Ավինյանը հորդորում է ավտոտրանսպորտային միջոցներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
ՀասարակությունԵրեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի երեւանցիներ,
Հաշվի առնելով հունվարի 27-ին վերսկսված ձյան տեղումները հորդորում ենք ավտոտրանսպորտային միջոցներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ բացառապես ձմեռային անվադողերով:
Տեղումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, ուստի՝ խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն՝ հաշվի առնելով փողոցներում առկա երթեւեկության բարձր ռիսկայնությունը:
Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ գիշերվանից ձյան տեղումների վերսկսմանը զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները եւ շարունակվում են տեղացող ձյան պայմաններում:
Քանի որ հնարավոր են մեքենաների կուտակումներ փողոցներում, մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա եւ վաղվա ընթացքում կգործեն անվճար, քանզի կարող է առաջանալ չնախատեսված կայանումների անհրաժեշտություն»: