«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆ
ՍպորտIravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել, Երևանում կայացած սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ արծաթե մեդալ նվաճած սամբիստ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի առաջնության մրցանակակիր ծնունդով Լոռու մարզի Սպիտակ քաղաքից, 23-ամյա ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- Հանդես եկա 71 կգ քաշային կարգում։ Ընդհանուր երեք գոտեմարտ ունեցա։Մեկնարկային գոտեմարտի ժամանակ ձեռքի կոտրող հնարք կիրառեցի ու հաղթեցի ազգությամբ բուլղարացի մրցակցիս, հետո կիսաեզրափակչում հաղթեցի Ուկրաինայի ներկայացուցչին, եզրափակչում, ափսոս, 1։0 հաշվով պարտվեցի ռուս հակառակորդիս։ Պատճառը այն էր, որ այս մրցաշարից ընդամենը մեկ շաբաթ առաջ ոտքի վնասվածք էի ստացել։ Այլապես կարող էի նվաճել նաև ոսկե մեդալ։ Նշեմ, որ այս մրցաշարին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն սամբիստներ, հենց դա էր պատճառը, որ մեր երկրից որևէ ոսկե մեդալ նվաճող մարզիկ չեղավ, այսինքն պատրաստվելու տեղ դեռ ունենք։ Շատ լավ է, որ մեր երկրում կայացավ այս առաջնությունը, և ուրախալի է, որ սամբո մարզաձևն արդեն ընդգրկվել է Օլիմպիական մարզաձևերի շարքում, սակայն այն կլինի 2028 թվականի Օլիմպիական խաղերում միայն, այս տարի փորձնական կլինի։
- Կառլեն, հետաքրքիր է, թե ինչպիսի մարզաձև է սամբոն, ինչ է իրենից ներկայացնում։
- Սամբոն ըմբշամարտի տարբերակ է, ստեղծված ըմբշամարտի ազգային ձևերի, այդ թվում նաև հայկական կոխի արդյունավետ հնարքներից է։ Կանգնած պայքարի ժամանակ մարտիկներին թույլատրվում է ոտքցուկներ, նետումներ կրծքի կամ մեջքի վրայով, հակառակորդին կտրել գետնից կամ փաթաթվել նրան ու կաշկանդել գործողությունները, բռնել ոտքերից։ Պառկած վիճակում կարելի է մրցակցին սեղմած պահել մեջքի վրա, կիրառել ոտքի և ձեռքի ձեռքի հոդերը ցավեցնող հնարքներ։ Մարտը տեղի է ունենում 9 մ տրամագծով գորգի վրա և տևում է 6-8 րոպե, առանց ընդմիջման։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ