Վաշինգտոնը Կիեւին մինչեւ տարեվերջ ժամանակ տվեց
ՎերլուծությունԱմեն դեպքում, ներկա իրողությունները (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=271069&l=am) գալիս են հուշելու, որ ռուսների ռազմաքաղաքական դիրքերն ուկրաինական խաղատախտակին շարունակում են հետեւողականորեն ամրանալ: Մի շարք ուղղություններով, եւ, իհարկե, առաջին հերթին Ավդեեւկայում ակտիվ հարձակումները շարունակվում են: Ավելին, գործնականում աչքի առաջ կարելի է համարել Ավդեեւկայի ամբողջական շրջափակման պահը, որը, թերեւս, նաեւ ներուկրաինական մեծ քաղաքական պայթյունի մեկնարկի կետն է դառնալու:
Իսկ այս պահին ներքին հարաբերությունների սրացումները այն կարգի են, որ կարելի է համեմատել մեծ ճակատամարտից առաջ ուժերի վերջնական խմբավորման հետ: Հայտարարությունը, որով նախօրեին հանդես եկավ Կիեւի քաղաքապետ Կլիչկոն, հերթական ապացույցն էր, թե ինչ վիճակ է ստեղծվել: Ըստ նրա, Զելենսկին ստեղծել է բռնապետություն եւ հիմա հասցնում է վերջին հարվածը՝ փորձելով տոտալ վերահսկողության տակ վերցնել տեղական ինքնակառավարման մարմիններին: Ընդ որում, Կլիչկոն նաեւ վստահեցնում է, որ չեն պատրաստվում ենթարկվել: Թե ում վրա է աշխատում Կլիչկոն, հայտնի բան է: Եվ այն, որ անմիջապես հաջորդեց NBC News-ի մեկնաբանությունը, թե Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Զալուժնիի պաշտոնանկությունը կլինի «մոտալուտ ավտորիտարիզմի» մասին թեզի հերթական հաստատումը, եկավ հուշելու, որ Վաշինգտոնը չի հապաղի Զելենսկուն ներկայացնել, որպես բռնապետ՝ բխող հետեւանքներով հանդերձ:
Ասենք, Սպիտակ տունն արդեն ուղիղ հարձակման է անցել, առանց թաքցնելու: Ջոն Քիրբին նախօրեին հայտարարեց. «Թռիչքուղին ավելի է կարճանում։ Եվ մենք կարծում ենք, որ մինչև տարեվերջ օգնելու ժամանակ ունենք, մինչև մեզ համար շատ ու շատ դժվար դառնա շարունակել աջակցել Ուկրաինային: Եվ շուտով տարեվերջ է...»: Այն, որ խոսում է գալիք տարվանից Ուկրաինային տրամադրվող օգնության կանգնեցման մասին, դա հասկանալի է: Բայց ի՞նչ է ակնարկում թռիչքուղու մասին, որ Ուկրաինայում պետք է հիշեն աֆղանական թռիչքուղի՞ն, որտեղ երկրից փախչողները կախվել էին ամերիկյան ինքնաթիռների շասսիից, թեեւ այնտեղ էլ բավարար տեղ չկար բոլորի համար: Ամեն դեպքում, Կիեւում շատ լուրջ մտածելու հարցեր ունեն: Առավել եւս, երբ հաջորդեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հարվածը, թե՝ իրավիճակն Ուկրաինայում կրիտիկական է, այնտեղից պետք է սպասել «վատ նորությունների»:
Կարճ ասած, Կիեւը պարտավոր է նստել բանակցելու Մոսկվայի հետ: Հակառակ դեպքում, Վաշինգտոնը պարզ հայտնում է՝ օգնել արդեն չի կարող, եւ կլինեն միայն «վատ նորություններ»: Ու դա էլ կարելի է հասկանալ, նայելով իրավիճակին, որը ծավալվել է Մերձավոր Արեւելքում: Իսրայելի եւ «ՀԱՄԱՍ»-ի հրադադարը վերջացավ, եւ դրանով Բայդենի վարչակազմը ստիպված է բախվել նորանոր խնդիրների: Վերջին փաստը. Եմենը Բաբ ալ-Մանդաբի նեղուցում հարվածներ է հասցրել նախ իսրայելյան երկու, ապա նաեւ Կարմիր ծովում գտնվող ամերիկյան «Քարնի» էսմինեցի եւ մի քանի այլ, այդ թվում՝ բրիտանական նավի: Այսպիսով, Եմենը ռազմական հարվածի տակ է պահում համաշխարհային առեւտրի համար կարեւորագույն ուղիներից մեկը` Բաբ ալ-Մանդաբի նեղուցը, որտեղով անցնում է Կարմիր ծով եւ Սուեզի ջրանցք տանող երթուղիները: Եթե ամերիկացիներին չհաջողվի իրավիճակը կարգավորել, այս հարվածներն առաջին հերթին համաշխարհային տնտեսության համար են լուրջ խնդիր դառնալու:
Բայց ամենավատն ամերիկացիների համար այն է, որ եմենցիները, որոնց ժամանակին անգամ հաշվարկների մեջ չէին ներառում, հիմա համարձակվում են գրոհել ամերիկյան ռազմանավերը: Այսինքն, ո՞ւր է իջել ԱՄՆ-ի միջազգային վարկը: Ու սա այն դեպքում, երբ ուրվագծվում է նաեւ Չինաստանի հետ մեծ հակամարտությունը: Այսպիսով, Վաշինգտոնը կարծես պարտադրված է Ուկրաինայից մի կերպ գլուխն ազատել: Միայն թե դրանից հետո Ռուսաստանը կհասնի աշխարհաքաղաքական մի մակարդակի, որի պարագայում, կրկնենք, Ալիեւն ու Նիկոլն իրոք ամենալուրջ մտորումների անհրաժեշտությունը կունենան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ