«Հանրային կապերը մշակույթում». գիտաժողով՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում
ՄշակութայինԵրեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում օրերս տեղի ունեցավ «Հանրային կապերը մշակույթում» թեմայով գիտաժողովը, որին մասնակցում էին մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողները։ Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում հանրային կապերի ունեցած զգալի դերը մշակույթի հանրահռչակման գործում՝ գիտական հետազոտության համար ընտրվել էին այնպիսի թեմաներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ տվյալ բնագավառի ոչ միայն համաշխարհային, այլեւ հայաստանյան օրընթացային խնդիրների համեմատական վերլուծություն իրականացնել։
Գիտաժողովը նախաձեռնել էր բուհի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Զաքարյանը։ Գաղտնիք չէ, որ հանրային կապերը ժամանակակից մշակույթում հանդիսանում են առաջնային կարեւորություն ունեցող բաղադրիչ եւ զարգացման գրավական։ Հայաստանյան մշակութային կառույցների գործունեությունը մեծապես դանդաղում է կամ առաջխաղացումը պարզապես անհնարին է դառնում առանց գիտականորեն հիմնավորված PR գործիքակազմի, որոնք հանդիսանում են յուրաքանչյուր մշակութային նախագծի հաջողության գրավականը։ Ինչպես մշակութային պրոդուկտը հասանելի դարձնել հասարակությանը՝ օգտագործելով ժամանակակից PR գործիքները, որոնք կիրառելի են աշխարհում եւ ինչպես դրանք տեղայնացնել, որպեսզի արդյունքում առավելապես հանրահռչակվի մշակույթը, մշակութային կառույցի գործունեությունը․ այսօրինակ հարցերի պատասխանները փորձ արվեցին ներկայացնել գիտաժողովի ընթացքում։
Կատարված հետազոտությունների ոլորտային շրջանակը բազմազան էր՝ թատրոն, կինո, հեռուստատեսություն, թանգարաններ եւ կրեատիվ PR-ի դրսեւորման տարատեսակ հարթակներ։ Ուշագրավ է, որ գրեթե չորս ամիս տեւած հետազոտական աշխատանքի արդյունքում մագիստրատուրայի ուսանողների կողմից ընտրվել էին այնպիսի ոլորտներ, որոնք օր առաջ հատկապես հանրային կապերի գործունեության թեւը բարելավելու անհրաժեշտություն ունեն։
Հակիրճ անդրադարձ կատարելով հետազոտությունների բովանդակությանը՝ պետք է արձանագրել, որ բացի հանրային կապերի շուրջ արված առաջարկներից՝ չէին մոռացվել նաեւ ոլորտներում առկա խնդիրները, ինչպես օրինակ կրթական ոլորտում հանրային կապերի կարեւորությանը: Քանի որ հետազոտությունների հեղինակներն էին տարբեր բուհերից մեկ կուրսում հավաքված ապագա մագիստրոսներ՝ այս հանգամանքը հնարավորություն էր ստեղծում ընդհանրական պատկերացում կազմել առկա բացթողումների մասին։ Կարծիքներն, իհարկե, տարբեր էին, քանի որ տարբեր էին նաեւ ընտրված թեմաները, բայց ակնհայտ էր յուրաքանչյուրի մասնագիտական նվիրվածությունն ու աշխատանքային մոտիվացիան, որով նրանք ջանում էին ունենալ իրենց ներդրումը՝ հայրենական մշակութային ոլորտի զարգացման գործում:
Թեպետ ուսանողների համար նոր էր հանրային կապերին առնչվող դասընթացը, բայց մի քանի ամսվա ընթացքում վերջիններիս կողմից տեսական մակարդակով հասցրեց յուրացվել PR-ի գործիքակազմը, որի տիրապետման իմացությունը թույլ տվեց նրանց կատարել հետազոտական աշխատանքները՝ առաջ քաշելով մի շարք առաջարկներ: Հանրահռչակման գործին նպաստող կրեատիվ գաղափարները, որոնք ամբիոնից բարձրաձայնվեցին՝ կարծես ունեն բոլոր հնարավորությունները ռեալիզացվելու եւ գործնական հարթակ բերվելու: Կատարված աշխատանքն ու արդյունքում ստացած գիտելիքն, անշուշտ, կնպաստեն նաեւ ուսանողների մասնագիտական հետագա գործունեությանը, քանի որ հանրային կապերի դերակատարությունը նկատելի է արվեստի ցանկացած բնագավառում: Առաջիկայում կատարված հետազոտությունների որոշ մասը կներկայացվի ինչպես մշակութային կառույցների ղեկավարներին, այնպես էլ կզետեղվեն գիտական եւ տեղեկատվական հարթակներում՝ նպաստելու համար հատկապես մշակույթի բնագավառում հանրային կապերի բաժինների գործունեության առաջընթացին։
ԱՐԱՄ ԴՈՎԼԱԹՅԱՆ