Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հեռանում է պաշտոնից։ Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Դարբինյանը նշել է, որ մայիսի 14-ին լրանում է իր` որպես ռեկտոր լիազորությունների ժամկետը։
«Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ եւ ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը վերընտրվելու եւս 5 տարի ժամկետով եւ հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն, սակայն, 2 կողմից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ»,- գրել է նա։
ՀՌՀ ռեկտորն ընդգծել է` չնայած որ իրեն որպես միասնական թեկնածու առաջադրել է համալսարանի ամբողջ անձնակազմը, այնուամենայնիվ, ինքը չի մասնակցի ընտրություններին։ Առաջիկայում իր գործունեությանն անդրադառնալով` նա նշել է, որ չի բացառում մասնավոր համալսարանի ստեղծումը, ինչը ֆինանսական ներդրումներ կպահանջի: