Կեսդարյա «Հորովելի» հոբելյանը Երեւանում
ՄշակութայինՕպերայի եւ Բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակից իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը ավարտեց Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը։ Անսամբլն իր կեսդարյա պատմությամբ ներկայացավ երեւանյան հանդիսատեսին, ներկայացվեցին հայ ժողովրդական երգի եւ պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է իր հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։
Համերգին գեղարվեստական ողջույններով հանդես եկան վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի պարի պետական անսամբլը, «Բարեկամություն» պարավեստի պետական անսամբլը, «Բերդ» պարային անսամբլը, ՀՀ ՊՆ «Սարդարապատ» պարի անսամբլն, ինչպես նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:
Անսամբլի մի շարք արտիստներ պարգեւատրվեցի ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատվոգրերով, իսկ անսամբլի հիմնադիր երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:
Անսամբլը իր կողմից «50-ամյա Հորովել» հուշամեդալներով պարգեւատրեց գործընկեր անսամբլներին, Թովմաս Պողոսյանին, Արսեն Գրիգորյանի եւ կայացած համերգի ռեժիսոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանին:
Հիշեցնենք, որ «Հորովել» երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստերն է Արայիկ Գեւորգյանը, երաժշտական մասի ղեկավարը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էլմիրա Կռոյանը, գեղարվեստական ղեկավարը՝ Արմեն Ներսիսյանը: