ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանի երեք հանրապետությունների գերբերից ամենագրագետ կառուցվածը ՀԽՍՀ-ի գերբն էր»

29.12.2017 14:53 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի երեք հանրապետությունների գերբերից ամենագրագետ կառուցվածը ՀԽՍՀ-ի գերբն էր»

«Նարեկացի» արվեստի միությունում «Արվեստագիտություն» ծրագրի շրջանակում զրույց-քննարկում ծավալվեց «Նիշագիտությունը և նրա զարգացումը» թեմայի շուրջ: ԵՊՀ ուսանող Գոռ Ափիցարյանը, ով տարիներ շարունակ ուսումնասիրում է զինանիշերի նկարագրությունը և պատմությունը՝ հերալդիկան, մասնակիցներին ներկայացրեց նիշագիտության զարգացման ուղին արևմտյան Եվրոպայից մինչև Կիլիկիայի հայկական թագավորություն: Ուշագրավ տեսաշարի միջոցով Գոռը պատմեց զինանշանների ուսումնասիրմամբ զբաղվող այս գիտության, գերբերի ստեղծման կանոնների, ժամանակակից աշխարհում նրանց  դերի մասին՝ որպես օրինակ ներկայացնելով նաև ՀՀ զինանշանը և խոսելով դրա՝ ոչ ճիշտ կառուցվածքի մասին: Գոռի խոսքերով ՀՀ զինանշանը բազմիցս քննադատության է արժանացել նաև միջազգային հանրության կողմից, քանզի այն չի համապատասխանում հերալդիկայի կանոններին նախ և առաջ գույների սխալ համադրության, այնուհետ պատկերված արծվի և առյուծի բերանների փակ լինելու պատճառով։ Զինանշանների պատմության վառ օրինակները վկայում են, որ պատկերված կենդանիների և թռչունների բերանները բաց են՝ հարձակողական, մարտական  ոգով, իսկ մեր արծիվն ու առյուծը զուսպ ու մտախոհ են պատկերված:

«Արեւմտյան Հայաստան».նոր եւ ինքնատիպ ստեղծագործությունն արդեն համացանցում է(Տեսանյութ)

    Հերալդիկան սկիզբ է առել վաղ միջնադարից արևմտյան Եվրոպայում: Երբ սկսվեցին խաչակրած արշավանքները, զրահապատ ասպետներին դժվար էր հանել իրենց սաղավարտները, որպեսզի ցույց տան իրենց դեմքը և այդ պատճառով աստիճանաբար մշակվեց նշանների յուրահատուկ համակարգը: Գերբերը  պատկերվում էին ասպետների վահանների վրա և հնարավորություն էին տալիս մյուսներին ճանաչել, թե ով է գտնվում զրահի տակ: Գերբը առաջացել է գերմաներեն «erbe» բառից, որը նշանակում է ժառանգություն, այդպես է կոչվում զինանշանը հերալդիկայի լեզվով, սկզբում այն եղել է անձնական, այնուհետ ժառանգվելով սերնդեսերունդ՝ դարձել է տոհմական։ Հերալդիկայում կա հատուկ մշակված կանոնակարգ, որն ամագրվել է դարերի ընթացքում: Գերբերում օգտագործվում է երկու մետաղ՝ ոսկի և ածաթ, հինգ էմալ (գույն)՝ կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն և սև: Գույնը գույնի վրա դնել կամ մետաղը մետաղի վրա, արգելվում է, որպեսզի հեռվից հնարավոր լինի տեսնել հստակ պատկերը։

   Գերբերի վրա՝ վահանի մեջ, տառեր կամ բառեր գրելը նույնպես արգելվում է, բառերը գրվում են վահանի տակ դրված նշանաբանի համար նախատեսված ժապավենի վրա։ Նշանաբանը գրվում էր գերբի տիրոջ ցանկացած լեզվով, այն ընդունված էր գրել լատիներեն, սակայն պատահում են նաև հին ռուսերեն, հին ֆրանսերեն և միջին հայերեն։ Հերալդիկան մեծ զարգացում է ունեցել Կիլիկիո  Հայոց թագավորությունում։

 Հերալդիկայի պատմության մեջ հայտնի Կոնրադ Գրյունենբերգի նիշամատյանի ամենահին ձեռագիրը թվագրվում է 1483 թվականին: Այն պարունակում է մոտ 2300 զինանշան, որոնց մեջ հանդիպում են նաև պատմական անձանց՝ Արթուր թագավորի, Հուլիոս Կեսարի, Տրոյայի արքայազն Հեկտորի գերբերը: Զինանշանները համակարգված են ու խմբավորված, առանձնացված են թագավորների, կոմսերի, դուքսերի, ասպետների զինանշանները: Հայկական զինանշանը պատմության տարբեր ժամանակներում տարբեր է եղել: Հին ժամանակներից սկսած հայկական թագավորական ու նախարարական տոհմերն ունեցել են իրենց զինանշանը: Կիլիկյան Հայաստանի Հեթումյանների զինանշանը իրենից ներկայացնում է թագակիր առյուծ։ ՀԽՍՀ-ի զինանշանը հնգաթև աստղ էր՝ մուրճով և մանգաղով, Արարատի ստորոտին պատկերված էր խաղողի վազ, իսկ աջ և ձախ կողմերում՝ ցորենի հասկեր: Եվ վերջապես 1992 թվականին հաստատվեց Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը, որն իր մեջ ներառում է նախորդ զինանշանների հիմնական տարրերը. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորական տների՝ Արշակունիների, Արտաշեսյանների, Ռուբինյանների և Բագրատունիների զինանշանները:

Ինչ է խնդրել Ռուզան Ասատրյանը Ձմեռ պապից

  Ըստ Գոռ Ափիցարյանի, Հայաստանի երեք հանրապետությունների գերբերից ամենագրագետ կառուցվածը ՀԽՍՀ-ի գերբն էր. «Երրորդ հանրապետության գերբը ամենասխալն է։ Առյուծի երախը և արծվի կտուցը փակ են, նրանք գտնվում են «պասիվ» դիրքում, դա խորհրդանշում է թուլություն և համակերպվածություն, բաց երախը ուժի և ախորժակի նշան է։ Երկրորդ սխալը դա վահանի մեջ զետեղված չորս թագավորությունների նշանների սխալ դիրքերում գտնվելն է։ Վահանի կենտրոնում գտնվող Արարատ լեռը նույնպես սխալ է պատկերված՝ ըստ  գույների կանոնի, քանզի Արարատը արծաթագույն  է պատկերված ոսկեգույն դաշտի վրա»։

   Գոռը ներկայացրեց նաև Հայաստանի քաղաքների գերբերը՝ հիմնավորելով դրանց կառուցվածքի սխալ լինելը: Ըստ նրա ամենատարածված սխալը դա վահանի ներսում գրված քաղաքի անունն է, քանզի գերբն այնպիսին պետք է լինի, որ պատկերված նշաններից պարզ լինի արդեն, թե որ քաղաքին է պատկանում։ Նա ինքը պատրաստել է իր հայրենի քաղաքի՝ Վանաձորի գերբը և առաջարկել քաղաքային իշխանություններին փոխարինել առկա՝ սխալ կառուցվածքով գերբն իր առաջարկած տարբերակով, սակայն երիտասարդ ուսանողի առաջարկն  անարձագանք է մնացել:

   Յուրաքանչյուր պետության կարևորագույն խորհրդանիշերից մեկը զինանշանն է: Զինանշանը խորհրդանշական պատկերների համադրություն է, որն արտացոլում է տվյալ ժողովրդի ավանդույթներն ու կարևորագույն արժեքները: Թեպետ հերալդիկայի կանոններով սխալ համադրությամբ և գունապնակով,   այնուամենայնիվ  ճանաչենք և հարգենք մեր երկրի պետական խորհրդանիշը՝ Հայաստանի անկախ հանրապետության զինանշանը:

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА