Փոշմանածները
Ներքաղաքական
«Իրավունքի» տեղեկություններով` Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ փոշմանել են, որ մտել են ընտրապայքարի մեջ: Քարոզարշավի ընթացքում հանրության հետ առերեսումները նրանց ցույց են տվել, որ այս փուլում լրջագույն սխալ էր առաջադրվելը:
Այս մասին որոշակի ակնարկներ արդեն իսկ սկսել են անել նրանցից մի քանիսը: Օրինակ` «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանն ասում է, որ պատրաստ է ինքնաբացարկ հայտնել` հանուն լայն կոնսոլիդացիայի ընդդեմ օրվա իշխանության: Իսկ «Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը նույնիսկ հորդորում է իշխանություններին հենց այսօր կասեցնել քարոզարշավը եւ փորձել համախմբել ազգին, քաղաքական, հասարակական բոլոր ուժերին: Կան նաեւ ուժեր, որոնք նույն մտքին են, բայց դեռ համարձակություն չունեն այս մասին բարձրաձայնել, բացի այդ, ափսոսում են արդեն իսկ ծախսված գումարներն ու ռեսուրսները:
Տպավորություն է, որ մի շարք քաղաքական ուժերի զոռով են մտցրել ընտրապայքարի մեջ, իսկ խաղից դուրս գալ` վերեւներից թույլ չեն տալիս:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ