ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուրք-քրդական հակամարտությունը տարեց տարի դառնում է ավելի արյունալի»

29.12.2017 21:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
«Թուրք-քրդական հակամարտությունը տարեց տարի դառնում է ավելի արյունալի»

Ամփոփելով 2017-ը՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի թուրք-քրդական հարցերով փորձագետ  ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ փաստում է, որ այս տարին թերեւս թուրք-քրդական հակամարտության առումով գերազանցեց 2015 թ.-ին, պարզապես մեկ տարբերությամբ՝այս անգամ հակամարտությունը բացի Թուրքիայի տարածքից, ընդգրկել էր նաեւ Իրաքի եւ Սիրիայի տարածքները. «Ամենադրամատիկ զարգացումները տեղի ունեցան Իրաքի տարածքում: 2017թ.-ի հունվարին թուրքական իշխանությունը Թուրքիայի հարավ-արեւելյան նահանգներում PKK-ի դեմ պայքարում բացահայտ աջակցություն ստացավ Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիից: Հենց Մասուդ Բարզանիի ակտիվ միջնորդությամբ էլ փետրվարին, կարծես թե, մարեց Թուրքիայի ներսում քրդերի ռազմական շարժումը: Սակայն , արդեն մարտ ամսին, Թուրքիայի իշխանության հետ շատ լավ հարաբերությունների մեջ գտնվող Մասուդ Բարզանին ակնարկեց , որ հնարավոր է մոտ ժամանակաշրջանում անցկացնի անկախության հանրաքվե: Այս հայտարարությունը շատ անսպասելի էր Թուրքիայի համար, քանի որ դեռեւս մեկ ամիս առաջ Բարզանիին, ամենաբարձր մակարդակով ընդունել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որտեղ քննարկել էին Իրաքյան Քրդստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաեւ Իրաքյան Քրդստանի նավթի վաճառքի վերաբերյալ հարցեր, որոնք բավականին բարենպաստ էին հենց Իրաքյան Քրդստանի համար: 
Ամեն դեպքում անկախության հանրաքվեի մասին մարտ ամսվա ակնարկին Թուրքիան արձագանքեց սաստողի տոնայնությամբ: Իսկ ահա արդեն հունիսին, պաշտոնական հայտարարությունից հետո, կտրուկ լարվեցին Էրդողանի եւ Բարզանիի հարաբերությունները, ընդհուպ հասնելով անձնական վիրավորանքների»: 

Քաղավիացիան հերքում է այն լուրը, թե իբր «Զվարթնոցում» Կարեն Կարապետյանին մասնավոր ինքնաթիռ է սպասում

Կ. Հովհաննիսյանը հիշեցնում է, որ այս ընդհուր իրավիճակում, Թուրքիան աչքաթող չէր անում նաեւ Սիրիայի քրդերին եւ կարողացավ որոշակի հաջողությունների հասնել այնտեղ բացառապես Ռուսաստանի օգնությամբ. «Սակայն այստեղ նա չգրանցեց այն հաջողությունները, որը ակնկալում էր, քանի որ Սիրիայի քրդերին բացահայտ աջակցում էր ԱՄՆ-ն, քանի որ հենց քրդերի միջոցով էր ԱՄՆ-ն արդյունավետ պայքար մղում ԻՊ-ի դեմ»:

Այնուամենայնիվ , Թուրքիան մինչեւ տարվա կեսը կարողացավ ունենալ դրական դինամիկա քրդական ռազմական ուժերի դեմ պայքարում: Այս մասին շեշտում է թուրք-քրդական հարցերով փորձագետը եւ ընդգծում, որ իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Իրաքյան Քրդստանում պաշտոնապես ընթացք ստացավ անկախության հանրաքվեի քարոզարշավը. «Հենց օգոստոսի վերջերին, Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգում PKK-ի զինյալներին հաջողվեց գրավել թուրքական ռազմաբազա, որը ժամանակավորապես էր տեղակայվել այդ վայրում: Իսկ ահա ողջ սեպտեմբերը Թուրքիան անցկացրեց պայթունների, հարձակումների մեջ: Միայն սեպտեմբեր ամսում թուրքական բանակը կրեց այնքան վնաս, որը կրել է հունվարի-օգոստոս ամիսները միասին վերցրած: Սեպտեմբերի 5-ին զոհվում են թուրքական բանակի երեք կարեւորագույն ֆիգուրներ, որոնք համարվում էին հարավ-արեւելյան նահանգներում թուրքական բանակի, այսպես ասած, հենասյունը»: 

Եզրափակելով թեման՝ Կ. Հովհաննիսյանը գտնում է, որ Թուրքիայիում քրդերի դեմ պայքարը չտվեց ցանկալի արդյունքը նաեւ արեւելյան նահանգներում. «Դրա վառ ապացույցն է նաեւ Վանում իշխող ԱԶԿ-ի գրասենյակների վրա հարձակումը, այնուհետեւ այդ գրասենյակների ժամանակավոր փակումը: Դիտարկելով թուրք-քրդական հակամարտությունը՝ կարող եմ փաստել, որ տարեց տարի այն դառնում է ավելի ընդգրկուն տարածքների եւ ավելի արյունալի բախումների առումով»:

Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը ապատեղեկատվություն է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА