Երեւանը ղազախ ռեփեր Սկրիպտոնիտի հետ տժժում էր մարզահամերգային համալիրում
Մշակութային
Ղազախ ռեփեր եւ բիթմեյքեր ՍԿՐԻՊՏՈՆԻՏԸ մեծ համերգով հանդես եկավ Երեւանում՝ Մարզահամերգային hամալիրում:
35 -ամյա ռեփերը հայ հանդիսատեսի համար կատարեց արդեն հանրահայտ դարձած իր ռեփերի ողջ «հավաքածուն»: Ի դեպ, կատարումներից մեկի ընթացքում պարզելով Հայաստանի պետական դրոշը, ամբողջ երգը կատարեց Եռագույնը ձեռքում ամուր պահած:
Նշենք, որ թեեւ ղազախ ռեփերը համերգի ընթացքում պարբերաբար բողոքում էր ակուստիկայից, կրկնելով, որ ինքն իրեն չի լսում աղմուկի պատճառով, սակայն շարունակում էր դահլիճը պահել թեժ մթնոլորտում եւ պարեցնել բազմահազարանոց հանդիսատեսին:
Ներկաները պնդում են՝ համալիրում եղել է անտանելի տոթ, որը բացատրվում է հենց բազմահազարանոց հանդիսատեսի ներկայությամբ եւ վատ օդափոխությամբ, այնուհանդերձ, համերգն անցել է բարձր տրամադրությամբ եւ հանդիսատեսի անդադար պարով: Իսկ վերջում, ղազախ ռեփեր Սկրիպտոնիտը հանելով շապիկը, այն նվիրել է հանդիսատեսին` ի նշան հարգանքի եւ երախտիքի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ