Վանաձորում տեղի ունեցավ «Թաքուն…անխոս» երգի շնորհանդեսը
ՏեսանյութերՎանաձորցի մտավորականներին եւ մշակութային հաստատությունների սաներին մեկ հարկի տակ էր համախմբել սփյուռքահայ գրող-հրապարակախոս, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Յակոբ Այնթապլեանը։ Հանդիպման հիմնական թեման առնչվում էր Հայաստան-Սփյուռք կապերին։ Հարցերը շատ էին, պատասխանները՝ սպառիչ:
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ Յ. Այնթապլեանի «Վերադարձ» ժողովածուում տեղ գտած «Թաքուն…անխոս» բանաստեղծության հիման վրա գրված երգի եւ տեսահոլովակի շնորհանդեսը: Երաժշտության հեղինակը ԵՊԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանն է։ Երգը կատարեց հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր Անդրանիկ Մալխասյանը։
Վանաձորցիները բարձր գնահատեցին ներկայացված ստեղծագործությունը։ Ի դեպ, «Թաքուն…անխոս» երգի շնորհանդես նախատեսվում է իրականացնել նաեւ մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում, որոնք եւս կուղեկցվեն Հակոբ Այնթապլեանի դասախոսություններով:
Նշենք, որ Յակոբ Այնթապլյանն առաջին անգամ Հայաստան է այցելել արցախյան շարժման օրերին; 1988 թվականի երկրաշարժից հետո, մինչ օրս էլ բարեգործական գործունեություն իրականացրել հայրենիքում: Նրա մտահոգությունների առանցքում նաեւ հայերենապահպանության եւ հայոց լեզվի անաղարտության պահպանման խնդիրներն են, որոնց լուծման ուղղությամբ ներկայումս մեծ աշխատանք է տանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ