքական գնահատական եւս կհնչի, երբ մենք մանրամասներին ծանոթանանք դատախազության ընդունած վարույթի արդյունքում: Հնչած բառապաշարի հետ կապված` առանձնապես ասելիք չունեմ, ձայնագրությունը հրապարակային է, լսել եք:
– Գագիկ Ջհանգիրյանն ասում է, որ «իմ վզին դրել են», որ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականի գործը գլուխ բերի: Ի՞նչ կասեք այս մասին:
– Վզի մասով առանձին որեւէ առանձնահատուկ մեկնաբանություն չեմ կարող տալ, արդեն ասացի` մանրամասները դատախազությունը կքննի, վստահ եմ` տեղեկատվություն կհնչի հրապարակային, ու մենք կտանք նաեւ քաղաքական մեկնաբանություն:
– Ըստ էության, այսօրվա դատական համակարգի ամենաբարձր պաշտոնյաներից մեկը փորձել է ճնշում գործադրել, չե՞ք կարծում, որ այսքանից հետո Ջհանգիրյանը պետք է հրաժարական տա:
– Մենք եկել ենք ՀՀ-ում արդարություն եւ արդարադատություն վերականգնելու համար եւ գնում ենք այդ ճանապարհով, հետ չենք կանգնելու այդ ճանապարհից` որքան էլ բարդ լինի ու խնդիրներով լի: Նորից եմ հորդորում` մեկնաբանությունների համար սպասել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ