Հայտնի է Արցախի ԱԺ հայտարարության տեքստն ու հանրահավաքին ելույթ ունեցողների անունները
Ներքաղաքական
Այս պահին Արցախի տարբեր վարչական շրջաններից մեծ թվով արցախցիներ սկսվել շարժվել դեպի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ ժամը՝ 15:00-ին մասնակցելու համազգային հանրահավաքին:
«Իրավունքին» որոշ մանրամասներ է հայտնի դարձել, թե հանրահավաքին բարձրաստիճան պաշտոնյաներից եւ հայտնի քաղաքական, ռազմական դեմքերից ովքեր են ներկա լինելու եւ ովքեր են ելույթ ունենալու:
Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, օրակարգային փոփոխություններ են եղել: Եթե երեկ կային լուրեր, որ բեմից ելույթներ են ունենալու նաեւ պատգամավորներ, ապա այսօր վերջանական հստակեցվել է, որ ելույթ է ունենալու բացառապես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը եւ հայ- ռուսական դարավոր բարեկամության մասին ելույթ կունենա ականավոր մի դասախոս:
Հատկանշական է այն, որ բեմ է բարձրացվելու ոչ միայն Արցախի դրոշը, այլեւ Ռուսաստանի: Ըստ օրակարգի, հանրահավաքը տեւելու ժամուկես, որի կես ժամը լինելու է ուղիղ հեռարձակում Ազգային ժողովի նիստերի դահլիճից: Շուրջ մեկ ժամ էլ նախատեսվում է բուն հանրահավաքը: Նախատեսվում է, որ ներկա են լինելու 20-30 հազար արցախցի: Ի դեպ, հանրահավաքին, ինչպես նշել էինք, մասնակցելու է նաեւ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, առաջին պատերազմից մինչեւ այսօր Արցախի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած ռազմական գործիչներ, գեներալներ Սամվել Կարապետյանը, Լեւոն Մնացականյանը, Մեղրյանի անվան ջոկատի հրամանատար Ռոլանդ Շառոյանը եւ այլք:
Մեզ հայտնի է դարձել նաեւ, թե ինչ հայտարարությամբ է հանդես գալու Արցախի Ազգային ժողովը: Նիստի սկզբում կներկայացվի հայտարարության նախագծի տեքստը, որը կքննարկվի կարճ ելույթներով, այնուհետեւ կընդունվի: Հայտարարության առանցքային հատվածը վերաբերում է նրան, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ներկայացրած առաջարկն արցախահայությունը համարում է ընդունելի: Նրանք դիմում են Հայաստանի իշխանություններին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը՝ ներկայացնել արցախահայության վերոնշյալ պահանջը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Ստեփանակերտ-Երեւան





