ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՆՉՊԵՍ ԱՊՐՈՒՄ ԷՐ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՖԻԼՄԵՐ ԷՐ ՆԿԱՐՈՒՄ»

06.02.2018 22:30 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԻՆՉՊԵՍ ԱՊՐՈՒՄ ԷՐ,  ԱՅՆՊԵՍ ԷԼ ՖԻԼՄԵՐ ԷՐ ՆԿԱՐՈՒՄ»

Օրերս Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ եւ ցուցահանդեսի բացում` նվիրված ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ հիշատակին: Ցուցահանդեսում ներկայացված են բացառիկ լուսանկարներ, ֆիլմերի ազդագրեր, սցենարներ եւ արխիվային այլ նյութեր: Այն այցելուների առջեւ բաց կլինի ուղիղ մեկ ամիս: Ֆրունզե Դովլաթյանին պատկանող բոլոր  նյութերը թանգարանին նվիրաբերել է ռեժիսորի կինը` ԻՌԵՆ ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆԸ:

«ԼՈՒՐՋ ՖԻԼՄԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Դովլաթյանի ընտանիքի անդամները, ընկերները, ուսանողները, նրա մտերիմները, որոնք հուշեր պատմեցին մեծ արվեստագետի մասին, որից հետո ցուցադրվեց ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի ֆիլմը` նվիրված Ֆ. Դովլաթյանի 90-ամյակին:

 

«ՄԱՐԴ, ՈՐԸ ԿԱՂՆՈՒ ՊԵՍ ԿԱՆԳՆԱԾ Է ՀԱՅ ԿԻՆՈԱՐՎԵՍՏՈՒՄ»

Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ բնութագրմամբ` նա մարդ էր, որը կաղնու պես կանգնած է հայ կինոարվեստում, ում թողած ժառանգությունը պետք է պահպանել մասունքի նման. «Շատերն են փորձել բացահայտել Դովլաթյանի հաջողության գաղտնիքը: Իմ կարծիքով` գաղտնիքներից մեկը նրա` գրականության խորը իմացության մեջ է: Նա կարդացող էր եւ հիմնավորապես գիտեր հայ եւ համաշխարհային գրականությունը, որպես օրինակ հիշեցնեմ նրա կոթողային գործերից մեկը` «Մենավոր ընկուզենին» ֆիլմը: Այնտեղ մի հատված կա, թե ինչպես է նա պարում, բոլորիս վրա ազդել է նրա պարը, որի նկարագրությունը հայտնվեց նաեւ մամուլում: Այդ պարը, մինչեւ ֆիլմը տեսել եմ Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպում եւ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչում»: Նա այնպիսի մտածողություն ուներ, որ վայրկյանների ու կադրի մեջ տալիս էր մեկ ամբողջ պատմություն, զգացողություն եւ տրամադրություն: Եթե հաշվի առնենք այն ժամանակահատվածը, որի մեջ ստեղծագործում էին Դովլաթյանն ու իր սերնդակիցները, նկատի ունեմ բազմաթիվ արգելքները, ապա վստահությամբ կարող ենք ասել, որ այդ ամենի արդյունքում ունեցանք փառահեղ ժառանգություն, որն այսօր երանությամբ ենք հիշում: Շատ չեն այսպիսի մեծությունները, նրանց թողած ահռելի ժառանգությունը հավերժ պետք է պարտավորեցնի մեզ:

Այսօր պետք է փորձենք արժանին մատուցել մեծ արվեստագետի 90-ամյակի առթիվ, հատկապես այժմ, երբ կինոարվեստի հեռանկարների շուրջ մտահոգությունը շատ մեծ է: Վերջին ամիսներին լուրջ քայլեր են արվում նոր շնչառություն հաղորդելու, իսկ մեր ժառանգությունը, որի ականավոր ներկայացուցիչն է Դովլաթյանը, շատ պարտավորեցնող է: Մեր կինոարվեստը պետք է ունենա արժանի հեռանկարներ, վստահաբար դրանք պետք է խարսխվեն այն ցուցանիշների ու պատկառելի ժառանգության վրա, որը ստեղծել է նաեւ Դովլաթյանը»:

Սկսվել է «Օսկարի» համար ֆիլմերի առաջադրման քվեարկությունը

 

«ՆՐԱ ՖԻԼՄԵՐԸ ՏԱՆՋԱՆՔՈՎ ՀԱՍԱԾ ՖԻԼՄԵՐ ԷԻՆ»

Կինոռեժիսորի որդին` ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ, փաստեց. «Նա ինչպես ապրում էր, այնպես էլ իր ֆիլմերն էր նկարահանում: Մարդկանց նկատմամբ նրա վերաբերմունքը շատ բաց էր, հարգում էր մարդկանց, մարդ հասկացողությունը: Հարգում էր նկարահանող խմբին, տեսել եմ նրա վերաբերմունքը կինոհրապարակում դեկորացիա ստեղծողի, օպերատորի ու դերասանի նկատմամբ, եւ հարգանքը փոխադարձ էր, որովհետեւ մեկ թիմ էր: Ազնիվ էր աշխատում եւ նկարահանում ազնիվ կինո, պայքարում էր իր յուրաքանչյուր կադրի համար. նրա ձեռագիրը ազնվությունն էր: Նրա ֆիլմերը տանջանքով հասած ֆիլմեր էին»:

 

«ԴՈՎԼԱԹՅԱՆԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՆԵՏԵՑ ԱՇԽԱՐՀԻՆ ԵՎ...»

Ըստ բանաստեղծ ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄԻ` կյանքում, հատկապես արվեստում  պատահական ոչինչ չի լինում, պատահական չէր նաեւ, որ Համո Բեկնազարյանն առաջինը տեսավ ու նկատեց Ֆրունզե Դովլաթյանին:

«Երբ դպրոցում էի սովորում, որոշեցի ոչ ավել, ոչ պակաս գործ գրել ու ներկայացնել Դովլաթյանին: Տարիների հեռվից վերլուծելով` հասկանում եմ` այն փորձություն էր, որը պետք է հաղթահարեի: Ստեղծագործությունս ներկայացրի Դովլաթյանին, նա վերցրեց ու ասաց, որ անպայման կկարդա: Մեր հաջորդ հանդիպմանը հասկացա, որ նա ամեն ինչ արեց, որպեսզի թեւաթափ չլինեմ: Հետագայում Դովլաթյանի հետ հանդիպեցի, երբ ուսանող էի եւ սովորում էի ԵՊՀ-ում: Ընկերներիցս մեկը, որը ուսանողական խորհրդի անդամ էր, ասաց, թե ուզում են Դովլաթյանին հրավիրել ուսանողների հետ հանդիպման, եւ ինձ խնդրեց, որ Դովլաթյանին ես հրավիրեմ: Ես զանգահարեցի Դովլաթյանին, ասացի հրավերի մասին: Դովլաթյանն ասաց, որ հրավերների քիչ է գնում, սակայն համալսարան կգա, սա ինձ համար իսկապես մեծ տոն էր: Դովլաթյանը համալսարան եկավ Չարենցի կերպարը մարմնավորած դերասան Ազատ Գասպարյանի հետ, եւ ամբողջ համալսարանը լցվեց Դովլաթյանով, ու օրը տոնի վերածվեց: Վերջին անգամ Դովլաթյանի հետ հանդիպեցի պատահական, խանութից դուրս գալուց, բարեւելուց հետո, ասաց` այս ինչ է կատարվում, շրջվեցի դեպի մայթ, տեսա այնտեղ դատարկություն էր: Այդ պահին հասկացա, որ իր ասածի ենթատեքստը վերաբերում էր տվյալ ժամանակաշրջանին, թե ինչ էր կատարվում: Դովլաթյանն այն մարդկանցից էր, որ գիտակցում էր, եթե աշխարհ է եկել, ապա այդ հողի, ժողովրդի, պետականության հանդեպ պարտք ունի կատարելու: Այն, ինչ նա կարողացավ անել իր ֆիլմերով, դուրս է նույնիսկ կինո հասկացություն դաշտից: Ցավոք, մեր ազգը միշտ լինելիության խնդիր է ունեցել, Դովլաթյանը, մարտահրավեր նետելով աշխարհին, ասաց. «Բարեւ, ես եմ»: Նրանք, ովքեր այսօր սովորում են կինոգործը, կարողանան ընկալել այն լույսը, որը գալիս է Դովլաթյանի յուրաքանչյուր կադրից, նրանց կօգնի դեպի բարձունք տանող ճանապարհին: Դովլաթյանն այն քչերից էր, որը կարողացավ ապացուցել, եթե քեզ արվեստագետ ես համարում, ապա մարդուն պետք է ուղեկցես դեպի բարձունք: Այն ժամանակ, երբ Փարաջանովի անունը հիշատակելն անգամ վտանգավոր էր, Դովլաթյանը «Գարուն» ամսագրում հանդես եկավ նրա «Սայաթ-Նովայի» ֆիլմի պաշտպանությամբ: Այն պարզապես հոդված չէր, այլ եղբոր խոսք էր դժվարագույն իրավիճակում հայտնված կինոռեժիսորին: Ինձ համար շատ հուզիչ է, որ Փարաջանովն իր կոլաժներից մեկը նվիրել է Դովլաթյանի հիշատակին, այնտեղ մի խորհրդանշական հրեշտակ կա: Վստահ եմ, որ Փարաջանովից դեպի Դովլաթյան թեւածող այդ հրեշտակը շարունակելու է թեւածել մեր կինոյի դիրքերում»:

Հայտարարվել են տարվա ամենաթերագնահատված ֆիլմերը

 

ԴՈՎԼԱԹՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՖԵԼԻՆԻԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԱԾ ԹԻԿՆՈՑԻՑ

«Կինո» ամսագրի խմբագիր ՌՈԲԵՐՏ ՄԱԹՈՍՅԱՆԸ վերհիշեց, որ 1987 թվականին Թբիլիսիի համամիութենական կինոփառատոնում ներկայացվել էր Դովլաթյանի «Մենավոր ընկուզենին». «Ֆիլմը ցուցադրելուց հետո արձագանքները մեծ էին, ֆիլմում տղամարդու դերը լավագույնս կերտելու համար Արմեն Ջիգարխանյանն արժանացավ մրցանակի: Մինչ այդ լսել էին, որ Փարաջանովը 60-ամյակն իր տանն է նշելու: Գնացինք Փարաջանովի տուն, ընդունելությունը սկսվում էր փողոցում, որտեղ ներկայացված էին նաեւ նրա կոլաժները: Հետաքրքիր պահերից մեկն այն էր, որ Փարաջանովը սնդուկը բացեց, այնտեղից հանեց մի թիկնոց եւ ասաց, թե բանտում այն կարել էր Ֆեդերիկո Ֆելինիի համար, սակայն չի ստացվել, որ հանձնի նրան.«Այս թիկնոցը նվիրում եմ Դովլաթյանին»,- ասաց Փարաջանովը եւ թիկնոցը գցեց Դովլաթյանի ուսերին, իհարկե, Դովլաթյանը հրաժարվեց: Այդ պահին հիշեցի, որ Անգլիայում Իսահակ Նյուտոնի թիկնոցը գցում են Վիկտոր Համաբարձումյանի ուսերին: Հիշարժան դեպք էր, երբ Անրի Վերնոյը եկել էր Հայաստան, եւ Դովլաթյանի մեքենայով գնացել էինք նրան դիմավորելու: Մի քանի տեղեր գնալուց հետո Վերնոյին ու մեզ ընդունեց Վազգեն Վեհափառը, եւ բոլորս միասին մասնակցեցինք Սուրբ Պատարագի: Այնուհետեւ Դովլաթյանի, Անրի Վերնոյի, Խորեն Աբրահամյանի, Կարեն Պողոսյանի հետ գնացինք հաց ուտելու, ռեստորանը հենց եկեղեցու հետեւում էր: Գյումրիից մի երեխայի էին մկրտել, հարազատները եկել էին ռեստորան նշելու, այդ խմբից մեկը մոտեցավ մեզ ու Խորեն Աբրահամյանին հրավիրեց իրենց սեղան, Խորենը չգնաց, այս մարդիկ էլ մեր սեղանը վերցրին ու իրենց սեղանին միացրին: Տեսնել էր պետք, թե ինչ տրամադրություն էր տիրում: Շատ պատմություններ կան, իսկապես երջանիկ եմ, որ Դովլաթյանի հետ առնչվել եմ: Ինչքան կա հայկական կինոն, այնքան էլ կլինի Դովլաթյան կինոբեմադրիչը»:

 

«ԿՈՒՐՍՈՒՄ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՎԱՐԴԱՆՈՒՇՆԵՐ ԷԻՆ` ՏՂԱՆԵՐԸ` ԱՐԿԱԴԻՆԵՐ»

Ֆրունզե Դովլաթյանը ֆիլմեր նկարելուց զատ, կրթել է նաեւ մի ամբողջ սերունդ եւ ունեցած գիտելիքները փոխանցել նրանց: Նրա ուսանողներից է հաղորդավար ԱՐՏՅՈՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որը խոստովանում է, որ ուսանողության տարիներին այն, ինչ սովորել են մեծանուն ռեժիսորից, մինչ օրս նրա անցած ճանապարհի մի մասն է. «Որպես ուսուցիչ խիստ էր, միեւնույն ժամանակ չափազանց բարի: Կուրսում նրա համար բոլոր աղջիկները վարդանուշներ էին, իսկ տղաները` արկադիներ, այսպես էր նա դիմում բոլորին: Ինչին որ հասել եմ, սկիզբը դրվել է հենց այդ տարիներին:16 տարեկան էի, անփորձ մի տղա, բայց Դովլաթյանը որոշեց, որ պետք է խաղամ պիեսում: Նա ինձ վստահեց, եւ ես խաղացի այդ պիեսում, եւ ես շնորհակալ եմ...»:

«Կինոթանգարանով հայկական կինոյի արխիվի վերջին շունչն ենք փրկում»

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА