«ՀԱՃԵԼԻ ԷՐ, ՈՐ ԵՐԿՈՒ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՈՎ ԷԻՆՔ ԿԱՆԳՆԵԼ ՊԱՏՎՈ ՀԱՐԹԱԿԻՆ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍպորտՎերջերս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության ժամանակ, մինչև 96 կգ քաշային կարգում, երկամարտի 375 կգ արդյունքով /166+209/Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Հայաստանի հավաքականի անդամ, ծնունդով գյումրեցի, Գյումրիի «Յուրի Վարդանյանի» անվան ծանրամարտի մարզադպրոցի սան Հակոբ Մկրտչյանը ։Iravunk. com-ի մարզական թղթակիցը, Հայաստանի սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաքում հանդիպել է ու զրուցել մեծահասակների Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն, Աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Հակոբ։Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ։
- Շնորհակալ եմ։ Շատ հաճելի է, որ երկրորդ անգամ նվաճեցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Բայց, ափսոսում եմ, որ Օլիմպիական քաշային կարգում չեմ։ Բոլոր մարզիկների երազանքը Օլիմպիական խաղերին մասնակցելն է, այդ հաճույքը զգալը։ Այս առումով շատ մեծ է իմ ափսոսանքը, սակայն ոչինչ չենք կարող անել, այսպես է ստացվել։ Եվրոպայի առաջնության ժամանակ հաճելի էր երկու հայի մրցակցությունը։ Հաճելի էր նաև, որ երկու հայ մարզիկով էինք կանգնել պատվո հարթակին, ես ու Դավիթ Հովհաննիսյանը։ Առաջիկա նպատակս Աշխարհի առաջնությունն է, որը կկայանա այս տարվա դեկտեմբերին, Բահրեյնում։ Քաշային կարգի փոփոխություն չեմ անի, որովհետև Օլիմպիական խաղերից հետո քաշերը կրկին կփոփոխվեն։
- Հակոբ, ում ես նվիրում հաղթանակդ։
- Նվիրում եմ ծնողներիս, իմ հրաշք դուստրերիս ու կնոջս, ինչպես նաև մեր հայ ազգին, որը այժմ շատ ունի հաղթանակների կարիք։
- Ինչպիսի տրամադրվածությամբ էիր մեկնել մրցաշարին։
- Շատ մեծ ցանկությամբ էի մեկնել, որ 2019 թվականից հետո նորից Եվրոպայի չեմպիոն դառնամ։ Շատ էի պարապել ու տանջվել այս արդյունքին հասնելու համար։ Գոհ եմ, որ տարիներ անց կրկին կարողացա ոսկե մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Շնորհակալ եմ մարզիչներիս Արմեն Մկրտչյանին ու Արա Դանիելյանին։ Հիասքանչ էր, որ Եվրոպայի առաջնությունը այդքան հաջող անցավ մեր մարզիկների համար, ամեն օր ոսկիներ էինք նվաճում ու թիմային առաջին տեղը գրավեցինք։ Նկատելով միմյանց հաջողությունները, ավելի շատ էինք ոգևորվում։ Նշեմ, որ պոկում վարժության ժամանակ ավելի շատ կարող էի բարձրացնել, 168 կգ-ն էլ իմ ուժերի սահմաններում էր, բայց այն գլխավերևում պահել չստացվեց։ Միակ պատճառը այն էր, որ արմունկի և ուսի վնասվածքով էի մասնակցում։ Պարապմունքների ժամանակ էլ մշտապես ցավեր ունեցել եմ, հենց դրա համար էլ ավելի շատ կիլոգրամներ գրանցել չէր ստացվում։ Ուղղակի, հարթակին ամեն ինչի մասին մոռանում եմ ու կենտրոնանում միայն մոտեցման վրա։ Պիտի բուժումների կուրս անցնեմ։
- Հակոբ, մրցահարթակում երկու հայ ծանրորդներով էիք, ինչ զգացողություն կար։
- Անկեղծ ասած, չեմ ուզում Դավիթին հակառակորդ անվանել, քանի որ մեր միջև պայքար չկա, ծանրաձողը դրված է, ով բարձրացնի, նա էլ կհաղթի։
- Շնորհակալություն, Հակոբ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին ։ Հավելենք, որ մեր երկրի մյուս ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ երկամարտի 374 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ /169+205/ ու դարձել Եվրոպայի փոխչեմպիոն։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ