ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրապետության գլխավոր տոնածառի չափսի եւ ձեւի հետ կապված որեւէ փոփոխություններ չեն սպասվում (տեսանյութ)

05.12.2017 14:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության գլխավոր տոնածառի չափսի եւ ձեւի հետ կապված որեւէ փոփոխություններ չեն սպասվում (տեսանյութ)

Այս տարի Երեւանի քաղաքապետարանը ավելի վաղ է սկսել Ամանորի տրամադրություն տալ Երեւանի քաղաքին, այդ մասին այսօր լրագրողների ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ եւ մանրամասնելով շեշտեց, որ ծրագրերի մեկնարկը կտրվի Կարապի լճի սահադաշտի բացումով. «Դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Այնպես որ չմուշկներով սահողների սիրահարները կարող են համենալ: Դեկտեմբերի 10-ից Հյուսիսային պողոտայում արդեն կգործի ավանդական դարձած ծննդյան տոնավաճառը, իսկ արդեն դեկտեմբերի 11-ին կկայանա «Դեպի ապագա» սառցե  ներկայացման պրեմիերան` Իրինա Ռոդնինայի սահադաշտում, որը կգործի ձմռան ամիսներին` ամեն օր»:
Ա. Սուքիասյանը նաեւ տեղեկացրեց, որ Ամանորի հիմնական միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 19-ին` ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ: Իսկ արդեն դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար հանրապետության գլխավոր տոնածառի շուրջ՝ Հանրապետության հրապարակում, կազմակերպվելու է «Նոր տարվա գիշերը» ծրագիրը: Միջոցառումը կուղեկցվի դիսկոտեկով, իսկ ուղիղ կեսգիշերին Նոր տարվա գալուստը կազդարարի տոնական հրավառությունը. «Այս տարի տոնական հիմնական միջոցառումներն ունեն մի շարք առանձնահատկություններ և նորամուծություններ: Մեր համաքաղաքացիների, ինչպես նաև քաղաքի հյուրերի համար այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումներով հագեցած կլինեն նաև հունվարի 1-ը, 2-ը և 3-ը: Ազատության հրապարակում երիտասարդների, մեծերի ու մանուկների համար նախատեսված է հետաքրքիր ծրագիր: Այս տարի տոնական երթուղով կաշխատի «Երևան Սիթի Տուր» ծրագիրը: Այն կգործի դեկտեմբերի 20-ից՝ Հանրապետության հրապարակից», - տեղեկացրեց Ա. Սուքիասյանը ու հավելեց, Հունվարի 6-ը՝ տոնական օրացույցում ևս կառանձնանա: «Սուրբ Ծնունդը Երևանում» Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ կնշվի տոնածիսական համերգային ծրագրով: Տոնական բացօթյա միջոցառումներ կանցկացվեն նաև վարչական բոլոր շրջանների կենտրոնական հատվածներում: Մայրաքաղաքում Ամանորի միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին:

Վարչապետը հյուրընկալել է Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին

Ի դեպ, այս տարի եւս Ամանորի տոնական միջոցառումների համար Երեւանի քաղաքապետարանը նախատեսել է 54 մլն դրամ:
Այս տարի Ամանորի տոնական միջոցառումներին միացել են նաեւ  թանգարանները` Հունվարի 2-7-ը ժամը 11:00- ից մինչեւ 17:00-ն այցելուների համար բաց կլինեն Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպես նաև նախաձեռնությանը միացել են  ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության բազմաթիվ թանգարաններ:

Թեպետ Ա. Սուքիասյանը ասաց, թե որոշակի նոր լուծումներ են սպասում նաև մայրաքաղաքի տոնական ձևավորման մեջ, բայց հանրապետության հրապարակի տոնածառի փոփոխություն չխոստացավ. «Մայր տոնածառի չափսի եւ ձեւի հետ կապված որեւէ փոփոխություն չի կարող լինել, որովհետեւ դա ենթադրում է նոր տոնածառ, որի արժեք չափազանց թանկ է: Անկեղծ ասած փորձ արեցինք մասնավորների հետ աշխատանք տանելու, բայց չգիտեմ, թե այդ ծախսը որքանով արդարացված կլիներ, եթե համայնքային բյուջեից վերցնեինք: Ամեն տարի փորձում ենք տարբեր տեսակի ձեւավորումներով, լուսային մոտեցումներով, տարատեսակ խաղալիքների միջոցով մի քիչ այլընտրանքային դարձնել հանրապետության մայր տոնածառը»,- հավելեց Ա. Սուքիասյանը եւ խորհուրդ տվեց համբերատար սպասել այս տարվա տոնական ձեւավորված Երեւանին եւ նոր անակնկալներին: Միայն հավելեց. «Քանի որ դեղին շան տարի է, ապա քաղաքի ձեւավորման հարցում  մոտեցումը կունենանք դեպի դեղինը, բայց ձեւավորումը կլինի ամենաբազմազան գույներով ու տոնական տրամադրությամբ լեցուն»:

 Իսկ տոնական օրերին քաղաքի կենտրոնում շրջող հարբած Ձմեռ պապիկները այս տարի եւս կվերահսկվեն քաղաքապետարանի կողմից. «Սկսած զգեստից մինչեւ կերպարի մաքուր լինելու գործոնը, անշուշտ մեր առավել ուշադրության կենտրոնում կլինեն, որպեսզի մեր Ձմեռ պապիկները ինչպես հանրապետության հրապարակում, այնպես էլ` ազատության հրապարակում, լինեն իրենց կերպարին բնորոշ», եզրափակեց Ա. Սուքիասյանը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА