Փաշինյանը Հայոց պետականությանն ուղղված սպառնալիքը ձեւակերպում է իրավաքաղաքական առումով. Հարությունյան
ՆերքաղաքականԸստ ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` Սահմանադրությունն, իրոք, փոփոխման կարիք ունի:
— Բայց Նիկոլ Փաշինյանը չի խոսում սահմանադրության փոփոխության, այլ խոսում է նոր Սահմանադրության մասին։ Ընդ որում, նոր սահմանադրության մասին խոսելով` նա փորձում է հիմնավորել աշխարհաքաղաքական այն նոր իրավիճակով, որ ստեղծվել է տարածաշրջանում եւ մեծ աշխարհում։ Իսկ ի՞նչ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք գտնվում տարածաշրջանում, որին պետք է հարմարեցնենք կամ ադեկվատ դարձնենք մեր Սահմանադրությունը: Մեր բոլոր ռազմավարական բարձունքները գտնվում են Ալիեւի, նույնն է` ադրբեջանական ուժի վերահսկողության ներքո: Այսինքն` Ալիեւն այսօր Հայաստանի պետականության սպառնալիք ստեղծելու, ձեւավորելու բոլոր հնարավորություններն ունի: Փոխարենը, Հայաստանը դրանց դիմագրավելու կարողություններ, կարծես, չի ուզում ցուցաբերել։ Սա այն իրողությունն է, որի մեջ հայտնվել ենք, հատկապես 44-օրյա պատերազմից հետո: Հիշենք 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը` Որոտանից (Կուբաթլիից) մեր զորքերը 20 կմ հետ քաշելու վերաբերյալ, իբր, որպեսզի պատերազմական գործողությունները Սյունիք չթափանցեն։ Արդյունքում մի քանի շաբաթվա ընթացքում Կապան-Գորիս ճանապարհի 21 կմ-ն անցավ նրանց տիրապետման տակ, հետագայում՝ Իշխանասար, Սեւ լիճ, Սոթք… Մի խոսքով` սա այն աշխարհաքաղաքական իրողությունն է, որի մեջ հայտնվել ենք, ընդ որում՝ գործող իշխանության ձեռամբ։ Հիմա եթե խոսքն այս քաղաքական կամ աշխարհաքաղաքական իրողությունն արտահայտող սահմանադրության մասին է, ակամայից սկսում ես մտածել, որ դա ուղղակիորեն աղերսներ ունի նաեւ հետեւյալ թեզերի հետ` Արարատ-Արագած, զինանշանի վրա Արարատ լինել-չլինել, Հայոց պատմություն-Հայաստանի պատմություն, թե հայ ժողովրդի պատմություն։ Սրանք խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը անթաքույց, արդեն չկաշկանդված որեւէ հանգամանքով առերեւույթ հայոց պետականությանն ուղղված սպառնալիքը ձեւակերպում է իրավաքաղաքական առումով: