Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է. այն երկրորդի նման չէ. Նուռ Նադա
ՄիջազգայինԵգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժումը ոչնչացնելու համար Իսրայելից տարիներ կպահանջվեն: Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի խոսքով` Եգիպտոսը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում ճգնաժամի տարածումը կանխելու համար: Նա դատապարտել է քաղաքացիական անձանց դեմ իրականացված բոլոր գործողությունները:
Եգիպտոսի նախագահն Իսրայելից պահանջել է հրաժարվել Գազա ցամաքային ներխուժումից եւ զգուշացրել նման քայլի ծանր հետեւանքների մասին: Այս մասին Մոսկվայում կայացած Յալթայի միջազգային համաժողովի շրջանակում «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Կահիրեի գիտության կառավարման Սադաթ ակադեմիայի (Եգիպտոս) տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր ՆՈՒՌ ՆԱԴԱՅԻ հետ:
— Եգիպտոսը հյուսիս-արեւելքում սահմանակցում է Իսրայելին, Գազայի հատվածում՝ Պաղեստինին: Ձեր շուրջը հիմա հարեւանները պատերազմում են, ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը:
— Սա լրիվ անարդար ագրեսիա է Պաղեստինի ժողովրդի նկատմամբ: Նրանք խաղաղ ժողովուրդ են, իսկ Իսրայելն ունի լավագույն զենքերը` Միացյալ Նահանգների շնորհիվ: Եվ այս իրավիճակում պրակտիկապես ամբողջ արեւմտյան երկրներն աջակցում են Իսրայելին: Մինչդեռ Պաղեստինի ժողովուրդը պայքարում է իր հողում, իր հայրենիքում ապրելու համար, իսկ Իսրայելի ժողովուրդը հայտնվել են այդտեղ տարբեր երկրներից: Նրանք իրավունք չունեն վռնդել Պաղեստինի ժողովրդին իրենց տներից, իրենց հողից, բայց այսօր տեսնում ենք, որ զոհվում են պաղեստինցի երեխաներ, կանայք: Նրանք հիմա ապրում են սարսափելի աղքատ պայմաններում: Կարծում եմ` աշխարհի արդարները պետք է կասեցնեն այսպիսի ողբերգական գործընթացները, որոնք մինչեւ այժմ տեղի են ունենում: Սա ամբողջ աշխարհը տեսնում է, բայց ոչ մեկը չի օգնում: Իհարկե, կան որոշ երկրներ, որոնք սատարում են խոսքերով, բայց նյութապես կամ արդյունավետ որեւէ գործողություն չեն անում: Իրավիճակը շատ ծանր է եւ ոչ միայն Պաղեստինում, այդպիսի ողբերգություններ տեղի են ունենում ամբողջ աշխարհում` Ասիայում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում: Սրանով կապիտալիստական համակարգը փորձում է հաղթահարել գլոբալ եւ դաժան տնտեսական ճգնաժամը:
— Բայց աշխարհը ակտիվորեն արձագանքում ու սատարում է Ուկրաինային, ինչպե՞ս հասկանալ, որ աչք էին փակում, օրինակ, երբ Արցախում հայեր էին զոհվում ու գերեվարվում:
— Սրանք երկակի ստանդարտներ են եւ ընդհանրապես կապ չունեն ժողովրդավարություն հետ, ինչի մասին այդքան խոսում են: Կապիտալիստական դիկտատուրան է հիմա կառավարում աշխարհը` առանց խղճի եւ մարդկային զգացմունքների: Սա ինձ հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, այն ժամանակ էլ միլիոնավոր խաղաղ ժողովուրդ զոհվեց: Այնպես որ, ինչ կատարվում է հիմա աշխարհում, սա նոր համաշխարհային պատերազմ է: Երրորդ համաշխարհային պատերազմը երկրորդի նման չէ. սա նոր տարբերակն է: Դրա համար էլ աշխարհում ամեն տեղ ազգերը տառապում են, իսկ միջազգային կառույցները` ՄԱԿ-ից սկսած, խոսքեր ասելուց բացի` ոչնչով չեն զբաղվում: Միջազգային կառույցները դարձել են լոկ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական զենքը:
— Ի հեճուկս բազմաթիվ երկրների` Եգիպտոսը դեմքով չշրջվեց Ռուսաստանին, ավելին` Ձեր ելույթում խոսում էիք, թե ինչպիսի տնտեսական մեծ ձեռքբերումներ ունեք դրա շնորհիվ: Կմանրամասնե՞ք:
— Այո՛, Եգիպտոսը սատարում է Ռուսաստանին: Ավելին` այս պահին իմ նախաձեռնությամբ խորհրդարանում ձեւավորվում է Ղրիմ-Եգիպտոս պատգամավորական բարեկամական խումբ, թեպետ մեր խորհրդարանում պատգամավորների 90 տոկոսն էլ Ղրիմի բարեկամներն են: Հիմա մեր խնդիրն է, որ պաշտոնապես լինի Ղրիմի ու Ռուսաստանի եւ Եգիպտոսի պատգամավորների բարեկամական խումբ: Ինչպես Խորհրդային միությունը, այնպես էլ Ռուսաստանը Եգիպտոսի համար նշանակում է ունենալ 1200 կառուցված գործարան` դեռեւս 60-ական թվականններից: Եգիպտական բանակի զենքի 80 տոկոսը ռուսական է: Եգիպտոսում Ռուսաստանի կողմից արված ներդրումները հասնում են 13 միլիարդ դոլարի: Առեւտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ 6 միլիարդ դոլար է: Այս պահին մեր եւ աֆրիկական երկրների տնտեսական կապերը Ռուսաստանի հետ էլ ավելի են զարգանում` Արեւմուտքի եւ Միացյալ Նահանգների կողմից ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների ֆոնին:
— Եգիպտոսը տեւական լարված հարաբերություններից հետո Թուրքիայի հետ վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները: Հիմա ինչպե՞ս է Ձեր երկիրը վերաբերվում Թուրքիային:
— Հիմա մեր ունեցած հարաբերությունները Թուրքիայի հետ կարելի է համարել բնական: Այո, կար ժամանակ, երբ Թուրքիան սատարում էր մուսուլման եղբայրներին եւ հրահրում ընդդեմ Եգիպտոսի ղեկավարության եւ ժողովրդի: Բայց Եգիպտոսը չընկրկեց մուսուլման եղբայրների առաջ: Մենք ասացինք, որ ուզում ենք ստեղծել մեր ժողովրդավարական հանրապետությունը` հեռու կրոնից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Մոսկվա-երեւան