ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ ԵՄ-ի համար Հայաստանը դառնում է փորձարկումների դաշտ

01.12.2017 17:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Երբ ԵՄ-ի համար Հայաստանը դառնում է փորձարկումների դաշտ

Մինչ երեկ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցը, դրանից ժամեր առաջ երեւանյան հյուրանոցներից մեկում ակամայից բացահայտում էին, թե ինչ է թաքնված այդ նախագծի տակ:

Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին կոնվենցիան

Եվրամիության ֆինանսավորմամբ՝ տեղի ունեցավ Հայաստանում ընտանեկան բռնությանը բազմաոլորտային արձագանքի տրամադրման առկա պրակտիկայի եւ նախաձեռնությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված որակական հետազոտությունների արդյունքի մասին քննարկում: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ ԵՄ-ի իրակացրած հետազոտության հիմքում ո՛չ ավել, ո՛չ պակաս Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարին ուղղված ուսումնասիրություններ, տեղեկությունների տարածում եւ իրավական աջակցություն իրականացնելն է:

Պարզվում է՝ այս ծրագիրը, որը նախատեսված էր իրականացնել 2017 թվականի փետրվարից մինչեւ դեկտեմբեր, բավական հեռահար նպատակներ ունի, ինչի մասին նրանք պաշտոնապես են նշում. «Հաշվի առնելով, որ Հայաստանը բարեփոխումների փուլում է, եւ գենդերային ոլորտը համարվում է առաջնայիններից մեկը, կարեւոր է գենդերային եւ ընտանեկան բռնությանն ուղղված բազմաոլորտային արդյունավետ արձագանքի ձեւավորումը»: Ու բացի այն, որ ԵՄ-ն որոշել է, այնուամենայնիվ, մեր վզին փաթաթել գենդերիզմը, նաեւ բացահայտում է, թե ինչ էին նախատեսում այս ծրագրի շրջանակում: Առաջին՝ ՀՀ-ում ընտանեկան բռնության վերլուծության եւ ընտանեկան բռնությանը պետության արձագանքի վերաբերյալ ընկալումների որակական հետազոտության միջոցով փաստական հենքի ստեղծում: Երկրորդ՝ առանցքային ոլորտների՝ մասնավորապես հոգեբանասոցիալական բարեկեցության, ոստիկանության, արդարադատության եւ առողջապահության, ազգային շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին տեխնիկական օժանդակության տրամադրում ընտանեկան բռնությանը բազմաոլորտային արձագանքի հասկացության առաջխաղացման, հիմնական ծառայությունների վերաբերյալ ուղեցույցների եւ ստանդարտ գործառնական ընթացակարգերի առումով կարողությունների զարգացման հարցում: Եվ վերջապես՝ լրատվամիջոցների ներգրավման միջոցով աշխատանք` ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային ընկալման համար:

Այնպես որ, այլեւս գաղտնիք չէ, որ ընտանեկան բռնություն եւ գենդերային հավասարություն հասկացությունների հարցում ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ԶԼՄ-ները, ե՛ւ շարքային քաղաքացին, ուղղակիորեն, հայտնվել են Եվրամիության փորձարկումների «լաբորատորիայում», ինչի համար նրանք մեծ ֆինանսավորում են դրել եւ մեր ընկալումները բավական նուրբ խնդիրների վերաբերյալ ստուգելով՝ պարզապես հաճույք են ստանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА