Տաթեւ Արցախի դեմ հարուցված գործով դատական նիստը տեղի կունենա վաղը
Ներքաղաքական
44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթեւ Արցախի (Տաթեւիկ Վիրաբյան) կալանքի վերաբերյալ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 11:00-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ք. Երեւան, Գյուլիքևխվյան 20):
Հիշեցնենք, որ փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ Տաթեւիկ Վիրաբյանին ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու եւ այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք: Քննիչը պատրաստվում է միջնորդել դատարան, որպեսզի Տ. Վիրաբյանի նկատմամբ կալանք խափանման միջոցը կիրառվի: Նա արդեն 4-րդ օրն է, ինչ ձերբակալված է՝ լինելով երկու անչափահաս երեխայի մայր:
Ի դեպ, սեպտեմբերի 19-ին Քննչական կոմիտեն հայտարարությամբ էր հանդես եկել, որով հայտնել էր, թե կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ ՔԿ-ն մեջբերել էր «Tatevik Virabyan» ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը. «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք արեք, ասեք բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… Այո, զանգվածային անկարգություններ ա պետք, շենքեր գրավելա պետք…»։ Քննչական կոմիտեն նաեւ եւս երկու գրառում էր մեջբերել՝ նույն ֆեյսբուքյան էջից. «Մահ Նիկոլին, Ազատություն Արցախին», «Նիկոլին իր ա սրիկայախմբին պիտի գմփցնել, տրաքացնել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ