Նվերներ` ժողովրդին, օրհնություն` նորապսակներին. Սուրբ Երրորդություն եկեղեցում Տեառնընդառաջը նշվեց մեծ շուքով
ՏեսանյութերՓետրվարի 12-ի երեկոյից Հայ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը։ Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցում ժողովրդական տոնախմբությանը մասնակցում էր նաեւ դրանից ընդամենը րոպեներ առաջ պսակադրված զույգը։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ` Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը ժամերգությունից հետո եկեղեցու բակում վառեց խարույկը, ապա ժողովրդին Նարեկ մատյաններ, մոմեր ու ժենգյալով հաց բաժանեց։ Ի դեպ, ժենգյալով հացը պատրաստել էին արցախցիները։
Հիշեցնենք, որ Տեառնընդառաջի տոնը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է, քանի որ նշվում է Սուրբ Ծնունդից 40 օր հետո` փետրվարի 14-ին։ Քանի որ Աստվածորդուն նվիրված տոն է, այն սկսվում է նշվել նախորդ օրը երեկոյից` նախատոնակով, եւ 13-ի երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցիների հավատավոր մարդկանց տների բակերում վառվում են խարույկներ։ Դրանք խորհրդանշում են այն ջահերը, որոնք մարդիկ վառելով շտապում էին դեպի Երուսաղեմի տաճար. երբ մանուկ Հիսուսին ծնողները տարան տաճար, մեծ աղմուկ լսվեց, բացվեց հարյուրավոր տարիներ փակ արեւելյան դուռը։ Աստվածորդուն դիմավորելու շտապեց Սիմեոն ծերունին, ով, ըստ ավանդության 300 տարեկան էր եւ մահ չէր տեսնելու, մինչեւ իր ձեռքերի մեջ չառներ մարդկության Փրկչին։
Փետրվարի 14-ին` ժամը 10.30-ին, բոլոր Երեւանի եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ։ Ավարտին կատարվել է Նորապսակների օրհնության կարգ, քանի որ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակված է նորապսակների օրհնության օր։