ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նժդեհին վերագրվում են «մեղադրանքներ», որոնք պատմական հիմքեր չունեն». Մ. Հովհաննիսյան

02.02.2018 17:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Նժդեհին վերագրվում են «մեղադրանքներ», որոնք պատմական հիմքեր չունեն». Մ. Հովհաննիսյան

«Ազդակ» լրագրողական ակումբում այսօր կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ անդրադառնալով Գարեգին Նժդեհի անվան շուրջ ստեղծված աղմուկին` ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ գործադիր տնօրեն, պ.գ.թ. ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ընդգծեց, որ Գ. Նժդեհի վերաբերյալ ամբողջ իրականությանը չհամապատասխանող նյութերը, «մեղադրանքները» ոչ ճիշտ պատմական հիմքերի վրա են կառուցված:

Մարգարիտ Եսայանը վարչապետի պաշտոնի՞ է հավակնում

«Ի՞ՆՉ ՖԱՇԻԶՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ  Է ԽՈՍՔԸ, ԵԹԵ ՆԺԴԵՀԻՆ ՉԵՆ ԴԱՏԵԼ ԴՐԱ ՀԱՄԱՐ»

Ըստ Մ. Հովհաննիսյանի` շատ դեպքերում նույնիսկ այն պարզունակ հարցադրման համար, թե իբր Նժդեհը նացիզմի կամ ֆաշիզմի հետեւորդ է, կամ մեղադրվել է, ուղղակի, տարրական, պատմական գիտելիքներ են պետք. «Գարեգին Նժդեհի դատավարության մեղադրանքի մեջ մեկ բառ անգամ չի եղել նացիզմի հետ համագործակցության մասով: Նրան դատել են 1921 թվականին` հակախորհրդային գործունեության համար: Երբ Հայաստանը խորհրդայնացել էր, 1921 թվականին Սյունիքն, ըստ էության, միակն էր մնում այդ ժամանակվա տարածքներից, որը չէր միացվում Արեւելյան Հայաստանին: Եվ, ինչպես գիտեք, Նժդեհը պայքարում էր, ինչպես նաեւ մասնակցում Փետրվարյան ապստամբությանը: Ահա այս գործունեության համար էր նրա դատավարությունը, չնայած`  հարցաքննության մեջ կային կետեր` կապված նացիզմի հետ համագործակցության եւ այլնի վերաբերյալ: Սա, ուղղակի, բավարար է, որպեսզի հարց տրվի` ի՞նչ ֆաշիզմի հետ կապված խնդիրների մասին է խոսքը, եթե Նժդեհին չեն դատել դրա համար»:

«ԻՆՉՈ՞Ւ ՄԵՐ ՈՐՈՇ ՌՈՒՍ «ԿՈԼԵԳԱՆԵՐԻՑ» ՈՉ ՈՔ ՉԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ ԱՅՍ ՄԱՍԻՆ»

«Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ գործադիր տնօրենն անդրադարձավ նաեւ հարցի տրամաբանական կողմին` բերելով կոնկրետ օրինակ. «Եթե մի պահ պատկերացնենք, որ Գարեգին Նժդեհը եղել է նացիզմի կամ ֆաշիզմի մեղադրանքի տակ, ապա ինչո՞ւ է դատավարության ընթացքում Նժդեհին թույլատրվել մի քանի անգամ գալ եւ այցելություններ ունենալ Երեւանում: Եվ ինչո՞ւ  Ստալինի ժամանակվա խիստ գաղտնիության, անվտանգության ծառայությունների այդ աստիճան խորացված համակարգի պայմաններում` հանկարծ Գարեգին Նժդեհի հետ չեն վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվեցին այլ գործիչների հետ: Մասնավորապես` 1942 թվականից Խորհրդային միությունն ուներ իր, այսպես կոչված, ցուցակը, որտեղ արձանագրված էին առանձին վերացման ենթակա հակախորհրդային այն ուժերի ներկայացուցիչները, որոնք խորացված աշխատում էին: Օրինակ, գեներալ Վլասովը եւ այլոք, որոնք ֆաշիզմի շրջանակներում համագործակցում էին ֆաշիստական Գերմանիայի հետ: Մինչդեռ այս ցուցակում Գարեգին Նժդեհի անունը չկար: Ինչո՞ւ մեր որոշ ռուս «կոլեգաներից» ոչ ոք չի բարձրաձայնում այս մասին»:

«Պարզվելու է` նախագծի փոխարեն ունենք մի վինեգրետ, որ չարժի էլ ընդունել»

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻՍՏ

Գարեգին Նժդեհին որոշ ռուս վերլուծաբաններ այսօր անգամ մեղադրում են կոլաբորացիոնիստ լինելու մեջ, ինչի մասին խոսելով` ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենը շեշտեց. «Բավական է տառացիորեն կարդալ, թե ինչ է նշանակում կոլաբորացիոնիստ, որպեսզի հասկանան, որ այն կապ չունի Գարեգին Նժդեհի հետ: Մարդիկ նույնիսկ տեղյակ չեն տերմինի բացատրության մասին: «Կոլաբորացիոնիստ» նշանակում է, որ մի պետության քաղաքացին թշնամական գործունեություն է ծավալում սեփական պետության հանդեպ` թշնամական պետության հետ համագործակցելով: Հարց է առաջանում` արդյոք Խորհրդային միության քաղաքացի էր Գարեգին Նժդեհը: Նրա ձեռբակալության փաստաթղթի մեջ ֆիքսված է, որ նա ձեռբակալվել է, որպես Բուլղարիայի պատկան քաղաքացի: Այսինքն` արդեն իսկ նա իր սեփական հայրենի պետության դեմ քաղաքական կամ որեւէ դավաճանական քայլ չի ձեռնարկել, որովհետեւ նա չի եղել Խորհրդային միության քաղաքացի»:

«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՉԱՐԺԱՆԱՑԱՎ»

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Գարեգին Նժդեհի աճյունը 80-ական թվականներին գաղտնի պայմաններում բերվել է Հայաստան. «Չեմ ուզում կասկածի տակ դնել կամ որեւէ հարց բարձրացնել այն մարդկանց մասին, ովքեր, իսկապես, անձնազոհ այդ քայլը կատարեցին եւ բերեցին նրա դին Հայաստան: Բայց, պատկերացրեք, 80-ականների սկիզբ, անդրոպովյան Խորհրդային միություն, որտեղ ամենուր կային անվտանգության ծառայության աչքերն ու ականջները, եւ հսկողության տակ գտնվող բանտի տարածքի ոչ հեռու հատվածից բերում են Նժդեհի աճյունից մնացած մասերը: Շատ չի խոսվում այս հանգամանքի մասին, բայց ժամանակին բանտում նման կերպ մահացածներն, ուղղակի, անհասցե գերեզմաններ էին ունենում: Այսինքն` նրանց մարմինը ենթակա էր, ուղղակի, ոչնչացման: Բայց Գարեգին Նժդեհի դին նման վերաբերմունքի չարժանացավ բանտում` իրեն թաղողների կողմից»:

«ԽԱՂԱԼ ՈՐՈՇԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ԱՌՆՎԱԶՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԷ»

«Երբ բոլորս նույն բանը չենք հասկանում, ինչ օրենքի մասին կարող է խոսք լինել».աստվածաբան (Տեսանյութ)

Մ. Հովհաննիսյանի կարծիքով` այս ամբողջ շղթան, երբ միացնում ենք, պարզ է դառնում, որ Խորհրդային միության տարիներին, եթե նրան չեն մեղադրել ֆաշիզմի մեջ, այն էլ այն երկրում, որտեղ ամեն ինչում ֆաշիզմի դեմ պայքարի առաջատարի դիրքերում էր փորձում հանդես գալ, հանկարծ հիմա վայ վերլուծաբանների կողմից այս հարցը բարձրացնել, հասարակության շրջանում էլ ինչ-որ քարոզչություն իրականացնել եւ խաղալ որոշակի քաղաքական ուղղությունների վրա` առնվազն բարոյական չէ. «Այնպես որ, լուրջ վերաբերել այդ «մեղադրանքներին»  իմ մասնագիտական տեսակետից` այդքան էլ ճիշտ չէ, պարզապես, պետք է իմանալ նշածս փաստարկները, որպեսզի մարդիկ հասկանան, թե իրականում ինչ խաղ է կատարվում»:

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենի գնահատմամբ` այս ամենը ցույց է տալիս մի պարզ ճշմարտություն, որ ռուսական հանրության շրջանակում փորձ է կատարվում ներկայացնել ի դեմս Գարեգին Նժդեհի` դավաճան հայի կերպար, որը հարվածել է ռուսին թիկունքից. «Եվ այս քողի ներքո ուզում են ցույց տալ, որ տեսեք Հայաստանից պետք է զգույշ լինել, Հայաստանը խոսում է միշտ, որ Ռուսաստանի դաշնակիցն է, բայց հակառակն է տեղի ունեցել եւ այլն: Բայց եթե կան «մեղադրանքներ», եկեք հասկանանք, որ խոսքը Խորհրդային միության քաղաքացու մասին չէ, որը դավաճանել է իր պետությանը, այլ խոսքը մի մարդու մասին է, որին նույն Խորհրդային միությունը չի դատել ֆաշիզմի հետ համագործակցության համապատասխան քրեական օրենսգրքով սահմանված կետերով ու չի մտցրել այն  ցուցակների մեջ, որտեղ առկա էին այն մարդիկ, ովքեր ենթակա էին վերացման»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА