Ժողովրդի կողմից սիրվածները պիտի իրենց ձայնը բարձրացնեն. Սրբուհի Ստամբոլցյան
Մշակութային«Իրավունքը» զրուցել է երգչուհի, երգահան, հեղինակ-կատարող, վոկալի մասնագետ ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ:
— Ի՞նչ տպավորություններ ստացաք Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից:
— Ես չեմ հետեւում Փաշինյանի ելույթներին: Հետո լսում եմ ինձ համար վստահելի քաղաքագետների մեկնաբանությունները: Ամեն դեպքում, հստակ ոչ մի կարծիք չեմ կարող ունենալ, որովհետեւ նա անկանխատեսելի է. կարող է մի բան ասել ու միանգամայն այլ բան անել:
— Արցախյան հարցը, ըստ Ձեզ, ի՞նչ լուծումներ կունենա:
— Ես հավատում եմ նախախնամությանը: Տիեզերական արդարությունն իր գործն անելու է: Բայց մեզնից էլ է շատ բան կախված. պիտի արժանի լինենք: Պիտի վերագտնենք մեզ, մեր ինքնությունն ու գիտակցենք մեր առաքելությունը: Իսկ դա բարդ ու հետեւողական աշխատանք է: Ուսուցողական աշխատանք:
— Արդյո՞ք որոշ մշակույթի գործիչների լուռ վերաբերմունքն այս ամենին ճիշտ է, որ նրանք ինչպես իրենցից ոմանք են ասում` պետք է միայն իրենց գործով զբաղվեն:
— Եթե մենք ունենայինք հզոր ու արդար պետություն, ունենայինք ազգային քաղաքականություն վարող իշխանավորներ, այո, ամեն մեկն իր գործով կզբաղվեր: Բայց մեր այս իրականության մեջ դա ընդամենը անտարբերություն ու վախկոտություն է: Առավել եւս, ժողովրդի կողմից սիրվածները պիտի իրենց ձայնը բարձրացնեն: Այդ հարցին հայրս էսպես էր պատասխանում՝ արվեստագետն առաջին հերթին պիտի մարդ լինի, հետո՝ ազգասեր քաղաքացի, հետո նոր՝ նկարիչ, երաժիշտ, դերասան կամ այլ մասնագիտության տեր:
— Լուռ են նաեւ երգարվեստի որոշ գործիչներ: Չեն խառնվում աշխարհաքաղաքական հարցերին, բայց զբաղվելով իրենց արվեստով, արդյո՞ք ճիշտ երգարվեստ է մատուցվում մեզ հեռուստաէկրաններից:
— Ամեն անգամ եմ ասում, որ այդ ասպարեզը, քանի որ ամենակիրառելին ու տարածվածն է, պիտի պետությունը վերահսկվի: Չէ՞ որ երգով էլ են դաստիարակում: Բայց դա չարեցին ո՛չ հները, ո՛չ սրանք: Նաեւ վաղուց կորուսյալ է գրաքննադատության դպրոցը: Եթե մեզ ներկայացվող երգերի թրքաարաբական մեղեդիների ոչ հայկականությունը կարող է դառնալ քննարկելի, ապա երգերի բառերի անգրագիտությունն ակնհայտ ու ապացուցելի է: Քանի՞ լեզվաբան կամ արվեստաբան է քննադատել երգերի համար գրվող բառերի որակը: Քանի՞սը, ոչ մեկը: Այդ ասպարեզը նրանց համար ստորաքարշ է, իրենց մակարդակից ցածր, անհետաքրքիր: Բայց չէ՞ որ հենց էդ ստորաքարշով է դաստիարակվում սերունդը: Ես ավելի քան վստահ եմ, որ սա հատուկ քաղաքականություն է մեզ մեր ինքնությունից էլ ավելի հեռացնելու համար: Եվ ո՛չ միայն երգարվեստում, այլ սկսած մանկապարտեզից, վերջացրած դպրոցով: Ի՞նչ ազգային ու հոգեւոր գիտելիք է տրվում: Հենց նույն դպրոցն ավարտած քանի՞սն են գրագետ: Միայն սոցցանցերի գրություններն արդեն բավական են մեր կրթական մակարդակը գնահատելու համար:
— Շատ է քննարկվում «Մանկական Եվրատեսիլի» պաստառի վրայի հետհաշվարկային ժամացույցի դրոշը, որը բոլորովին էլ մեր Եռագույնը չէ: Դուք ի՞նչ կարծիք ունեք:
— Այս իշխանության սիմվոլապաշտությանը բազմիցս եմ անդրադարձել, ես դա, ի տարբերություն շատերի, ակնհայտ եմ տեսնում: Սա էլ երեւի կամ հերթականն է, կամ էլ դիզայների՝ նորից Արեւմուտքից գողացված հերթական պլագիատը: Ինչեւէ, ես միշտ դեմ եմ խոսել եվրատեսիլներին մեր մասնակցությանը: Այդքան գումարը կարող էր ծախսվել շատ ու շատ ավելի կարեւոր գործերի համար: Ասենք՝ Հայաստանն ու հայկական պատմությունն ու մշակույթը օտարին ներկայացնող ու բացահայտող ֆիլմեր նկարեին:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ